Պատերազմի ընթացքում Փաշինյանը «Շիշ բռնողի» եղբորը՝ Նաիրի Սարգսյանին, լիազորել է ձեռք բերել 5մլն ԱՄՆ դոլարի զրահաբաճկոններ, ԱԹՍ-ներ, ջերմատեսիլ նշանառության սարքեր
«Մեդիապորտը» գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնց համաձայն՝ պատերազմի օրերին` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, պետբյուջեից, Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ, կանխիկացվել է շուրջ 5մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ կանխիկացումը կատարվել է հայտնի «Շիշ բռնողի» եղբոր, Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի միջոցով։
Մասնավորապես, Նաիրի Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անունից, կանխիկ վճարման եղանակով ձեռք է բերել 3000 հատ զրահաբաճկոն՝ յուրաքանչյուրը 240 ԱՄՆ դոլար արժողությամբ: Այսինքն, այս նպատակով պետբյուջեից Սարգսյանին կանխիկ տրամադրվել է 720 000 ԱՄՆ դոլար:
Բացի այս, Նաիրի Սարգսյանին Փաշինյանը լիազորել է, որ նա ՀՀ քաղաքացի Սուրեն Վիրաբյանի միջոցով ձեռք բերի 293 հատ ջերմատեսիլ նշանառու Thunder TH35 սարք: Երկրորդ՝ «ԷՅ.Ի.ԱՅ ԳՐՈԻՊ» ՍՊԸ տնօրեն՝ Ալֆրեդ Աբեդի միջոցով լիազորվել է գնել 20 հատ DJI Matrice 300 RTK Drone ԱԹՍ՝ լրացուցիչ հզոր տեսախցիկով և լրացուցիչ մարտկոցով, որից առաջին խմբաքանակը պիտի մատակարարվեր մինչև 2020-ի ավարտը, երկրորդ խմբաքանակը՝ մինչև 2021-ի մարտի 31-ը:
Այնուհետ փաստաթղթում նշվում է, որ ԲՏԱ նախարարությանը հատկացված 1.050.000.0 ԱՄՆ դոլարը 2020-ի հոկտեմբերի 30-ին կանխիկացվել է ԿԲ-ից 1 ԱՄՆ դոլարը 498.1 դրամ փոխարժեքով (ընդամենը՝ 523.005.0 հազար դրամին համարժեք):
Ի դեպ, Նաիրի Սարգսյանի կողմից կամ լիազորմամբ, ձեռք բերված 20 հատ DJI Matrice 300 RTK Drone ԱԹՍ-ի յուրաքանչյուրի դիմաց վճարվել է 27000 ԱՄՆ դոլար՝ լրացուցիչ հզոր տեսախցիկով և լրացուցիչ մարտկոցով: Նախատեսվել է գնել նաև 150 հատ ջերմատեսիլ նշանառու DS-2TR03-50`յուրաքանչյուրը 2000 ԱՄՆ դոլար արժողությամբ, և 150 հատ ջերմատեսիլ նշանառու Thunder TH35՝ յուրաքանչյուրը 1400 ԱՄՆ դոլար արժողությամբ, սակայն պայմանավորված ջերմատեսիլ նշանառու DS-2TR03-50 տեսակի սարքերի բացակայությամբ՝ դրանց փոխարեն ձեռք է բերվել 293 հատ ջերմատեսիլ նշանառու Thunder TH35՝ յուրաքանչյուրը 1502 ԱՄՆ դոլար արժողությամբ, որի արդյունքում առաջացել է 70.000 ԱՄՆ դոլարի տնտեսում:
Թե որքանով են այս սարքերը ՀՀ ռազմական գերատեսչության հավանությանն արժանացել, կամ որքանով են դրանք համապատասխանել ՊՆ կարիքներին, պարզ չէ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ «Հայաստան» հիմնադրամից 500 միլիոն դրամից ավելի գումար է կանխիկ տրվել Եվրոպայից ջերմատեսիլ սարքեր և ԱԹՍ-ներ գնելու համար, ինչի մասին ԲՏԱ-ից չէին ցանկացել գաղտնազերծումներ անել: Ինչ վերաբերում է ՊՆ-ի «կարծիքը հաշվի առնելուն», ապա ամիսներ առաջ մեզ հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը ասել էր, որ նման երևույթ կա նաև տեղական արտադրանք կազմակերպելու դեպքում ևս: Միաժամանակ, դեպքեր են եղել, երբ փորձաքննություն է կատարվել, սակայն արդյունքը բավարար չի եղել, ուստի զինատեսակը կիրառության մեջ չի մտել:
«Բավականին շատ կան, ես հիմա թիվը կոնկրետ չնշեմ: Բայց ոչ թե արդյունքը բավարար չի եղել, այլ այս կամ այն պատճառով մնացել է որպես նմուշ՝ սկսած պահանջարկի նվազումից՝ մինչև ինքնարժեքի բարձրացում, երբ այն ավելի թանկ է, քան, եթե նմանօրինակ բնութագրերով մենք գնենք: Կամ ուղղակի չեն կարողանում արտադրել, քանի որ համապատասխան արտադրական հզորություններ չկան: Մյուս կողմից, եթե վերցնենք, թե վերջին հինգ տարում ինչ ենք մենք արտադրել, ցանկը նայենք, և ինչն է ընդունված զինված ուժերում, որ մենք արտադրում ենք, միանգամից տարբերությունը կտեսնեք»,- մանրամասնել էր Դավթյանը:
44-օրյա պատերազմի օրերին, ամեն օր աշխարհի տարբեր ծայրերից մեր հայրենակիցները հարյուր-հազարավոր քանակության զրահաբաճկոններ, սաղավարտներ, անհրաժեշտ սարքավորումներ, սննդամթերք, հագուստ, դեղորայք և գումար էին ուղարկում՝ որպես օգնություն:
Այդ օրերին շատերին մտահոգող հարցն էր՝ ինչո՞ւ մեր զինվորները չունեին համապատասխան զրահաբաճկոններ, սաղավարտներ, քնապարկեր, այն դեպքում, երբ աշխարհի տարբեր ծայրերից ամեն օր որպես աջակցություն ուղարկում էին մեր հայրենակիցները: Իսկ միգուցե մեր հայրենակիցների կողմից զինվորին, մեր բանակին որպես օգնություն եկած գույքը, այդ թվում՝ զրահաբաճկոննե՞րն են թանկ գներով վաճառել մեր պետությանը և հսկայական եկամուտներ ստացել որոշ մարդիկ:
Իշխանափոխությունից հետո, վստահ ենք, դեռ շատ աղմկահարույց դեպքեր կբացահայտվեն: