Հայկ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան մաքուր նախընտրական գործողությունների պլան. ի՞նչ «դեր» ունի Սուրեն Պապիկյանն այս խաղում

Մայիսի 26-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում պետք է քննարկվեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական փաթեթը, որին խորհրդարանական ընդդիմությունը պատրաստված գնացել էր: Սակայն նիստը սկսվելուց անմիջապես հետո հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը հայտարարել է՝ նիստը հետաձգվում է. կոնկրետ ժամկետ չի նշել (մայիսի 20-ի նիստը ևս հետաձգվել էր):

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տարակուսել է, որ նիստը վերջին րոպեին է չեղարկվում, և այն էլ, երբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այդ պահին ԱԺ շենքում է գտնվել:

Ի դեպ, լրագրողների հետ զրույցում Հայկ Սարգսյանը վստահեցրել է, որ նիստի հետաձգման մասին իրեն ևս ոչ ոք չի տեղեկացրել, և խոստացել է պարզաբանումներ տալ:

Ընդդիմադիր պատգամավորները «բանակից փողով ազատվելու» նախագծի քննարկումը չեղարկելու «ոտքի վրա» կայացված որոշման պատճառի իրենց վարկածն ունեն՝ այն տեխնիկական է: Այսինքն, իշխանական թևը տեսել է, որ ընդդիմադիր պատգամավորների թիվը բավարար է, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն տա ներկայացված օրենսդրական փաթեթին, և նիստը հետաձգվել է:

Կարդացեք նաև

Մեր տեղեկություններով, Սուրեն Պապիկյանը, ով առավոտյան ԱԺ է գնացել նիստին մասնակցելու նպատակով, ևս շահագրգիռ չի եղել, որ այն կայանա՝ թերևս, ունենալով նաև իր պատճառները:

Այլ հարց է, որ շրջանառության մեջ մտած օրենքի նախագծերը եղել են Կառավարության նիստի օրակարգում, հավանության արժանացել, Սուրեն Պապիկյանն էլ այն ներկայացրել է, և անգամ իր ղեկավարած գերատեսչության անունից որոշակի դիրքորոշում հայտնել, փոփոխություններ մտցրել: Այսինքն, մտել է այս քաղաքական կամ Հայկ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան խաղի մեջ՝ փորձելով դրա տրամաբանության մեջ զորակոչի գործընթացին առնչվող խնդիրներ լուծել: Այս ամենի քաղաքական խաղ լինելուն դեռ կանդրադառնանք:

Մեզ հասած տեղեկություններով, Ս.Պապիկյանին ավելի շատ հետաքրքրում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պրակտիկայի և վիճակագրության դեմ պայքարը: Ուստիև Կառավարության վերջին նիստին առարկել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխության փոխարեն՝ «Պաշտպանության մասին» օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ 15 մլն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ՝ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում:

Իհարկե, այստեղ ևս վերապահումներ կարող են լինել, եթե հաշվի առնենք, որ նման քայլի դիմում է նաև պետական պաշտոնյաների մերձակա շրջապատը:

Այս մասին 2024թ. ԱԺ ամբիոնից բաց տեքստով հայտարարել է նախարար Պապիկյանը.

«Այս առումով պետք է լյուստրացիա սկսենք մեր շրջապատում, դիմել եմ նաև վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում: Իմ կարծիքով, պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի, հարազատների զավակները հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից: Այդ երևույթը կա, ցավալի ցուցանիշներ կարող ենք արձանագրել: Պետք է մենք բարոյական հենքի վրա մեզ հետ առերեսվենք, և ինձ համար վատ տենդենցի դեմը վերջապես առնենք»,- շեշտել էր նա:

Իրականում վատ բան չի ասում Պապիկյանը՝ հաշվի առնելով զինված ուժերում մարդկային ռեսուրսի խնդիրը, երբ ժամկետային զինծառայությունը գոյություն ունի և դեռ ունենալու է, և հենց սրանով են պայմանավորված նաև հերթափոխի, զինվորի քնել-չքնելու հետ կապված խնդիրները:

Բայց արդյո՞ք Ս. Պապիկյանը լյուստրացիա արել է՝ պարզելու, թե ո՞ր պաշտոնյաների շրջապատում և հովանավորությամբ է նման բան տեղի ունեցել, քանի՞ տոկոս են կազմում պետական կառավարման համակարգի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցող ՀՀ քաղաքացիությունից ազատվելու դեպքերը՝ որպես պարտադիր զինվորական ծառայությունից խուսափման միջոց:

Մյուս կողմից, կարելի է, չէ՞, միայն այս փոփոխությունն անել, և ոչ թե կրճատված ժամկետ սահմանել և դիմացն էլ միլիոնավոր դրամների պետական վճար սահմանել: Ամեն ինչ էլ կարելի է, ամեն ինչ էլ քննարկելի է, եթե խնդիրը զուտ կամ բացառապես քաղաքական շահերին ծառայության հարց է, կասեի նույնիսկ՝ մեկ անձի քաղաքական հետաքրքրությունների:

Իսկ սա կարելի էր ենթադրել մայիսի 13-ին Հայկ Սարգսյանի՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցից, որտեղ նա հայտնում է, որ դեռ 2024թ. է քննարկվում իր առաջարկած նախագծերի փաթեթը, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով այն ուղարկվել է Կառավարության բոլոր անդամներին դեռ 2024-ի սկզբին:

Ավելին, սոցիալական խտրականության կամ տարբերակման խորացմանը վերաբերող դիտարկմանն իշխանական պատգամավորն ակնարկել է, թե խնդիրն օրենսդրական փաթեթը և դրանում առկա առաջարկները ճիշտ ներկայացնելու մեջ է, պիտի բացատրվի, որ դրանք բխում են ցանկացած քաղաքացու, այդ թվում՝ սոցիալապես անապահովների շահերից, մյուս կողմից էլ՝ նկատել, թե եթե այս տեսանկյունից նայենք՝ ոչ բոլորն իրենց կարող են թույլ տալ Լոնդոնում սովորել:

Մյուս դիտարկմանը, թե մարդիկ խուսափել են բանակից նաև պատերազմի հետ կապված վախից, հիմա, փաստորեն, պետական վճարի դիմաց կրճատված ժամկետով ծառայողը պահեստազորում է հաշվառվելու, Հայկ Սարգսյանն այստեղ էլ հիշել է խաղաղության օրակարգի մասին, որը բացառում է, իբրև թե, պատերազմը: «Մաքուր» նախընտրական օրենսդրական փաթեթ:

Հայկ Սարգսյանը, թերևս, չի լսել իր շեֆի՝ Փաշինյանի խոսքը, որն ասում էր՝ խաղաղության պայմանագիրը չի կարող երաշխավորել, որ խաղաղություն կլինի և Ադրբեջանը պատերազմ չի սկսի:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2023թ. ՔՊ պատգամավորը շրջանառության մեջ էր դրել օրենքի նախագիծ, որով հնարավորություն էր տրվելու 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Այսինքն, զինվորական ծառայության անցնել կամ կրճատված ժամկետով ծառայել՝ ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։

Բայց այս իրողությունը չի խանգարել, որ ՔՊ-ական պատգամավորի նշված օրենսդրական նախաձեռնությունը գործնականում դառնա կիրառելի: Վերջերս «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 71 քաղաքացի վճարել է 15 մլն-ական դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար:

Հ1-ի եթերում մայիսի 13-ին իշխանական պատգամավորը, թերևս, նաև անթույլատրելի թվային տեղեկություններ է հայտնել՝ ցույց տալով, թե քանի տոկոսով ենք համալրում ունենում ցանկացած զորակոչին, կամ քանի տոկոսով է խնդիրը կատարվում՝

-Զորակոչի ենթակա արական սեռի ներկայացուցիչների 20 տոկոսը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից, այսինքն, երբ լրանում է նրանց 18 տարին, նրանք զորակոչի ենթակա չեն, չեն անցնում որևէ հաշվառում,

-արդեն հաշվառվածների մոտ 5 տոկոսը չեն ներկայանում զորակոչի՝ խուսափելով զինծառայությունից,

-50 տոկոսն առողջական խնդիրների պատճառով կամ դրա պատրվակով ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից,

-վերջնարդյունքում բանակ է զորակոչվում զորակոչի ենթականերից 30-40 տոկոսը:

Ինչ վերաբերում է քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն տվող արդեն կիրառության մեջ մտած օրենքին, այս և նոր օրենսդրական փաթեթի համատեքստում էլ ՔՊ-ական Հայկ Սարգսյանը մեկ այլ վիճակագրություն է ներկայացրել՝ մինչ այդ տեղեկացնելով, որ «գործող կարգավորումներով վաղեմության ժամկետը լրանում է 37 տարեկանում», և եթե իր նոր առաջարկն ընդունվի, ապա այս շեմը կմեծանա:

Այնուհետև նա հայտնել է, որ, մասնավորապես, 2023թ. 10.000-ից ավելի հետախուզվող ենք ունեցել՝ զորակոչից խուսափելու հոդվածով, որից 315-ն է հայտնաբերվել կամ ներկայացել, իսկ ազատազրկման դատապարտվել է միայն 1 հոգի: Այսինքն, հայտնաբերվածների կամ ներկայացածների մեծ մասի նկատմամբ քրեական գործերը կարճվել են վաղեմության ժամկետը լրանալու պատճառով կամ գործուն զղջման հիմքով:

Այս դեպքում արդյո՞ք ևս մանիպուլյատիվ չէին որոշակի առումով այն պնդումները, որ գործածության մեջ մտած օրենքը չափազանց անհրաժեշտ է, որով պետական վճարի դիմաց թույլ է տրվում կրճատված ժամկետով ծառայել կամ չծառայել և ազատվել քրեական պատասխանատվությունից:

Ի դեպ, վատ չէր լինի, եթե նույն Հայկ Սարգսյանը մի վիճակագրություն էլ ներկայացներ, թե քանի տոկոս են կազմում առողջական խնդիրների պատճառով կամ այդ պատրվակով ՔՊ-ականների՝ բանակից ազատման դեպքերը, քանի տոկոսն է գիտնական դառնալու պատրվակով ազատվել, քանի տոկոսն է ծառայել և որտե՞ղ, ինչո՞ւ չէ՝ կարող է սկսել իրենից և իր եղբորից:

Դեռ օրենքի ուժ չստացած և Նիկոլ Փաշինյանի հովանավորությամբ և համաձայնությամբ շրջանառության մեջ դրված օրենսդրական փաթեթի հետ կապված՝ սպասենք իրադարձությունների ընթացքին: Այստեղ հետաքրքիր է և՛ ՀՀ պաշտպանության նախարարի պահվածքն ու «կարողությունը», և՛ ՔՊ-ական պատգամավորների, և՛ ընդդիմության: Իսկ մենք էլ մեր հերթին՝ ռիսկերի և վտանգների մասին մասնագիտական ուսումնասիրությունները շարունակելու ենք, երբ անգամ Զինվորական երդում տալու հետ կարգի կամ պահանջների համատեքստում կարող են խնդիրներ առաջանալ:

Տեսանյութեր

Լրահոս