2018-ին պետական դավաճանություն կատարած անձը 2020-ին հայտնվել է պատերազմի դաշտում՝ ինչպե՞ս. ԱԱԾ-ն չի պատասխանել

Ժամանակ առ ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կարծես հասարակությանը «զբաղեցնելու» կամ գուցե այլ նպատակով հանրայնացնում է պետական դավաճանության «մանր» դեպքերը ու դրանց հիմքով հարուցված քրեական գործերի մասին տեղեկությունները:

Մանր դեպքեր ասելով՝ նկատի ունենք, օրինակ, 100-200 դոլարի, մերկ մարդու լուսանկարների դիմաց պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանցումը թշնամուն:

Մինչդեռ պետական դավաճանության համատեքստում շատ ավելի լուրջ հարցեր կան, որոնց մասին անգամ թույլատրելիի սահմանում տեղեկություն պարունակող հաղորդագրություն կամ տեսանյութ չի տարածվում, և տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրի ազգային անվտանգության ծառայությունը կամ խոշոր գործերով բացահայտումներ չի անում, կամ գերադասում է դրանց մասին հանրությանը չտեղեկացնել:

Ըստ այդմ որոշակի ճշգրտումների նպատակով նոյեմբերի 18-ին 168.am հարցում էր ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հիմք ընդունելով ուժային գերատեսչության տարածած որոշ հաղորդագրություններ և տեսանյութեր:

Կարդացեք նաև

Պետական դավաճանության դեպքերի և քր. գործերի մասին ԱԱԾ փետրվարի 17-ի տեսանյութի հետքերով

Խոսքը, մասնավորապես, 2022-ի փետրվարի 17-ին տարածված հաղորդագրության և համապատասխան տեսանյութի մասին է, որտեղ նշված է, որ գործակալական ցանցում ներգրավված ՀՀ քաղաքացիները, իրենց մասնակցությունն ունենալով 44-օրյա պատերազմին, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով մարտի դաշտից նրանց են փոխանցել ռազմական բնագավառի բազմապիսի տեղեկություններ, ինչի արդյունքում պատերազմի թեժ պահերին հակառակորդին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ, ընդհուպ՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։

ԱԱԾ հիշյալ տեսանյութում նշվում է նաև, որ այս հակապետական գործունեության արդյունքում հակառակորդն անօդաչու թռչող սարքերի և հրետանային տարբեր զինատեսակների օգտագործմամբ կատարել է տեղային հստակ խոցումներ՝ շարքից հանելով հայկական զորամիավորումները և խոչընդոտելով նրանց առջև դրված խնդիրների հետագա իրականացումը։

Մեր վերը նշված հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից հայտնել էին հետևյալը.

«Հայտնում ենք, որ 2022 թ. փետրվարի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշված պետական դավաճանության, դրան օժանդակելու և լրտեսություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթից պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու մեղադրանքներով 2022-ի ապրիլի 15-ին ընդհանուր 8 անձանց մասով անջատվել է առանձին վարույթ, նրանց վերաբերյալ քրեական գործի մասը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ քննվող քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է»:

Նոյեմբերի 28-ին էլ 168.am-ը ևս մեկ հարցում էր ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն և խնդրել մանրամասնել՝ ովքե՞ր են այդ 8 անձինք, ի՞նչ հոդվածով են նրանք մեղադրվում:

Դեկտեմբերի 5-ին մեզ ուղարկված գրության մեջ ԱԱԾ-ն նշում է, որ «ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործից պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու մեղադրանքներով ընդհանուր 8 անձանց վերաբերյալ անջատված քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, հետևաբար՝ տվյալ գործով վարույթն իրականացնող մարմինը հանդիսանում է դատարանը, ուստի նշված անձանց վերաբերյալ Ձեր հարցադրումները կարող եք հասցեագրել համապատասխան վարույթն իրականացնող մարմնին»:

2018-ին պետական դավաճանություն կատարած անձը 2020-ին հայտնվել է պատերազմի դաշտում

Պետական դավաճանության հիմքով հարուցված քրեական գործերի մասին ԱԱԾ տարածած նույնաբովանդակ հաղորդագրություններից և տեսանյութերից հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ պետական դավաճանական գործողություն է ծավալել նաև 44-օրյա պատերազմի օրերին «Հայդուկ» ջոկատը ղեկավարած Գարուն Բաբայանը, որը լեգենդար հրամանատար Մուշեղ Բաբայանի (Ջերմուկցի Համո) եղբայրն է:

Նոյեմբերի 18-ին ԱԱԾ-ին ուղարկած մեր գրավոր հարցման մեջ նաև այս առնչությամբ հարց էինք ներառել՝ «Հայդուկ» ջոկատի հրամանատարը որևէ դատաիրավական կարգավիճակ ունի՞, մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞ր հոդվածով: Արդյո՞ք տվյալ անձի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառվել է:

ԱԱԾ-ն մեզ պատասխանել էր, որ հարցման մեջ նշված չէ հրամանատարի անունը, ուստի նույնականացման համար առկա չէ բավարար տվյալ, և այդ հիմքով էլ նշված անձի վերաբերյալ տեղեկություն չեն տրամադրել:

Ի դեպ, ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ մեզ հետաքրքրող անձի մասին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել դեռևս 2021-ի հունիսի 7-ին, որտեղ, մասնավորապես, նշված էր.

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից տրված նոր հանձնարարությունները կատարելու նպատակով, կազմակերպված խմբի անդամներից մեկը, որպես կամավորական ջոկատի հրամանատար, մարտական գործողություններին մասնակցելու պատրվակով, մեկնել է մարտի դաշտ՝ Արցախի Հանրապետության Հադրութի ինքնապաշտպանական շրջան և, օգտվելով ընձեռված հնարավորությունից, մինչև նույն թվականի հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում շարունակել է տեղեկությունների հավաքագրման և դրանք թշնամական պետության հատուկ ծառայություններին փոխանցելու դավաճանական գործելաոճը, որի ընթացքում իր մոտ գտնվող բջջային հեռախոսներով լուսանկարահանել, տեսանկարահանել և տեղեկություններ է փոխանցել թշնամական պետությանը՝ Արցախի և Հայաստանի տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության միջոցների, հրթիռային համակարգերի, զրահատեխնիկայի, մարտական դիրքերի, իրենց և պատերազմին մասնակցած այլ ստորաբաժանումների, զորամասերի, դրանց տեղակայումների և այլնի վերաբերյալ»:

Դատալեքսից էլ տեղեկանում ենք, որ Գարուն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, որ նա «ՀՀ քաղաքացի Գագիկ Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու, կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու եղանակներով 2018թ. ընթացքում կատարել է պետական դավաճանություն` ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
Բացի այդ, ՀՀ քաղաքացի Գարուն Բաբայանը թշնամու կողմն անցնելու լրտեսության օտարերկրյա պետության ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու, կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու եղանակներով 2020թ. ընթացքում կատարել է պետական դավաճանություն` ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության»:

Այսինքն՝ Գարուն Վահակի Բաբայանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր. 299 հոդվածի 1-ին մասով:

Փաստորեն, պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Գարուն Բաբայանը դեռևս 2018-ին պետական դավաճանություն է կատարել, բայց կարողացել է նաև 2020-ին հայտնվել պատերազմի դաշտում, որտեղ զբաղվել է նույն հակապետական գործունեությամբ:

Արդեն նոյեմբերի 28-ին ԱԱԾ ուղարկած մեր երկրորդ հարցմամբ փորձել էինք պարզել՝ «2018-ին կատարած պետական դավաճանությունը պատերազմից հետո՞ է բացահայտվել, եթե այո, ինչո՞ւ միայն 2 տարի անց, եթե նախքան պատերազմն է բացահայտվել, ապա ինչո՞ւ նա չի եղել ԱԱԾ ուշադրության կենտրոնում և կարողացել է մասնակցել 44-օրյա պատերազմին և դավաճանական նույն գործողությունները կատարել»:

ԱԱԾ-ն, ի պատասխան այս հարցադրմանը՝ մեզ, այսպես ասած, ուղղորդել է, խորհուրդ է տվել հարցի պատասխանը ստանալ դատարանից:

«Գարուն Բաբայանի վերաբերյալ քննված քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, հետևաբար տվյալ գործով վարույթն իրականացնող մարմինը հանդիսանում է դատարանը, ուստի նշված անձի վերաբերյալ Ձեր հարցադրումները կարող եք հասցեագրել համապատասխան վարույթն իրականացնող մարմնին»,- պատասխանել են ԱԱԾ-ից:

Մինչդեռ մեր հարցադրումը հստակ էր. Նախաքննական կամ պետական գաղտնիք չէր պարունակում և, ըստ էության, հենց ԱԱԾ լիազորությունների շրջանակում էր:

Այն է՝ Գարուն Բաբայանի՝ 2018-ին կատարած պետական դավաճանությունը ե՞րբ է բացահայտվել, կամ միայն 2 տարի ա՞նց է բացահայտվել, և եթե նախքան պատերազմն է բացահայտվել, ապա ինչո՞ւ նա չի եղել ԱԱԾ ուշադրության կենտրոնում և կարողացել է մասնակցել 44-օրյա պատերազմին և դավաճանական նույն գործողությունները կատարել:

Այսինքն, ԱԱԾ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում են փաստական տվյալներ ձեռք բերվում պետական դավաճանության և դրա մեջ կասկածվողների վերաբերյալ:

Այն, որ ԱԱԾ-ն խուսափել է հստակ պատասխան տալ մեր հարցին, կարո՞ղ ենք ենթադրել, որ առկա է, առնվազն, լիազորությունները ոչ պատշաճ կատարելու փաստ:

Մարտունիի հրամանատարական կետը պետական դավաճանության հետևանքով չի թիրախավորվել

Նոյեմբերի 28-ին ԱԱԾ-ին ուղարկած մեր գրավոր հարցման մեջ կրկնել էինք նախորդ հարցման մեջ ներառված ևս մեկ հարց, այն ևս անպատասխան էր մնացել.

«Հաշվի առնելով ԱԱԾ տեսանյութերում նկարագրված հակապետական գործողությունները և բաց աղբյուրների տարածած տեղեկությունները, ըստ որոնց՝ պատերազմի ժամանակ ԱԹՍ-ի հարվածից զոհվել են լավագույն հրամանատարներից, մասնավորապես, 2020-ի հոկտեմբերի 25-ին ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը: Երկուսն էլ զոհվել են թշնամու թիրախավորած Մարտունիի հրամանատարական կետում:

Այս և այլ դեպքերը արդյո՞ք քննության առարկա են դարձել հարուցված քրեական գործերի շրջանակում, կա՞ն տվյալներ, որ նշված դեպքը հետևանք է թշնամու հետ համագործակցության, ինչի արդյունքում թիրախավորվել է հենց Մարտունու հրամանատարական կետը»:

ԱԱԾ-ն պատասխանել է մեր հարցին:

«ՀՀ քննչական դեպարտամենտում իրականացված քրեական վարույթներով տվյալներ չեն ստացվել պետական դավաճանության կատարելու հետևանքով Արթուր Սարգսյանի և Սերգեյ Շաքարյանի զոհվելու վերաբերյալ»,- նշված է ԱԱԾ գրության մեջ:

Հիշեցնենք, որ նշված անձինք շարքային քաղաքացիներ չէին, այլ 44-օրյա պատերազմում նահատակվածներ՝ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը:

Տեսանյութեր

Լրահոս