Պետական դավաճանության դեպքերի ԱԱԾ-ի հրապարակած թվերը՝ 2023-ին և 2024-ին. Ի՞նչ է փոխվել

Հոկտեմբերի 15-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը 2019-2024թթ. հանցավորության վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է. «2019-2024թթ. բացահայտվել է սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված 86 հանցագործություն, որից պետական դավաճանության 28 դեպք՝ զուգորդված լրտեսությամբ, ինչպես նաև՝ լրտեսության 2 դեպք»:

168.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու, թե պետական դավաճանության նշված 28 դեպքից քանի՞սն է առնչվում 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի հետ, քանի՞սն է տեղի ունեցել դրանից առաջ և հետո: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք, բայց մինչ այդ համեմատության կարգով կներկայացնենք նախորդ տարվա մեր գրավոր հարցումներին ԱԱԾ-ի և Գլխավոր դատախազության տրամադրած տեղեկությունները: Եվ այսպես:

2023 թվականի ապրիլին մեր հարցադրմանը՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում պետական դավաճանության քանի՞ դեպք է բացահայտվել, քանի՞ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ փուլում են դրանք, քանի՞ մեղադրյալ կամ կասկածյալ է եղել, կա, երկրորդ՝ այդ հնարավոր պետական դավաճանություն գործածները կանոնավոր զորքի՞ց են հիմնականում եղել, թե՞ պահեստազորային, կամավորական», ԱԱԾ-ից հայտնել էին. 

Կարդացեք նաև

«2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության դեպքով հարուցվել է 1 քրեական գործ (մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը տեղի ունեցած փաստի առթիվ), որով որպես մեղադրյալ ներգրավվել են 2 անձ: Նշված քրեական գործը հետագայում մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»:

Այնուհետև 2023թ. հոկտեմբերի 12-ին էինք մենք նույն թեմայով հարցում ուղարկել ԱԱԾ՝ պարզելու, թե 2020թ. 44-օրյա պատերազմի համատեքստում, դրանից հետո պետական դավաճանության քանի՞ դեպք է բացահայտվել զինվորականության շրջանում այս պահի դրությամբ, քանի՞ քրեական գործ է հարուցվել, կա՞ն արդյոք գործեր, որոնք կարճվել են նախաքննության ընթացքում:

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից տեղեկացրել էին

«2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում պետական դավաճանության դեպքերով նախաձեռնվել և քննվել է 39 քրեական վարույթ»:

Միաժամանակ 2023թ. հոկտեմբերի 12-ին վերը նշված նույն հարցերն ուղղել էինք ՀՀ գլխավոր դատախազությանը, որտեղից էլ նշել էին. 

«Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությանը հասցեագրված Ձեր՝ 2023թ. հոկտեմբերի 12-ի հարցման 1-ին կետի՝ հայտնում ենք, որ ներկայումս քննվող քրեական վարույթներով հանրային հետապնդումներ են հարուցվել ՀՀ ԶՈՒ ավագ և բարձրագույն սպայական կազմի մի շարք զինծառայողների նկատմամբ: Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ դատախազությունում առկա է 2020-2022թթ. ժամանակահատվածն ընդգրկող ամփոփ տեղեկություն, որի համաձայն՝ 2020-2022թթ. պետական դավաճանության և լրտեսության դեպքերով հարուցվել է 19 քրեական գործ (վարույթ): 44-օրյա պատերազմի ընթացքում կատարված պետական դավաճանության վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննվել է 3 քրեական վարույթ:

Նշված քրեական գործերով (վարույթներով) մինչդատական վարույթների բնականոն ընթացքին չխոչընդոտելու, վարույթի մասնակիցների իրավունքները և իրավաչափ շահերը չվտանգելու նկատառումներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ նախաքննության այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն»:

Այս համատեքստում հիշեցնենք, որ մինչև հիմա հայտնի չէ 2020թ. հոկտեմբերի 8-ին «Փաշինյանին հողեր ծախելու մեջ մեղադրող սպա Ն.Մ.-ի» գործը, որի մասին հաղորդագրություն էր տարածել ԱԱԾ-ն՝ Փաշինյանի համապատասխան ֆեյսբուքյան գրառումից հետո: 2023թ. մեզ միայն ԱԱԾ-ից էր հաջողվել պարզել, որ «նշված քրեական գործը (ըստ մեղադրանքի՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով) 2021թ. մարտի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»:

Ինչ վերաբերում է 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած պետական դավաճանության մեկ այլ դեպքի, որի մասին ԱԱԾ-ն հայտնել էր 2022-ի փետրվարի 17-ին, տարածված հաղորդագրության և տեսանյութի մեջ, նշվում էր.

«Գործակալական ցանցում ներգրավված ՀՀ քաղաքացիները, իրենց մասնակցությունն ունենալով 44-օրյա պատերազմին, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով մարտի դաշտից նրանց են փոխանցել ռազմական բնագավառի բազմապիսի տեղեկություններ, ինչի արդյունքում պատերազմի թեժ պահերին հակառակորդին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ, ընդհուպ՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները»։

ԱԱԾ հիշյալ տեսանյութում նշվում է նաև, որ այս հակապետական գործունեության արդյունքում հակառակորդն անօդաչու թռչող սարքերի և հրետանային տարբեր զինատեսակների օգտագործմամբ կատարել է տեղային հստակ խոցումներ՝ շարքից հանելով հայկական զորամիավորումները և խոչընդոտելով նրանց առջև դրված խնդիրների հետագա իրականացումը։

Ավելի ուշ ԱԱԾ-ից մեզ մանրամասներ էին հայտնել. 

«2022թ. փետրվարի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշված պետական դավաճանության, դրան օժանդակելու և լրտեսություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթից պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու մեղադրանքներով 2022-ի ապրիլի 15-ին ընդհանուր 8 անձանց մասով անջատվել է առանձին վարույթ, նրանց վերաբերյալ քրեական գործի մասը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ քննվող քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է»:

168.am-ը ևս մեկ հարցում էր ուղարկել ԱԱԾ՝ խնդրելով մանրամասնել՝ ովքե՞ր են այդ 8 անձինք, ի՞նչ հոդվածով են նրանք մեղադրվում:

Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ն հայտնել էր. «ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործից պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու մեղադրանքներով ընդհանուր 8 անձանց վերաբերյալ անջատված քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, հետևաբար՝ տվյալ գործով վարույթն իրականացնող մարմինը հանդիսանում է դատարանը, ուստի նշված անձանց վերաբերյալ Ձեր հարցադրումները կարող եք հասցեագրել համապատասխան վարույթն իրականացնող մարմնին»:

Իսկ 168.amգրել էր, որ պետական դավաճանության հիմքով հարուցված քրեական գործերի մասին ԱԱԾ տարածած նույնաբովանդակ հաղորդագրություններից և տեսանյութերից հետո մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ պետական դավաճանական գործողություն է ծավալել նաև 44-օրյա պատերազմի օրերին «Հայդուկ» ջոկատը ղեկավարած Գարուն Բաբայանը, որը լեգենդար հրամանատար Մուշեղ Բաբայանի (Ջերմուկցի Համո) եղբայրն է: Մասնավորապես, 2021-ի հունիսի 7-ին իր տարածած տեսանյութում ԱԱԾ-ն հայտնել էր.

«2020թ. սեպտեմբերի 27-ին, Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից տրված նոր հանձնարարությունները կատարելու նպատակով, կազմակերպված խմբի անդամներից մեկը, որպես կամավորական ջոկատի հրամանատար, մարտական գործողություններին մասնակցելու պատրվակով, մեկնել է մարտի դաշտ՝ Արցախի Հանրապետության Հադրութի ինքնապաշտպանական շրջան և, օգտվելով ընձեռված հնարավորությունից, մինչև նույն թվականի հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում շարունակել է տեղեկությունների հավաքագրման և դրանք թշնամական պետության հատուկ ծառայություններին փոխանցելու դավաճանական գործելաոճը, որի ընթացքում իր մոտ գտնվող բջջային հեռախոսներով լուսանկարահանել, տեսանկարահանել և տեղեկություններ է փոխանցել թշնամական պետությանը՝ Արցախի և Հայաստանի տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության միջոցների, հրթիռային համակարգերի, զրահատեխնիկայի, մարտական դիրքերի, իրենց և պատերազմին մասնակցած այլ ստորաբաժանումների, զորամասերի, դրանց տեղակայումների և այլնի վերաբերյալ:

Արդյունքում, նշված գործողությունները հնարավորություն են տվել թշնամուն տեղորոշել ռազմավարական տեսանկյունից հատուկ կարևորություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի գտնվելու վայրերը և կատարել անվրեպ խոցումներ, նպատակուղղված հարվածներ հասցնել թիրախներին, շարքից հանել հայկական բանակային միավորումները, զինտեխնիկան և կենդանի ուժը, որի հետևանքով էականորեն խաթարվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՀ պաշտպանության բանակի մարտունակությունը, խոչընդոտվել է մարտական խնդիրների հետագա իրագործումը, ստեղծվել են նպաստավոր պայմաններ թշնամական զորքի կողմից հարավային ուղղությունում պաշտպանության գծի ճեղքման և դեպի Արցախի խորքը հետագա առաջխաղացման համար:

Շարունակելով հանցավոր գործողությունները՝ կազմակերպված խմբի անդամներից մեկը, նույն դիտավորությամբ, լուսանկարահանել և ինտերնետային համակցման եղանակով հստակ տեղեկություններ է փոխանցել նաև խորը թիկունքում տեղակայված զենիթահրթիռային համալիրներից մեկի գտնվելու վայրի մասին և այն դարձրել նպատակաուղղված գրոհի թիրախ, որի արդյունքում հնարավորություն է տվել հակառակորդին հարվածային անօդաչու թռչող սարքի կիրառմամբ կանխամտածված կերպով գրոհել թիրախը և ոչնչացնել այն»:

Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզել էինք, որ Գարուն Բաբայանը դեռևս 2018-ին պետական դավաճանություն է կատարել, բայց կարողացել է նաև 2020-ին հայտնվել պատերազմի դաշտում, որտեղ զբաղվել է նույն հակապետական գործունեությամբ:

Այս տարիներին մեզ այդպես էլ չհաջողվեց ԱԱԾ-ից պարզել՝ Գարուն Բաբայանի՝ 2018-ին կատարած պետական դավաճանությունը ե՞րբ է բացահայտվել, կամ միայն 2 տարի ա՞նց է բացահայտվել, և եթե նախքան պատերազմն է բացահայտվել, ապա ինչո՞ւ նա չի եղել ԱԱԾ ուշադրության կենտրոնում և կարողացել է մասնակցել 44-օրյա պատերազմին և դավաճանական նույն գործողությունները կատարել:

Ի դեպ, մեր տեղեկությունն ավելի ուշ տեղադրվել էր նաև «Դատալեքս»-ում, որտեղ տեղեկացվում էր.

«ՀՀ քաղաքացի Գագիկ Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու, կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու եղանակներով 2018թ. ընթացքում կատարել է պետական դավաճանություն` ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
Բացի այդ, ՀՀ քաղաքացի Գարուն Բաբայանը թշնամու կողմն անցնելու լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու, կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու եղանակներով 2020թ. ընթացքում կատարել է պետական դավաճանություն` ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության»,- նշվում էր «Դատալեքս»-ում:

Այսինքն՝ Գարուն Վահակի Բաբայանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր. 299 հոդվածի 1-ին մասով:

Օրերս փորձեցինք դատական այս գործի վերաբերյալ տեղեկություններ ստանալ և հայտնաբերեցինք, որ «Դատալեքս»-ում նախկինում տեղադրված այս տեղեկությունը «փակվել է», և, առհասարակ, այս գործի առնչությամբ ցանկացած ինֆորմացիա որոշել են գաղտնի պահել:

Եթե դատական նիստերը դռնփակ են ընթանում, և այնտեղ ներկայացվող տեղեկությունը որոշել էին փակել, դեռ կարելի էր հասկանալ, բայց երբ արդեն հրապարակված տեղեկությունն են փակում, անհասկանալի է: Գուցե իշխանություններն իր պատճառներն ունի:

Ո՞վ գիտի՝ գուցե 44-օրյայի ժամանակ զոհված հրամանատարներն այս անձի կամ խմբի դավաճանական գործողությունների արդյունքո՞ւմ են թիրախավորվել:

Տեսանյութեր

Լրահոս