Բաժիններ՝

Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ 2026» միջազգային շախմատային մրցաշարը

Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ 2026» միջազգային շախմատային մրցաշարը, որը համախմբել է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից տասին։ Մրցաշարը կազմակերպվել է Հայաստանի Շախմատի ակադեմիայի կողմից՝ «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրի և «Լիդիան Արմենիա» ընկերության հովանավորությամբ։

Մրցաշարին մասնակցում են ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում ընդգրկված գրոսմայստերներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից և Լեհաստանից։ Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 9 խաղափուլով, ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն։ Մրցանակային ֆոնդը գերազանցում է 10 մլն դրամը։

Հայաստանի Շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի խոսքով՝ մրցաշարը ոչ միայն բարձրակարգ մարզական իրադարձություն է, այլև կարևոր քայլ Ջերմուկը միջազգային շախմատային կենտրոն դարձնելու ճանապարհին։

Կարդացեք նաև

«Արդեն երկու տասնամյակ է, ինչ Ջերմուկը հյուրընկալում է շախմատային խոշոր մրցաշարեր։ Մեզ համար կարևոր է, որ քաղաքը ճանաչվի ոչ միայն որպես առողջարանային կենտրոն, այլև որպես շախմատի կարևոր հարթակ»,– նշել է Սմբատ Լպուտյանը։

Մրցաշարը կրում է բժիշկ, հասարակական գործիչ և շախմատի նվիրյալ Ստեփան Ավագյանի անունը, ով երկար տարիներ ղեկավարել է «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրը և մեծ ներդրում ունեցել տարածաշրջանում շախմատի զարգացման գործում։

Ստեփան Ավագյանի որդին՝ Կարեն Ավագյանն, ընդգծել է, որ մրցաշարի գլխավոր նպատակներից մեկն ի սկզբանե եղել է Ջերմուկը շախմատային ավանդույթներով հայտնի քաղաք դարձնելը։

Այս տարի մրցաշարի գլխավոր հովանավորների շարքին միացել է նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի խոսքով՝ նախաձեռնության աջակցությունը համահունչ է ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերին, որոնք միտված են կրթության, գիտության և սպորտի զարգացմանը։

«Շախմատը կարևոր դեր ունի երիտասարդների մտավոր զարգացման գործում։ Ուրախ ենք աջակցել միջազգային նշանակության այս միջոցառմանը, որը նպաստում է ինչպես շախմատի, այնպես էլ Ջերմուկի ճանաչելիության բարձրացմանը»,- նշել է Հայկ Ալոյանը։

 

Մրցաշարի շրջանակում հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Լիդիան Արմենիա»-ի նախաձեռնությամբ  կկազմակերպվի նաև հատուկ շախմատային միջոցառում Ամուլսարի հարակից համայնքների շախմատասեր երեխաների համար։

«Ջերմուկ 2026» միջազգային մրցաշարը կշարունակվի առաջիկա օրերին՝ ներկայացնելով բարձրակարգ մրցակցություն և շախմատային հետաքրքիր պայքարներ աշխարհի առաջատար գրոսմայստերների մասնակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031