ԱՄՆ փոխնախագահը՝ Երևանում. դիվանագիտական ճեղքո՞ւմ, թե՞ աղմկահարույց PR

Փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն աշխատանքային այցով ժամանել էր Երևան, որից հետո՝ մեկնել Բաքու: Սպիտակ տան հաղորդագրությունների համաձայն՝ ուղևորությունը կնպաստի Թրամփի նախաձեռնություններին և TRIPP (Trump Initiative for Peace and Prosperity) միջազգային նախագծի առաջխաղացմանը, որի շուրջ նախնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել անցյալ տարի:

Հիմնավոր ենթադրություն է հնչում, որ Թրամփի և նրա թիմի համար, ովքեր լուրջ խնդիրների են բախվում սեփական տանը, սկզբունքորեն կարևոր է ցույց տալ նախկինում հայտարարված հավակնոտ նախագծերից գոնե մեկի հաջողությունն «արտաքին ուրվագծի վրա»։

Եվ իսկապես, պատշաճ քարոզչական ուղեկցությամբ Ադրբեջանի հիմնական տարածքի, Նախիջևանի ինքնավարության և Թուրքիայի միջև առաջարկվող «Թրամփի ճանապարհը» կարելի էր մեծ շուքով բացել Սպիտակ տան ներկայիս տիրոջ երկրորդ նախագահական ժամկետի ավարտին՝ փորձելով ստեղծել այդ իրադարձության շուրջ համապատասխան քարոզչական աղմուկ։ Եվ ակնհայտորեն պատահական չէ, որ վերջերս հիմնադրված TRIPP Development Company-ի մասնագետները վերջերս կայանեցին Արաքսի ափերին՝ ձեռնամուխ լինելով տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ու զարգացման համար նախատեսված տարածքի հետազոտմանը:

Կարդացեք նաև

Ի դեպ, Վենսի երևանյան հանդիպումն ակնհայտորեն չէր սահմանափակվում «Թրամփի ճանապարհով»։ ՀՀ վարչապետի հետ բանակցություններից հետո ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է Հայաստանի միջուկային էներգետիկայում առաջիկա խոշոր ներդրումների մասին. «Այսօր մենք ստորագրեցինք հայտարարություն, որով ավարտվեցին միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները, որը հայտնի է՝ որպես «123 համաձայնագիր»։ Սա կհարթի ճանապարհը հայկական և ամերիկյան ընկերությունների համար՝ ապագա ծրագրեր իրականացնելու համար։ Սա ներկայացնում է 5 միլիարդ դոլարի նախնական ներդրում, որին կհաջորդի ևս 4 միլիարդ դոլար»։

Վենսի հայտարարած, իր իսկ խոսքով, ԱՄՆ-ի և Հայաստանի համար էներգետիկ կայունության և անվտանգության ապահովման փոխշահավետ ծրագիրը «նշանակում է, որ փոքր մոդուլային ռեակտորները, ամերիկյան տեխնոլոգիաները կբերվեն այստեղ: ԱՄՆ-ը շատ քիչ դեպքերում իր տեխնոլոգիաներն այդքան վստահորեն փոխանցում է այլ երկրներ»։

Տեղին է նշել՝ նախկինում Ռուսաստանը բազմիցս առաջարկել է հայկական իշխանություններին փոխշահավետ համագործակցություն ատոմային էներգետիկայի ոլորտում։ Օրինակ, փետրվարի 6-ին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Մոսկվայում այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրեց Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքի մասին՝ մանրամասն կանգ առնելով Հայաստանում նոր ատոմային Էներգաբլոկների կառուցման հարցի վրա: «Ռոսատոմի» մամուլի հաղորդագրության համաձայն՝ Երևանին առաջարկվում է «համալիր համագործակցություն, որը ներառում է մեծ, միջին կամ փոքր հզորության կայանների կառուցում և հարակից նախագծերի իրականացում, այդ թվում՝ ոչ միջուկային բնույթի»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետին նման առաջարկներ արվել էին 2025 թվականի սեպտեմբերին Մոսկվայում կայացած «համաշխարհային ատոմային շաբաթվա» շրջանակներում։ Մինչև վերջերս Հայաստանի իշխանությունները հստակ պատասխան չէին տալիս՝ միևնույն ժամանակ ակնարկելով իրենց համար ամերիկյան «մոդուլային» տեխնոլոգիաների նախապատվության մասին, ինչը պայմանավորված է ոչ միայն զուտ տնտեսական բնույթի նկատառումներով։

ԱՄՆ-ը արհեստական ինտելեկտի ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությանը՝ Firebird AI նախագծի երկրորդ փուլի իրականացման արտահանման թույլտվություն է տվել, հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարը։ 2025 թվականի նոյեմբերին Firebird AI-ն թույլտվություն ստացավ NVIDIA-ի չիպերով արհեստական ինտելեկտի մեծ տվյալների կենտրոնի կառուցման նախագծի առաջին փուլի համար՝ հայտարարելով 500 միլիոն դոլար նախնական ներդրման մասին։ Ըստ վարչապետի՝ «…առաջին հերթին, սա հիանալի տեխնիկական համաձայնագիր է, որը ԱՄՆ-ը հպարտորեն հաստատել է NVIDIA ընկերության համար: Սա նոր շուկաներ ու աշխատատեղեր է բացում՝ ինչպես ամերիկյան ընկերությունների ու աշխատողների, այնպես էլ՝ Հայաստանի համար։ Խոսքը չիպերի մասին է, որոնց աշխարհի շատ երկրներ հասանելիություն չունի և չեն կարող ունենալ։ Այժմ այդ տեխնոլոգիաները կտեղակայվեն և կգործարկվեն Հայաստանում և արդեն սկսում են տեղակայվել այստեղ»։

Բացի մի շարք բարձր տեխնոլոգիական ուղղությունների զարգացումից, Firebird-ի հովանու ներքո ստեղծվող ենթակառուցվածքը շահագրգիռ խաղացողներին թույլ կտա շահարկել զգալի տեղեկատվական հոսքեր ոչ միայն Կովկասում, այլև Մերձավոր Արևելքում, ինչը փաստացի կչեղարկի 2022 թվականի ապրիլին ստորագրված ռուս-հայկական միջկառավարական համաձայնագիրը՝ տեղեկատվական անվտանգության ապահովման և ոչ միայն դրա ոլորտում համագործակցության վերաբերյալ։

ԱՄՆ հետախուզական կարողությունները կամրապնդվեն նաև ՀՀ վարչապետի կողմից Հայաստանին 11 միլիոն դոլարի V-BAT հետախուզական անօդաչու թռչող սարքերի հաստատված վաճառքի շնորհիվ՝ իհարկե, լավագույն նկատառումներով. «Խաղաղություն ապահովելու լավագույն միջոցն իրական զսպում ստեղծելն է, իսկ զսպում ստեղծելու լավագույն միջոցն աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիաներն ունենալն է»,- ասել է Վենսը՝ հավելելով, որ Վաշինգտոնն ունի նման տեխնոլոգիաներ և մտադիր է զարգացնել պաշտպանական համագործակցությունը Երևանի հետ:

Ընդ որում, անհասկանալի է մնում, թե հատկապես ում «իրապես կզսպի» Երևանն ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների օգնությամբ՝ Սպիտակ տան կողմից ակտիվորեն խրախուսվող ադրբեջանա-թուրքական կոմունիկացիոն նախագծերում Հայաստանի ներգրավման պայմաններում: Կարելի է առանց մեծ դժվարության ենթադրել՝ խոսքը Ռուսաստանի և Իրանի մասին է, որի դեմ թիրախավորում է Պարսից ծոցում Պենտագոնի հարվածային խմբավորումը։ Պակաս կարևոր չէ նաև այն, որ եթե նախկինում արևմտյան ռազմական տեխնոլոգիաների հասանելիությունը ձևականորեն զսպվում էր ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության փաստով, ապա այժմ, ըստ երևույթին, իրավիճակը փոխվել է, ինչը նույնպես վկայում է տարածաշրջանային հաշվեկշիռների որոշակի տեղաշարժերի մասին։

Պակաս կարևոր չէ նաև Թրամփի վարչակազմում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական աճի, էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով տեղակալ Ջեյհոբ Հելբերգի ներկայությունը Վենսի շքախմբում։ Իր հակաչինական տրամադրություններով հայտնի Pax Silica նեոգաղութատիրական նախաձեռնության մշակողներից մեկը նախկինում եղել է Palantir Technologies-ի գլխավոր տնօրեն Ալեքս Կարպի ավագ խորհրդականը: Բաց աղբյուրների համաձայն՝ այս 36-ամյա գործարարը բաժնեմասեր ունի արհեստական ինտելեկտի, պաշտպանության և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող տասնյակ ընկերություններում, որոնց թվում են OpenAI, Anduril Industries, SpaceX, The Boring Company և Neuralink ընկերությունները:

Բնականաբար, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված «նոր աշխարհակարգի» (կամ էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի) հետևորդներին այնքան էլ հետաքրքիր չեն հումանիտար հարցերը, որոնք կարող են ստվերել Վաշինգտոնի՝ Երևանի ու Բաքվի միջև թափ առած երկխոսությունը 2020-2023 թվականների իրադարձությունների արդյունքում «ղարաբաղյան հարցի» մոռացումից հետո: Վենսի ժամանման նախօրեին «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության ներկայացուցիչները վստահություն են հայտնել, որ նա կնպաստի Բաքվում պահվող հայ գերիների վերադարձին և բուն Հայաստանում հոգևորականների հետապնդումների դադարեցմանը: Ի դեպ, ոչ Վենսը, ոչ Փաշինյանն այդ թեմայով հրապարակային հայտարարություններ չհնչեցրեցին, ինչը միանգամայն կանխատեսելի էր։

Վերը նշվեց՝ Երևանից ԱՄՆ փոխնախագահը բանակցությունների համար մեկնել է Բաքու։ Սպիտակ տունն ակտիվորեն առաջ է տանում 1992 թվականի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման չեղարկումը, որը որոշակի խոչընդոտում է երկու երկրների լիաֆորմատ ռազմատեխնիկական համագործակցությանը: Վենսի այցի նախօրեին Կասպից ծովի ափերին տեղի է ունեցել ԱՄՆ Առևտրի պալատի առաքելության 2025 թվականի օգոստոսից ի վեր երկրորդ հանդիպումն առաջատար տեղական ընկերությունների և այլ կառույցների ղեկավարության հետ՝ ներառյալ SOCAR-ը, պետական նավթային հիմնադրամը, PASHA Holding-ը և արտահանման և ներդրումների խթանման գործակալությունը (AZPROMO): Չի բացառվում՝ նրանց խնդրեն հնարավոր ներդրում կատարել TRIPP հիմնադրամում, որի մասին Վենսը հայտարարել է Երևանում, և որտեղ կներգրավվի «մասնավոր կապիտալ» երկաթուղիների և խողովակաշարերի կառուցման համար:

Քանի դեռ լիովին հասկանալի չէ, թե որքան կենսունակ կլինի այդ գաղափարը, Սպիտակ տան մտադրությունների լրջությանը կասկածել պետք չէ։ «Ամերիկացիները ցանկանում են իրենց տակ վերցնել բոլոր առաջատար երկրներին, բոլոր մայրցամաքներին էներգակիրներով ապահովելու բոլոր երթուղիները»,- վերջերս նշել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագական գիտությունների թեկնածու Վահե Դավթյանի գնահատմամբ՝ «TRIPP-ը փաստացի ապահովում է Վաշինգտոնի ներկայությունը Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային միջանցքում, ինչը միաժամանակ թույլ է տալիս լուծել լոգիստիկ, էներգետիկ, հումքային և ռազմաքաղաքական խնդիրների մի ամբողջ համալիր», այդ թվում՝ «Սյունիքի օգտակար հանածոների, այդ թվում՝ ուրանի հանքավայրերի նկատմամբ վերահսկողության սահմանումը»:

ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎ

www.fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

 

Տեսանյութեր

Լրահոս