Շվեյցարիայի հայկական և հայամետ կազմակերպությունների խորհրդի նախագահ Սարգիս Շահինյանն այն կարծիքին է, որ Շվեյցարիան ավելին կարող է անել Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցում, քան հիմա է անում։
Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ԼՂ հակամարտության հարցով խաղաղության համաժողով կազմակերպելու մասին բանաձևի ընդունումից հետո մայիսի 26-ին իր գործունեությունն է մեկնարկել 19 պատգամավորներից բաղկացած «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնության» հանձնախումբը։
168ТV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Միշել Մաթերը նշեց, որ դատապարտում են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. «Մենք այստեղ ենք Հայաստանի ժողովրդին մեր համերաշխությունը հայտնելու, նաև ընդգծելու, որ մենք նույն արժեքներն ենք կիսում, դրանք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, միջազգային իրավունքը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը»: