Գնացի արվեստանոց, տեսա՝ ոչինչ չկա․ 35 տարվա քանդակներից բացի, քանդել էին հատակը, տարել զուգարանակոնքը․ Մկրտիչ Մազմանյան
168TV-ի զրուցակիցը քանդակագործ Մկրտիչ Մազմանյանն է։
Նա հայկական մոդեռնիստական ճարտարապետության խորհրդանիշներից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կամարակապ սրահների հեղինակն է, իրականացրել է նաև Գյումրու օդանավակայանի ինտերիերի ձևավորումը, Երիտասարդական պալատի «Ադամ և Եվա» հսկայածավալ հորինվածքը։

– Քանդակագործություն մուտք եք գործել հետաքրքիր ձևով՝ պատերազմելով սեփական ստվերի դեմ։ Բայց ամեն քանդակագործ նախ նկարիչ է։ Ինչպե՞ս բացահայտվեց նկարելու Ձեր տաղանդը։
– Ճիշտ եք, կռվել եմ ստվերների դեմ, զարմանում էի ստվեր տեսնելիս, իսկ նկարել սկսել եմ 5 տարեկանից։ Կայծակի նման ինձ հարվածեց նկարչության նկատմամբ սերը։ Մեր գյուղում Բենիամին անունով մեկը կար՝ սպիտակ մորուք ուներ, մոտեցա, տեսնեմ՝ նկարիչը նկարում է իրեն։ Զարմացա, թե ինչպես է սպիտակ թղթի վրա սպիտակ մորուք ստացել։ Երբ 13 տարեկանում ընդունվեցի Մերկուրովի անվան նկարչական դպրոց, ուսուցիչս՝ Սեյրան Միրզոյանը, ինձ իրենց տուն հրավիրեց, իր գործերից ցույց տվեց, և ես տեսա այդ նկարը, որը պատճառ դարձավ, որ սկսեմ նկարել։
– Սովորել եք Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա կրթությունը շարունակել Տալինում։ Չնայած հիմա է նորաձև արտերկրում ուսումը շարունակել, բայց այդ տարիներին ինչո՞ւ նման որոշում կայացրեցիք։
– Ուզում էի գնալ Լատվիա, բայց շփոթեցի Ռիգան Տալինի հետ և տոմս գնելով՝ հայտնվեցի Տալինում ու, փառք Աստծո, որովհետև երբ հետագայում ծանոթացա Ռիգայի արվեստագետների հետ, իմ կուրսում էլ կային Լատվիայի քաղաքացիներ, մշակույթն ինձ այնքան էլ դուր չեկավ։ Ուղղակի մերձբալթյան մշակույթն էի սիրում, գնացի, թե չէ հատուկ բան չկար։ Ասեմ Ձեզ, փոշմանել եմ, որ գնացել եմ, որովհետև քանդակագործության ժանրն ահավոր թույլ էր իրենց մոտ։ Բայց ինֆորմացիոն առումով մեծ օգուտներ եմ քաղել։
– Այն քանդակագործները, ովքեր սովորել կամ երկար ժամանակ բնակվել են արտերկրում, ասում են, որ ՀՀ-ում քանդակագործությունը ցածր մակարդակի վրա է մնացել, կարծես 1970-ականների մտածելակերպը լինի։ Դուք այդպես համարո՞ւմ եք։
– Հայաստանում քանդակագործական դպրոցը շատ բարձր էր։ Լավ ուսուցիչները տվել էին լավ ուսանողներ, ովքեր կրկին դարձել էին ուսուցիչներ։ Իմ բախտը բերել է, որ Արտո Չաքմաքչյանի նման ուսուցիչ եմ ունեցել՝ անալիտիկ ուղեղով, նորարար և այլն։ Այսօր չեն երևում, քչերն են այդ մակարդակի վրա։ Բացարձակ ճիշտ չեն դասավանդում։ Սովորեցնում են՝ ինչպես նկարել դասական ձևով, այնինչ, ոչ թե պետք է սովորես այբբենարանը, այլ անհրաժեշտ է սովորել հնարել։ Տեխնիկայով բարձր ենք, բայց հորինվածքային առումով և յուրահատկությամբ՝ ոչ։ Սա բնորոշ է բոլոր երկրներին։ 100 քանդակագործի մեջ կարող են լինել մեկը կամ երկուսը։ Դպրոցներում, ուսումնարաններում, բուհերում պետք է փոխեն ուսուցիչներին։ 30 տարով աշխատող ուսուցիչներ կան։ 30 տարի նույն մարդուն ինչպե՞ս կարելի է լսել։ Ուսանողները փոխվում են, բայց ինքը մնում է, դառնում ուսուցիչ, բայց ոչ հորինվածք սովորեցնող։ Դառնում է մեխնիկական, ոչ ստեղծագործող։
– Ասում եք՝ նորարարական մտածելակերպ ունենա, սակայն մեր հասարակությունն ամեն նորարարություն միանգամից չի ընդունում, քննադատությունների շարք է սկսվում։
– Գրողը, նկարիչը, դերասանը չպետք է իջնի հասարակության մակարդակին, իրենց առջև խնդիր է դրված՝ հասնել առավելագույնին։
Ես ինձ չեմ ների, եթե հետ մնամ աշխարհի լավագույն քանդակագործներից։ Պետք է ձգտեմ բարձրագույնին, իսկ թե ուր կհասնեմ՝ դա ուրիշ բան է։ Վերջերս ներկա էի սիմֆոնիկ համերգի, ամենաբարդ սիմֆոնիաներից մեկն էր և դահլիճը լեփ-լեցուն էր։ 1 ժամ 20 րոպե ոչ մի շշուկ, միայն ես եմ հազացել։ Հավանական է՝ ժամանակավրեպ եզրակցություններ ունենք․ հասարակությունն էլ է բարձրացել։
– Վերջերս Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ․ Անլռելի զանգակատուն» քանդակը տեղադրվեց Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում, քննադատության մեծ ալիք բարձրացավ․ ասում էին՝ այնտեղ Պարույր Սևակ չեն տեսնում։ Հիմա հասարակությունը բարձրացե՞լ է։
– Թոքմաջյանը հրաշալի քանդակագործ է, շատ լավ գործեր ունի, բայց այդ մեկը չի հաջողվել։ Պատճառաբանում է, թե այդպես է տեսել։ Եթե այդպես ես տեսել՝ ապա ինչո՞ւ ես մազ, քիթ, բերան քանդակում, ինչո՞ւ ես ձգտում նմանեցնել Սևակին։ Եթե հորինվածքային ձևով քանդակեիր, ոչ ոք չէր հանդիմանի։ Չհաջողված գործ է․ պետք է ընդունի և ների։ Պատահում է։ Լինում են այդպիսի բաներ, բայց այդ աստիճանի՝ ոչ։ Վերդին ինչքան էլ ուզենա վատ գրի՝ այդ աստիճանի վատ չէր կարող գրել։ Սևակին չէր կարելի այդպես անել։ Եթե անատոմիական մարդ ես քանդակում, բարի եղիր՝ ճշմարտացի արա, նմանեցրու կամ արա լրիվ հորինվածքային։
– Սա՞ է պատճառը՝ երբ կանանց եք քանդակում՝ խեղճերն առանց գլխի են։
– Երբ ինձ մոտ գաղափար է ծնվում, սկսում եմ որոնել այդ գաղափարին համապատասխան միջոց, ձև։ Ձևամտածողությունը շատ կարևոր է։ Քանդակագործությունն արվեստի մեջ ահավոր դժվար ճյուղ է։ Ծավալի հետ գործ ունես։ Մերժում է թատերականություն, փիլիսոփայություն, սիրում է լերկ ծավալ, իսկ իմ կանայք լրիվ ուրիշ գաղափար են։ Խոստովանեմ՝ ամբողջ կյանքս ձգտում եմ հույներին հավասար, այդ որակի ինչ-որ բան ստեղծել, չէ՞ որ հույները գովերգում էին մարդուն։ Ամենաբարձրը մարդն էր՝ մարդ-Աստված։ Կատարյալ ոգին երկրագնդի վրա, որին ես ճանաչում եմ, կինն է։ Գլուխը երկրորդական եմ համարում, դա արձանային անատոմիա է։ Ամենաբարձր գաղափարների կողքին պետք է դնես գեղագիտությունը։ Եթե գեղագիտություն չկա՝ արվեստից զուրկ է։ Այ, Պարույր Սևակի քանդակը արվեստից զուրկ էր։

– Բուն աշխատանքի ժամանակ ի՞նչ եք անում․ բանաստեղծություն, երգ գրո՞ւմ եք, որովհետև շատ քանդակագործներ այդ ժամանակ ստեղծագործում են։
– Ամբողջ կյանքս երաժշտության ներքո եմ աշխատել։ Հիմա աուդիոգրքեր եմ լսում, բայց վերջերս դրանից էլ ձանձրացա։ Ինչ-որ տեղ խանգարում է։ Այն պատկերացումը, որ ես պետք է ունենամ՝ կարդացողի մոտ է լինում, և դա ինձ համար դատարկ ինֆորմացիա է։
Գործեր ունեմ, որ միայն Բախ, Վերդի, Մոցարտ լսելով եմ ստեղծվել։ Դիպլոմային աշխատանք եմ արել Վերդիի «Ռեքվիեմ»-ի ներքո, չնայած ինձ համար ավելի արտահայտիչ էր Մոցարտի «Ռեքվիեմը»։ Ինձ շատ է օգնել Շառլ Ազնավուրի, Պիաֆի, Տերտերյանի երաժշտությունը։ Ազնավուրն այնքան օժտված էր, որ մտքումս ասում էի՝ օժտվի՛ր, ձգտի՛ր, իրեն հասի՛ր։ Եթե ձգտում չկա՝ ավելի լավ է չզբաղվես արվեստով։
– Կորոնավիրուսի ժամանակ Շառլ Ազնավուրի մի քանի արձան եք քանդակել, սակայն ինչո՞ւ դրանցից ոչ մեկն իր տեղը չգտավ Ազնավուրի անվան հրապարակում կամ այլ տեղում։
– Ազնավուրին կիսաաբստրակտ էի արել՝ ո՛չ դեմք ուներ, ո՛չ մարմին, ուղղակի այնպես էի արել, որ ով նայեր՝ մարմնի միջով երկիրը տեսներ։ Իսկ հրապարակում դրված արձանի մասով ասեմ, որ պատվերը եղել էր այնպես, որ պետք է իրեն նման լինի ու ֆիզիկապես ճիշտ լինի։ Իմ արձանները չէին համապատասխանում, բայց պորտրետներս համապատասխանում էին։ Իրենք ապրում են, կարևոր չէ, որ մի տեղ դրվի։ Գուցե օրը գա, որ այլ երկրո՞ւմ դրվի։ Դա աստիճան է, որով պետք է քայլեմ։
– Ձեր շատ քաղաքային արձաններ տեղադրված են այլ երկրներում՝ Լիբանան, ՌԴ, ինչո՞ւ ՀՀ-ում չկան։
– Հայաստանում հսկայածավալ «արձան» ունեմ, որը երբեք չի ծերանում։ Խոսքը «Զվարթնոց» միջազգային օդանավականի կամարակապ սրահների մասին է։ Ինքնատիպ գործ է՝ ալյումին և ապակի, որ 1980 թվականին եմ արել։ Երիտասարդական պալատի զարդաքանդակները, որ կործանվեցին, գնացին։ Կոմիտասի անվան պանթեոնում Սոս Սարգսյանի մահարձանի հեղինակն եմ, և այլն։
Ցավոք, կենտրոնում չունեմ արձաններ, բայց հուսանք՝ կունենամ։ Նոր արձան կա, որ քաղաքում դեռ բնակավայր չունի։ Նկատի ունեմ գրող Կոստան Զարյանի արձանը, որն այս տարի փետրվարի 8-ին՝ նրա ծննդյան օրը, մի քանի օրով տեղադրվեց Աբովյան փողոցում, բայց դա ի վնաս քանդակագործի է, որովհետև, եթե քաղաքում դրվող արձանի հիմքը ճիշտ չէ, կորուստ ունի։ Բայց համաձայնեցի, որ ցուցադրվի, քանի որ Կոստան Զարյանին պաշտում եմ։ Այն լինելու է իր տան մոտ՝ կրկին Աբովյան փողոցում։ Այնպիսի հորինվածք եմ արել, որ չորս կողմից նայվի։
Հիշում եմ՝ 20 տարեկան տղա էի, երբ Չաքմաքչյանը Կոստան Զարյանի դեմքն էր քանդակում, շփվեցի հետը, ջուր բերեցի։ Հետո երբ կարդացի՝ հասկացա, որ հայ գրականությունը միջազգայնացրել է։ Իր «Սպանիա» գրքում այնպիսի վերլուծություններ կան նկարիչների, գրողների, քանդակագործների, ճարտարապետության վերաբերյալ, որ զարմանում ես։ Դա պետք է բոլորը կարդան։
Ասեմ, որ ծրագրել եմ քանդակել այսօրվա ինտելեկտուալ մարդկանց։ Գիտեմ բանաստեղծի, որ ինձ համար ավելի մեծ է, քան շատ մեծեր, որոնց աշխարհը գիտի։ Նրան քչերը գիտեն, բայց առայժմ անուն չեմ տա։ Իր բանաստեղծության ձևը պարտադրում է, որ իր նման մտածեմ։
– Արձանը երբեմն քանդակագործները համեմատում են գինու հետ՝ ասելով՝ որքան հնանում է գինին, այնքան քաղցրանում է, նույնն էլ արձանը՝ հնանալով ավելի է սիրվում։
– Լավ գործերն այդպես են։ Միքելանջելոյի կամ Արտաշես Հովսեփյանի քանդակներն ինչպե՞ս կարող են գինու նման չլինել։ Թամանյանի, Արմեն Տիգրանյանի արձանները գնալով ավելի հզորանում են։
– Ձեր գործերից ո՞րը միշտ արդիական կլինի։
– Դրա շուրջ չեմ մտածել։ Օրինակ, օդանավակայանի կողապատերը միշտ արդիական են։ Ընդհանարպես լավ կարծիքի եմ իմ գործերի մասին։ Տեղ չունեմ պահելու՝ տանն եմ պահում, ամեն օր տեսնում եմ և սկսել եմ ինձ հավանել։ Իրենք ժամանակի քննությունը տվել են։
– Ինչքան գիտեմ՝ Ձեր գործերը երկու անգամ գողացել են։
– Մեկ անգամ ամբողջ 35 տարվա գործերս կործանվեցին, բայց բախտի բերմամբ՝ լավագույնները մնացել են։ 3-4 գործ փշրված էր, բայց հավաքեցի։ Սա 2004թ․։ Երկրորդ անգամ 2 տարի առաջ գողացան իմ էքսպերիմենտալ քանդակները՝ 22 բրոնզե արձան։
– Գողին չգտա՞ք։
– Չէ, հիվանդանոցում սրտի վիրահատության էի ենթարկվել, ընտանիքիս անդամները չէին ասել, որ չվատանամ, հետո կամաց-կամաց ասացին։ Գնացի արվեստանոց՝ տեսա ոչինչ չկա։ Հիմա ֆոտոներով որոշ գործեր վերականգնում եմ, սակայն ունեի մայրիկիս դիմաքանդակը, որը սկզբնական շրջանի գործերից էր և լավն էր, ու այն նույնպես չկա․․․։ Ամեն ինչ տարել էին, նույնիսկ հատակն էին քանդել, տարել, զուգարանակոնքը։ 6-րդ մասիվցիները թող իմանան, թե ի՞նչ են արել, ու ես ձայն չեմ հանել։ Իմ 35 տարվա ավյունով շրջանի գործերն այդպես կործանվեցին։

– Ձեզ վնասելու համա՞ր են տարել, ի՞նչ եք կարծում։
– Նաև դրա համար, որովհետև կար մեկը, ով ուզում էր արվեստանոցը գնել, իսկ ես չէի վաճառում։ Հավանական է՝ իր ձեռքի գործն է, բայց հստակ չգիտեմ։
– Այդքան աշխատանք կորցնելուց հետո ինչպե՞ս կարողացաք ուժ հավաքել՝ կրկին ստեղծագործելու համար։
– Եթե կա ստեղծագործելու կիրքը՝ չես կարող դադարել։ Ինչպե՞ս կարող ես չաշխատել։ 81 տարեկան եմ՝ ամեն օր աշխատում եմ:
– Կարո՞ղ ենք ասել, որ հասցրել եք ամեն ինչ քանդակել։
– Ոչ, ինչպե՞ս կարող ես ասել՝ ամեն ինչ քանդակել ես, երբ անընդհատ զարգացման մեջ ես, աճում ես։ Այս տարիքում դեռ ձգտում ունեմ, ապագայի մասին եմ մտածում, թե ինչեր կարող եմ անել։ Ճիշտ մշակույթն այդպիսին է՝ կանգնել չգիտի, պետք է գնա առաջ, փոխվի ժամանակին։ Քանդակագործությունը գիտություն է, ուղղակի մի քիչ դժվար ընթեռնելի։
– Ոչ միայն Նկարիչների միության, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ եք։ Ի՞նչ հնարավորություն է այն տալիս։
– Ոչ մի՝ երբ քո բնույթով աշխատող ես, հասկանում ես արվեստի անսահմանությունը։ Թե՛ սա, թե՛ մեդալները ոչինչ չեն տալիս, գուցե շատերի համար էլ վատ են, փչացնում են։ Սկսում են հավատալ, որ այդպիսին են։ Այնքան մեդալ տվեցին, որ հանճարեղ Սարյանը դադարեց հանճարեղ լինելուց։ Ազնավուրին մեդալ տվե՞լ են։ Նրա որ տարիքի գործն էլ վերցնեք՝ մեծագույն ստեղծագործություն է։



