«Ամանորից առաջ ինքս գնացի ու քանդակը բերեցի… Աշակերտներն ու ուսուցիչները ձեռքերով պահել էին, չէին թողնում». Լևոն Թոքմաջյան

Նախորդ տարվա վերջին ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի կողմից քանդակված և Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում տեղադրված Պարյուր Սևակի քանդակը մեծ աղմուկ էր բարձրացրել։

Քանդակը տեղի բնակչության կողմից չէր ընդունվել, ուստի բնակիչները պահանջել էին հեռացնել այն դպրոցի բակից՝ ասելով, որ քանդակը չի արտացոլում Պարույր Սևակին։ Զանգակատուն համայնքում հարցում էր կատարվել բնակչության շրջանում, բնակիչների մեծ մասը՝ 79,9%-ը, կողմ էր արտահայտվել, որ քանդակը հանվի։

Զանգակատան միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկազն Ադամյանը 168.amին տեղեկացրեց, որ քանդակը դպրոցի բակից արդեն տարել են։

«Դեկտեմբերին տեղի ունեցած այդ աղմուկից հետո քանդակագործը եկավ և իր քանդակը տարավ, հիմա չգիտենք՝ ինչ կլինի։ Որևէ խոսակցություն չկա, որ այդ քանդակի փոխարեն այլ քանդակ կարող են բերել։ Դե, մեր համայնքն ինչպես որոշել էր, այդպես էլ եղավ, քանդակը տանելուց հետո կրքերը հանդարտվել են։

Կարդացեք նաև

Մենք կուզեինք, որ դպրոցի բակում դրվեր այնպիսի քանդակ, որն իսկապես կարտացոլեր Սևակին այնպես, ինչպես նա կա իր լուսանկարներում»,-168.am-ի հետ զրույցում ասաց Հայկազն Ադամյանը։

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանից հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ է տեղափոխել քանդակը և արդյո՞ք պատրաստվում է նոր քանդակ անել՝ հնի փոխարեն։

«Գիտեք, այդ քանդակի շուրջ շատ հետաքրքիր զարգացումներ եղան, օրինակ, ես որքա՞ն ջանք պետք է գործադրեի, որ քանդակի շուրջ այդքան մեծ հետաքրքություն առաջանար։ Չեք պատկերացնի, հիմա բոլորն ինձանից հետաքրքրվում են, թե որտեղ է քանդակը, որովհետև ուզում են գնալ ու տեսնել։

Ասեմ՝ Ամանորից առաջ ինքս գնացի ու այդ քանդակը բերեցի, մինչև եղանակի վատթարացումը, որոշեցի, որ առաջին քայլը ես պետք է անեմ։ Թող իրենք փոշմանեն, դպրոցը կյանքում նման քանդակ չի ունենա։ Երբ գնացի Զանգակատան դպրոց, աշակերտներն ու ուսուցիչները դուրս եկան, քանդակը ձեռքով պահեցին, ասացին՝ չենք ուզում քանդակը տանեք։ Ես իրենց խոստացա ու ասացի, որ որոշ շտկումներ ունեմ, պետք է անեմ, իմ արվեստանոցում չէի նկատել, երբ բերեցի այստեղ՝ նկատեցի։ Դե, բնական է, արվեստանոցում միջավայրն այլ է ու այլ կերպ է քանդակը նայվում։ Նրանց խոստացա, որ շտկումներ անելուց հետո՝ կվերադարձնեմ։ Երբ քանդակը բերեցի, մի մարդ, առայժմ անունը չեմ տա, վերցրեց քանդակն իր մոտ, այն այժմ գտնվում է Աջափնյակի տարածքում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Թոքմաջյանը։

Քանդակագործի խոսքով՝ քանդակը ցելոֆանով փաթաթել են ու ապահով տարածքում դրել, եղանակը տաքանալուն պես կգնա ու քանդակի վրա որոշ աշխատանքներ կտանի, հետո կտեսնի, թե ինչ կլինի քանդակի վերջնական ճակատագիրը։

«Հիմա ես այդ նույն քանդակի էսքիզն եմ անում՝ ինչպես ասում են՝ մակետը, ուզում եմ ինձ ստուգել, արդյո՞ք այդքան աղմուկը տեղին էր, թե՞ անտեղի, կարծում եմ՝ տեղին չէր, այստեղ ավելի շատ քանդակի գաղափարի պահն էր։ Ես որոշել էի Սևակին շատ նման մի պորտրետ անեի, երբ արեցի ու նայեցի, անմիջապես քանդեցի, որովհետև իմ ուզածը դա չէր։ Նմանության հարցը խնդիր չէ, Սևակին այդքան դժվար չէ քանդակել՝ հաստ շրթունքներ, փարթամ գանգուր մազեր, բայց իմ խնդիրը սա ներկայացնելը չէր, այլ որ այդ բոլորը միջոց դառնար ինձ համար, որպեսզի միտքս արտահայտեի այդ քանդակում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Շարունակելով, Լևոն Քոքմաջյանն ասաց՝ Սևակի քանդակն իր ստեղծագործական աշխատանքն է, չի հրաժարվում, քանդակելուց հետո շատերն են զանգահարել իրեն ու խնդրել տալ իրենց՝ մի տարածքում տեղադրելու համար։

«Հիմա ես ոգևորված նորովի եմ մոտենում այս քանդակին»,- ընդգծեց Լևոն Թոքմաջյանը։

Տեսանյութեր

Լրահոս