Խաղաղարար մեխանի՞զմ, թե՞ քաղաքական ազդակ. Թրամփը «Խաղաղության խորհրդին» փորձում է լեգիտիմություն հաղորդել նաև Երևան-Բաքու գործընթացի միջոցով

Ժամեր առաջ Վաշինգտոնում տեղի ունեցավ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը, որին մասնակցեցին Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը, Հաքան Ֆիդանն ու հարթակի այլ անդամ պետություններից ներկայացուցիչներ: Հերթական անգամ այն ներկայացվեց՝ որպես նոր գլոբալ մեխանիզմ՝ ուղղված հակամարտությունների կարգավորմանը։ Սակայն միջազգային հարաբերությունների տեսանկյունից հարցը հստակ չէ, թե արդյոք ականատես ենք նոր խաղաղարար ինստիտուտի ծննդի՞ն, թե՞ ամերիկյան ուժային դիվանագիտության փաթեթավորմանը։

Թրամփի ելույթի առանցքային բանաձևն էր՝ «խաղաղություն՝ ուժի միջոցով», որն ըստ էության բացահայտում է նախաձեռնության էությունը։ Սա դասական լիբերալ խաղաղարար մոտեցում չէ, որտեղ առաջնային են բազմակողմ համաձայնությունները և իրավական ինստիտուտները։ Այստեղ խաղաղությունը ներկայացվում է որպես ուժային հավասարակշռության արդյունք՝ բանակցային սեղանի շուրջ առավելություն ապահովելու միջոցով։ Այս մոտեցումը նոր չէ ամերիկյան քաղաքական ավանդույթներում, սակայն փոխվում է ձևաչափը․ փորձ է արվում ստեղծել առանձին հարթակ, որը կգործի ավելի արագ և ճկուն, քան ավանդական միջազգային կառույցները՝ բարձրացնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական հեղինակությունը:

Այս փուլում «Խաղաղության խորհուրդը» առավելապես քաղաքական նախաձեռնություն է, քան ինստիտուցիոնալացված կառույց։ Այն չունի հաստատված իրավական կարգավիճակ, պարտադիր որոշումների մեխանիզմ և ֆինանսավորման հստակ համակարգ։

Ըստ մի շարք միջազգայնագետների, այս հարթակով ԱՄՆ-ը փորձում է վերակենտրոնացնել բանակցային գործընթացները Վաշինգտոնում՝ հատկապես այն պայմաններում, երբ այլ ուժային կենտրոններ ակտիվացրել են միջնորդական նախաձեռնությունները։ Բացի այդ, աշխարհաքաղաքական ներկայիս բուռն զարգացումների կոնտեքստում ավանդական կառույցները հաճախ քննադատվում են անարդյունավետության համար, իսկ նոր ձևաչափը ներկայացվում է որպես ավելի արագ որոշումներ կայացնելու գործիք։ Ոչ պակաս կարևոր է նաև այս հարթակի ստեղծման գործում ներքաղաքական հաշվարկը. այս նախաձեռնությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ նախագահը ոչ թե կոշտ քաղաքականություն է վարում, այլ «կարգավորում է» գլոբալ ճգնաժամերը։ Սա հատկապես ակտուալ է Թրամփի նախընտրական խոստումների և պատերազմները դադարեցնելու խոստումների ֆոնին:

Կարդացեք նաև

Ռուս վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ ներկայումս սա առավելապես քաղաքական ազդակ է, քան համակարգային խաղաղարար մեխանիզմ։ Նրա խոսքով՝ իրական խաղաղարար հարթակ դառնալու համար անհրաժեշտ է ունենալ երկրների լայն ներկայացվածություն, լեգիտիմություն, ձևավորել վստահություն, որ հարթակը չի ծառայում միայն մեկ պետության ռազմավարական շահերին։ Առանց այս բաղադրիչների, ըստ վերլուծաբանի, նախաձեռնությունը կմնա քաղաքական նախագծի մակարդակում։

«Շատ կարևոր է այս հարթակի ընթացքն ու ապագա արդյունքները: Եթե խորհուրդը կարողանա առաջիկայում ապահովել թեկուզ մեկ կոնկրետ կարգավորում, ապա այն կստանա իրական լեգիտիմություն։ Թերևս, պատահական չէ, որ ԱՄՆ նախագահն այս նախաձեռնության շրջանակում անընդհատ խոսում է Երևան-Բաքու հարաբերությունները կարգավորելու մասին, ըստ էության փորձելով համապատասխան վերաբերմունք, լեգիտիմություն ստեղծել իր այս նոր առաքելության և հարթակի համար: Բնականաբար, եթե հայտարարություններից բացի, արդյունքներ չլինեն, միջազգային հետաքրքրությունը կնվազի, և ձևաչափը կդառնա արհեստական միավորում, որը ժամանակ առ ժամանակ հավաքվում է։

Եթե ԱՄՆ-ը կարողանա այս խորհուրդը վերածել պարբերական և ազդեցիկ ձևաչափի, այն կարող է դառնալ այլընտրանքային բանակցային կենտրոն՝ մրցակցելով ավանդական կառույցների հետ։ Սա այս հարթակի զարգացման սցենարներից մեկն է, ըստ էության, լավագույնը, որի հարցում ես կասկածներ ունեմ: Այնուամենայնիվ, Վաշինգտոնում տեղի ունեցած առաջին նիստը դեռևս չի ապացուցում, որ «Խաղաղության խորհուրդն» իրական խաղաղարար ինստիտուտ է։ Այն առավելապես քաղաքական նախաձեռնություն է ԱՄՆ նախագահ Թրամփի ոճով հակամարտությունները քննարկելու և համաձայնություններ ձեռք բերելու համար»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ ավելացնելով, որ միջազգային հարաբերություններում հաճախ հարթակները ձևավորվում են՝ որպես քաղաքական ազդակ, և միայն հետո՝ ինստիտուցիոնալացվում։

Ուստի, նրա խոսքով, նախաձեռնության ապագան կախված է ոչ թե հռետորաբանությունից, այլ չափելի արդյունքներից։

«Այս պահին դեռևս հնարավոր չէ հստակ եզրակացություններ անել: Սա կարող է դառնալ խաղաղարար հարթակ միայն այն դեպքում, եթե կարողանա ստեղծել իրական արդյունք և վստահություն։ Հարթակի առաջին նիստը չտվեց որևէ հարցի պատասխան, ավելին՝ ԱՄՆ շատ դաշնակիցների բացակայությունն այս հարթակից ևս կասկածելի է, ինչը նշանակում է, որ այդ հարթակի ու Թրամփի քաղաքականության նկատմամբ լայնամասշտաբ վստահություն չկա»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս