«Կառավարությունը գյուղացու տեղը չգիտի. խաղողագործը կրկին կանգնած է «հին տաշտակի առաջ». Արտակ Սարգսյան
Երեկվանից մի խումբ խաղողագործներ մտել են դաշտեր ու սկսել են գարնանային աշխատանքները։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս խաղողագործների համար կան բազմաթիվ խնդիրներ, ավելին՝ այդ խնդիրները չլուծելու հետևանքով տարեցտարի ավելի են շատանում ու բարդանում։
«Հայաստանի խաղողագործների միության» նախագահ Արտակ Սարգսյանի խոսքով՝ այս տարի միակ բանը, որ խաղողագործների սրտով է՝ եղանակն է։ Տեղումներ շատ են եղել, ինչը գյուղատնտեսության, հատկապես՝ խաղողագործության համար կարևոր է։
«Ձմեռը երկարում է, բայց գարունն էլ ավելի ապահով է լինում, քանի որ գարնան երկար ցիկլը կարևոր է, որպեսզի վաղ գարնանային ցրտահարություններ չլինեն։
Մենք պարբերաբար բարձրաձայնում ենք ոլորտի խնդիրները, ընդհանուր ինչ խնդիրներ ունեինք՝ նույնն են մնացել, ոչ մի բան չի փոխվել։ Գիտեք, խաղողի ինքնարժեքը բարձր է, բանվորական ուժից մինչև վառելանյութ ու բուժանյութ՝ խնդիր է։ Առաջինը բանվորական ուժ գտնելն է խնդիր, մարդ չկա, որովհետև մարդիկ հողի հետ չեն կապվել, ձեռնտու չէ, աշխատանքն էլ ծանր է։ Հին սերնդից բացի, բոլորը չեն ուզում հողով զբաղվեն, գյուղատնտեսությամբ չեն հետաքրքրվում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արտակ Սարգսյանը։
Խնդիրներից մեկն էլ, ըստ մեր զրուցակցի՝ վերաբերում է պետության կողմից սուբսիդավորմանը, որը նախկինում թեկուզ վարկի, կամ որոշակի ծրագրերի տեսքով լինում էր՝ օգնում էր խաղողագործին։ Այժմ այդ ծրագրերը կան, բյուջեից գումարը դուրս են գրում, բայց այն խաղողագործները, որոնք, օրինակ, մշակում են 1,5-2 հեկտար խաղողի այգի, չեն կարողանում դրանցից օգտվել։
«Բոլոր ծրագրերը, որոնք կան և ներկայացվում են Էկոնոմիկայի նախարարության կողմից, բոլորը խոշոր բիզնեսի համար են, ոչ միջին ու փոքր։
Ի դեպ, այս ծրագրերից գյուղացին անտեղյակ է, եթե մոնիթորինգ անցկացնեք, կտեսնեք։ Գյուղացին, ով հանգիստ աշխատում է իր օրվա հացը վաստակելու համար, ոչ մի ծրագրից չի օգտվում, դրանք գյուղացուն անհասանելի են։ Այն նախապայմանները, որոնք այս ծրագրերն առաջ չեն քաշում՝ գյուղացին չի կարողանում ապահովել։
Շատ չերկարացնեմ՝ միջին ու միջինից ցածր խաղողագործը կրկին կանգնած է «հին տաշտակի առաջ»»,- հավելեց Արտակ Սարգսյանը։
Նրա դիտարկմամբ՝ ինչ-որ առումով գնում է նաև խոշորացման ծրագիր, և չի բացառվում, որ գա ժամանակ, երբ միջին ու փոքր խաղողագործներն առհասարակ խաղողի մշակմամբ չզբաղվեն, որովհետև խոշորների հետ չեն կարողանալու մրցել։ Կա վառելիքի ու գյուղատնտեսական տեխնիկայի խնդիր, ճիշտ է՝ տեխնիկան ինչ-որ չափով թարմացրել են, սակայն թարմացմանը զուգահեռ՝ թանկացրել են։
«Այս ամենով հանդերձ՝ ի դժբախտություն խաղողագործների, խաղողի գինը մնաց նույնը։ 27 տարի է՝ սպասում եմ, որ խաղողի ինքնարժեքը ցածր լինի, գինը՝ բարձր, որպեսզի մենք կարողանանք եկամուտներ ապահովել և այս ոլորտը զարգացնենք։ Խաղողի գինը, ինչպես գիտեք՝ վերջին 10 տարում նույնն է։
Մեր Կառավարությունն էլ գյուղացու տեղը չգիտի, պետք է կանգնեն գյուղացու կողքին, նրա տեղն իմանան, ոտք դնեն այն հողի վրա, որը գյուղացին մշակում է։
Ես երեկվանցի արդեն մտել եմ խաղողի այգի, երբ տեսնում ենք, որ «հողը ոտք չի բռնում», այսինքն՝ մտնում ենք հող ու չենք ցեխոտվում, սկսում ենք աշխատանքները»,- շեշտեց «Հայաստանի խաղողագործների միության» նախագահը։
Շարունակելով միտքը, Արտակ Սարգսյանն ասաց՝ կառավարությունը պետք է իր ծրագրերն այնպես իրականացնի, որպեսզի դրանից բոլորն օգտվեն, ոչ թե միայն խոշորները, որովհետև ստացվում է, որ խաղողագործը վարկ է վերցնում, իր այգին մշակում, ստացած բերքը վաճառում, վարկն է փակում։ Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ ապրի, ինչպե՞ս կերակրի իր երեխային։
«Մենակ լավ բաներն են ցույց տալիս՝ ականջ շոյելու համար, բայց իրականությունը ցույց չեն տալիս։ Սպասեք, գարնան հենց սկզբից դիզվառելիքը թանկանալու է, պարարտանյութը՝ նույնպես, դեկտեմբերին է գինը նվազում, այսպես չպետք է լինի։
Մեկ առ մեկ խնդիրները պետք է ցուցակագրեն ու փորձեն դրանց լուծում տալ, չնայած լսողն ո՞վ է, լսելուց էլ՝ շուտ մոռանում են»,- ընդգծեց Արտակ Սարգսյանը։



