Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արարատի մարզ։ Երբ Այգավան գյուղ այցի ժամանակ բնակիչները բողոքել էին խաղողի մթերման գներից, Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր, ասելով՝ առաջին բանը, որ գյուղացիները պետք է անեն, պետք է մտածեն խաղողի ինքնարժեքն իջեցնելու մասին։ Նա բնակիչներին օգնության կարգով ևս մեկ խորհուրդ էր տվել, ասել էր՝մշակվող խաղողի սորտերը պետք է փոխեն, սկսեն մշակել գինու սորտեր և այնպես անեն, որ գյուղատնտեսությունը զարգացնեն շուկային համարժեք։ Այսքանով ավարտվել էր Նիկոլ Փաշինյանի և առհասարակ Կառավարության «օգնությունը» գյուղացիներին։
Խաղողագործներին համատարած սնանկացում է սպասվում։ Սա գուցե դեռ չի երևում, բայց ամեն ինչ տանում է դրան։
«Մենք պետք է գյուղատնտեսությանը նայենք՝ որպես բիզնես, և բիզնեսմենը պետք է հաշվի իր ծախսերը, իր եկամուտը, եթե դա ձեռք չի տալիս՝ չանի»,- Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Պետությունը կարող է արգելել նաև ցածրորակ սպիրտի ներկրումը երկիր և օգտագործումը ոգելից խմիչքների արտադրության գործում, որը գցում է տեղական արտադրության, հատկապես կոնյակի վարկանիշը: Հիմա ես հարց եմ տալիս, ինչո՞ւ է Երևանի կոնյակի գործարանը մթերում 155 դրամով, երկարաժամկետ պայմանագրեր է կնքում և կանոնավոր աշխատում է գյուղացու հետ, իսկ մյուսները չեն կարո՞ղ»:
Արարատի մարզի խաղողագործությամբ զբաղվող բնակիչները 168.am-ի հետ զրույցում ասացին, որ խաղողագործությամբ շատերն են զբաղվում, ու, ցավոք, ամենաշատ խնդիրները խաղողի մթերման դեպքում են առաջանում, սակայն, եթե կրկնվի նախորդ տարվա սցենարը, այսինքն, գործարանները ստեղծեն իրավիճակ, որ չընդունեն խաղող, ու իրենք ստիպված այս գյուղից այն գյուղ վազեն, հետո էլ բողոքի ակցիաներ կազմակերպեն: