Իրան-Հայաստան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը փորձ է հավասարակշռել Հարավային Կովկասում արագացող վերադասավորումները․ վերլուծաբան
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան և Բաքու մեծ ուշադրության է արժանացել հատկապես Մոսկվայում և Թեհրանում։ Հարավային Կովկասում ավանդաբար ազդեցություն ունեցող ռեգիոնալ տերությունները կարծես Հարավային Կովկասում ուժային վերաձևավորման ԱՄՆ ազդանշանը նոր են նկատում, մինչդեռ աշխարհաքաղաքական փոփոխությունների ներկայիս արագ ու ակտիվ փուլում Արևմուտքն արդեն բավականին երկար ժամանակ ինտենսիվ աշխատում է Հարավային Կովկասում, որի տրամաբանական շարունակությունը նաև Թրամփի վարչակազմի ակտիվությունն ու նպատակներն են Հարավային Կովկասում։
Վաշինգտոնը ոչ միայն առաջ է մղում տարածաշրջանային տնտեսական ու ենթակառուցվածքային նախագծեր, այլ նաև փորձում է նվազեցնել Ռուսաստանի ավանդական ազդեցությունը, ձևավորել նոր անվտանգային ու տեխնոլոգիական կախվածություններ տարածաշրջանում, զուգահեռաբար շատ ավելի բարդ իրավիճակ ստեղծելով Իրանի համար։
Վենսի այցն, ինչպես հայտնի է, ուղեկցվեց էներգետիկ, պաշտպանական և տեխնոլոգիական համաձայնություններով, իսկ ԹՐԻՓՓ նախագիծը դիտարկվում է՝ որպես Արևելք-Արևմուտք հաղորդակցություն, որը շրջանցում է Ռուսաստանն ու Իրանը՝ ուժեղացնելով ամերիկյան տնտեսական և քաղաքական ներկայությունը տարածաշրջանում։
Միևնույն ժամանակ Մոսկվան հրապարակայնորեն փորձում է չդրամատիզացնել իրավիճակը՝ ընդգծելով, որ Հայաստանը և Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են և կարող են հարաբերություններ կառուցել այլ երկրների հետ, սակայն փորձագիտական շրջանակներում այցը կապվում է Ռուսաստանի ազդեցության թուլացման միտումների հետ։ Թեհրանի համար հիմնական մտահոգությունը կապված է ԱՄՆ հնարավոր երկարաժամկետ ներկայության և ենթակառուցվածքային նախագծերի հետ, քանի որ Իրանը զգուշացրել է, որ չի ընդունի իր սահմանների մոտ ամերիկյան կայուն ռազմա-տեխնոլոգիական ներկայություն և փորձում է առաջ մղել «տարածաշրջանային լուծումների» մոտեցումը։
Ընդհանուր առմամբ, Վենսի այցն ընկալվում է՝ որպես մեծ տերությունների մրցակցության նոր փուլի նշան, որտեղ Հարավային Կովկասը վերածվում է աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ հայտարարել է, որ 2026 թվականին նման փաստաթուղթ կստորագրվի Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարելիք այցի ժամանակ:
Նրա խոսքով, կողմերը մտադիր են ինստիտուցիոնալացնել գործընկերությունը և զգալիորեն ընդլայնել համագործակցությունը գործառնական ճանապարհային քարտեզի հիման վրա: Նա ընդգծել է, որ երկրների միջև հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն և այսօր հասել են հասունության փուլին, իսկ առաջնորդների փոխադարձ վստահությունը նրանց գլխավոր կապիտալն է: Դեսպանը կարևորել է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը և տարանցիկ ներուժի զարգացումը՝ ընդգծելով, որ խաղաղությունն ու բարիդրացիությունը Հարավային Կովկասում կայունության առանցքային պայմաններն են:
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ էր ուղղել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին, նշելով, թե Հայաստանի Հանրապետության Կառավարությունը կարևորում է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը:
«Համոզված եմ, որ Ձեր աջակցությամբ մեր երկրները կխորացնեն բազմոլորտ փոխգործակցությունը՝ կյանքի կոչելով ռազմավարական նշանակություն ունեցող նոր նախաձեռնություններ, որոնք կնպաստեն նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը»,- նշել էր Փաշինյանը։
Հայ-իրանական բնականոն երկխոսությունը պահպանվում է, սակայն ԱՄՆ ներկայությունը ռեգիոնում և մասնավորապես Իրանի հարևանությամբ, սերտ համագործակցությունը Երևանի հետ մեծ անհանգստություն է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Վենսի այցը, թերևս, ռեգիոնալ այն աննախադեպ իրադարձություններից էր, որը լայնորեն լուսաբանվեց, մեկնաբանվեց իրանական լրատվամիջոցներում, տելեգրամյան ալիքներում ու համապատասխան այլ հարթակներում։
168.am–ի հետ զրույցում իրանցի վերլուծաբա Խայալ Մուազինն ասաց, որ Իրան-Հայաստան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը փորձ է հավասարակշռել Հարավային Կովկասում արագացող վերադասավորումները ԱՄՆ ակտիվացման ֆոնին՝ հատկապես այն պայմաններում, երբ Վաշինգտոնը խորացնում է էներգետիկ, տեխնոլոգիական և անվտանգային ներգրավվածությունը Հայաստանում և տարածաշրջանում ընդհանուր առմամբ։
«Երևանն ու Թեհրանը պատրաստվում են ստորագրել ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որի նպատակն է ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների և անվտանգության հարցերում։ Եվ սա հասունացած հանգրվան է հայ-իրանական հարաբերություններում և կարևոր հատկապես այս փուլում։
Իրանը ձգտում է պահպանել իր ազդեցությունը՝ կանխելով տարածաշրջանում ամերիկյան և արևմտյան երկարաժամկետ գերակշռության ձևավորումը, հատկապես այն նախագծերի պայմաններում, որոնք կարող են շրջանցել Իրանը։
Սա նաև փոխադարձ ապահովագրական ռազմավարություն է՝ ուղղված սեփական շահերի պահպանմանն արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում»,- ասաց Խայալ Մուազինը։
Նա գտնում է, որ սա հնարավորություն կտա չեզոքացնել շատ անհանգստություններ, աշխատել շատ ավելի սերտ և ձևավորել նաև համագործակցության այլ պրոյեկտներ։



