Անկարողության հետևանքը. կոնյակի արտադրության 32% անկումը և ոլորտի ֆինանսական կոլապսը

Անցած տարվա սկզբին, երբ Վրաստանը խոչընդոտներ ստեղծեց հայկական կոնյակ արտահանողների համար, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրեթե ամենօրյա ռեժիմով տվյալներ էր հրապարակում այն մասին, թե կոնյակով բարձած քանի մեքենա է հատել Վերին Լարսի անցակետը։ Փորձում էր տպավորություն ստեղծել, թե հայկական կոնյակի արտահանման հետ կապված խնդիրները լուծել են։ Բայց ոչ մի խնդիր էլ չէին լուծել։

Զարմանալի ոչինչ չկա նրանում, որ այսօր կոնյակ արտադրող-արտահանողները հայտնվել են ֆինանսական լուրջ դժվարությունների առաջ։

Վրաստանում ստեղծված խոչընդոտների հետևանքով՝ կոնյակագործները հսկայական վնասներ են կրել ու կրում։ Մեծ պարտքեր են կուտակել։ Ոչ միայն իրենց հարկային պարտավորությունները չեն կարողանում կատարել, վարկային պարտավորությունները չեն կարողանում սպասարկել, այլև չեն կարողանում ժամանակին վճարել նույնիսկ աշխատողների աշխատավարձերը։

Այս իրավիճակն առաջացավ այն բանից հետո, երբ տարբեր պատճառաբանություններով Վրաստանում որոշեցին պարտադիր ստուգման ենթարկել իրենց տարածքով Հայաստանից այլ երկրներ արտահանվող հայկական կոնյակի որակը։ Օրերով կանգնեցնում էին կոնյակով բարձած բեռնատարներն ու ապրանքի որակի ստուգում իրականացնում, թեև թվում է, թե դրա իրավունքը բացարձակ չունեն. Վրաստանը հայկական կոնյակի տեղափոխման համար, ինչպես եղել, այնպես էլ մնում է ընդամենը տարանցման երկիր։ Միջազգային բեռնափոխադրումների ոլորտում ընդունված չէ տարանցվող ապրանքը որակի ստուգման ենթարկել մի երկրում, որը չի հանդիսանում այդ ապրանքի իրացման վայրը։

Կարդացեք նաև

Սա պարզ տրամաբանություն է, բայց Հայաստանի կառավարիչները, որոնք նստում-ելնում, խոսում են Վրաստանի հետ աննախադեպ հարաբերություններ ստեղծելու մասին, այդպես էլ չկարողացան ոչինչ անել՝ հայկական կոնյակի արտահանման անհիմն խոչընդոտները վերացնելու համար։

Փոխարենը՝ Վրաստանում հայկական կոնյակի որակի ստուգումը դարձավ մշտական պրոցես։ Դրա հետևանքով էլ կոնյակագործները հայտնվել են ֆինանսական ծանր դրության առաջ։ Ու հիմա, փոխարենն այդ իրավիճակի առաջացման պատճառները վերացնեն, կառավարությունում մտածում են հետևանքներն ինչ-որ կերպ մեղմելու մասին։ Առանց հասկանալու, որ դրանով ոլորտը դնում են շատ ավելի ծանր կացության մեջ ու ֆինանսական հավելյալ դժվարությունների առաջ։

Էկոնոմիկայի նախարարը, ով ժամանակին ամեն ինչ անում էր ցույց տալու համար, թե կոնյակի արտահանման հետ կապված խնդիրները լուծել են, այլևս խոչընդոտներ չկան, արտահանումը սահուն իրականացվում է, հիմա ծրագիր է ներկայացնում՝ Վրաստանում ստեղծված խնդիրների հետևանքով կոնյակ արտադրողների մոտ առաջացած ֆինանսական դժվարությունները մեղմելու ակնկալիքով։ Եվ դա այն բանից հետո, երբ այդ խոչընդոտներն արդեն հասցրել են հսկայական վնասներ պատճառել հայկական կոնյակի արտադրությանն ու արտահանմանը։

Կոնյակի արտադրության ծավալները կտրուկ նվազել են։ Նախորդ տարվա համեմատ 2025թ. 11 ամիսներին, տարեկան տվյալները դեռ չեն հրապարակվել, կոնյակի արտադրությունը կրճատվել է ավելի քան 32 տոկոսով։

Ոչ միայն կոնյակի արտադրությունն է կրճատվել, այլև արտահանումն է մեծապես նվազել։ Արտահանման անկումը հասնում է գրեթե 28 տոկոսի։

Արտահանման խնդիրների պատճառով՝ մատակարարման շղթաներն են կտրվում ու ժամկետներն են խախտվում։

Արդյունքում՝ հայկական կոնյակն աստիճանաբար դուրս է մղվում իրացման հիմնական շուկաներից։ Այն, ինչ թաքնված էր Վրաստանում ստեղծված խնդիրների հետևում, որը փորձում էին մատուցել կոնյակի որակի անհամապատասխանությունների հետ կապված պատճառաբանություններով։

Այս ամենն ի վնաս հայկական կոնյակի արտադրությանն է։ Ու դրա գլխավոր պատճառը Վրաստանում ստեղծված անհարկի խոչընդոտներն են, ինչն ամիսներ հետո ստիպված են խոստովանել նաև էկոնոմիկայի նախարարությունում։

Ահա, թե նախարարությունն ինչպես է ներկայացնում այն իրավիճակը, որի առաջ անցած տարվա սկզբից կանգնել են կոնյակագործները։

«Ապրիլի 17-ից սկսած Վրաստանի մաքսային ծառայության կողմից կանգնեցվում են հայկական ընկերությունների կողմից Վրաստանով տարանցվող շշալցված կոնյակ տեղափոխող բեռնատարները՝ արտահանվող կոնյակի նմուշների լաբորատոր փորձաքննություն իրականացնելու պատրվակով։ Բեռնատարներում առկա յուրաքանչյուր տեսականուց փորձաքննության նպատակով վերցվում է 5-ական շիշ նմուշ, իսկ բեռնատարները տեղափոխվում են Գեզի մաքսային տերմինալ, որտեղ կանգնում են 10 օրից մինչև 49 օր և միջին օրական կուտակումները կազմում են 150 և ավելի բեռնատար։

Մաքսային տերմինալում կանգնելու ժամանակահատվածում տնտեսավարողների համար առաջանում են լրացուցիչ ծախսեր (1 օրվա կտրվածքով շուրջ 100 ԱՄՆ դոլար վճարվում է բեռնափոխադրող կազմակերպությանը), չեն կարողանում ապահովել ապրանքի մատակարարումն առևտրի ցանցերի հետ կնքված մատակարարման պայմանագրերում նշված ժամկետներում, որի դեպքում ենթարկվում են մատակարարման ենթակա ընդհանուր խմբաքանակի արժեքի 20 տոկոսի չափով տուգանքի և զրկվում են չմատակարարված խմբաքանակը հետագայում մատակարարելու իրավունքից։ Բացի այդ, նման իրավիճակները կրկնվելու դեպքում, առևտրային ցանցերը սկսում են խուսափել տնտեսավարողների հետ մատակարարաման պայմանագրեր կնքելուց։

Ստեղծված իրավիճակում էականորեն կրճատվել են ընկերությունների ֆինանսական մուտքերը, և լուրջ խնդիրներ են առաջացել աշխատակիցների աշխատավարձերի վճարման և հարկային ու վարկային պարտավորությունները սահմանված ժամկետում ապահովելու հարցում»,- ասվում է կոնյակագործներին աջակցելու ակնկալիքով՝ էկոնոմիկայի նախարարության շրջանառած կառավարության որոշման նախագծում։

Եվ ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունը, որպեսզի  կոնյակագործներին հանի այս վիճակից. Պատրաստվում է երաշխիքներ տրամադրել՝ նոր վարկեր վերցնելու համար։ Երբ նրանք գործող ֆինանսական պարտավորությունները չեն կարող կարողանում սպասարկել, դժվար չէ պատկերացնել, թե ինչի՞ կհանգեցնի նոր վարկային պարտավորությունների ստանձնումը, որքան էլ դրանց տոկոսների մեծ մասը կառավարությունը պատրաստվում է դնել պետական բյուջեի վրա։

Խոչընդոտները, այն էլ՝ անհարկի խոչընդոտները վերացնելու իրենց անկարողությամբ՝ մի կողմից հարվածի տակ են դրել կոնյակի արտադրությունը, կոնյակագործներին կանգնեցրել են ֆինանսական լուրջ խնդիրների առաջ, մյուս կողմից՝ պետական բյուջեից շուրջ 10 մլն դոլար են մտադիր ծախսել՝ այդ դժվարությունները ժամանակավորապես մեղմելու հույսով։ Այնքան որ, ընտրություններից առաջ փակեն կոնյակագործների բերանը ու խուսափեն նրանց դժգոհություններից։ Ոչինչ, որ պետական բյուջեից հերթական միլիոնները չեն վատնի, ինչ է թե՝ չեն կարողանում վրացիների հետ լեզու գտնել ու լուծել Վրաստանով հայկական կոնյակի անարգել տարանցման հետ կապված խնդիրները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս