2 անշարժ գույք, արժեթղթեր և շուրջ 61.000 դոլար եկամուտ․ ինչպես է 2025 թվականը փակել ԱԺ ՔՊ-ական փոխխոսնակը
Աժ փոխխոսնակ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանն օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։
Ըստ հայտարարագրի՝ իշխանական պատգամավորը հաշվետու տարին սկսել ու ավարտել է երկու անշարժ գույքով՝ բնակարան և ավտոկայանատեղի, որոնք գնել է 2024 թվականին և տնօրինում է միանձնյա։
Ռուբեն Ռուբինյանը տարվա ընթացքում «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից ձեռք է բերել արժեթղթեր, որոնց արժեքը տարեվերջին կազմել է՝ մի դեպքում՝ 6,059,664 դրամ, մյուս դեպքում՝ 4,091,492 դրամ։
Բանկային ավանդներն էլ տարվա ընթացքում ունեցել են հետևյալ շարժը․ տարեսկզբին առկա 2,5 միլիոն դրամը տարեվերջին կրկնապատկվել է, իսկ մեկ այլ՝ 5 միլիոն դրամի ավանդը տարեվերջին զրոյացել, բանկային հաշիվների մնացորդն էլ տարեսզկբին կազմել է 2,784,178 դրամ, տարեվերջին՝ 1,453,247.31 դրամ։
Ռուբեն Ռուբինյանի հաշվետու տարվա՝ շուրջ 23 միլիոն դրամ (22,847,308.9) եկամուտն էլ ձևավորվել է Ազգային ժողովից ստացած 17 միլիոն 886,240 դրամ աշխատավարձից և կամ դրան հավասարեցված վճարումներից, Ինեկոբանկից ստացած 549,339 դրամից, որը նշվել է՝ որպես տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսի և այլ հատուցում, դարձյալ նույն բանկից ստացած 80,915.9 դրամ այլ եկամուտներից, Ֆինանսների նախարարությունից ստացած 2,830,814 դրամ եկամտային հարկի վերադարձից և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ից ստացած 1,500,000 դրամ փոխառությունից (վարկ):
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ նշվել է 31,932,332.6 դրամ․ տարվա ընթացքում նա վարկի մարմանն ուղղել է 5,236,971.4 դրամ։
Ռուբինյանը կանխիկ միջոցների մասին տվյալներ չի նշել։
Ռուբինյանի կինը՝ Մարիամ Հաջի-Հակոբյանը, չի հայտարարագրել անշարժ գույք, սակայն ՄԼ մայնինգ կառուցապատող ընկերության 13,291,053 դրամ փոխառության մասին է նշել հայտարարագրում, իսկ մեկ այլ տողում՝ հիփոթեքի առարկա է նշվել բնակարանը և 12,970,311 դրամ վարկի մայր գումարի մնացորդի չափ։
Նրա՝ հաշվետու տարվա 4,745,527 դրամ եկամուտը ձևավորվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած 414,600 դրամ այլ եկամուտներից, Ֆիննախից ստացած 1,185,507 դրամ եկամտային հարկի վերադարձից, 254 հազար դրամ այլ եկամուտներից, որոնք ստացել է անհատից, և Աժ-ից ստացած 2,891,420 դրամ աշխատավարձից և կամ դրան հավասարեցված վճարումներից (ավելի վաղ առիթ ունեցել ենք նշելու, որ նա ևս աշխատում է ԱԺ-ում)։
Ռուբինյանի կնոջ բանկային երկու ավանդներից մեկը տարեսկզբին կազմել է 1,266 դոլար, որը տարեվերջին փոքր-ինչ աճել է՝ դառնալով 1,417.25 դոլար, իսկ դրամային ավանդը՝ 1,560,000 դրամը, տարեվերջին պահպանվել է։
Մարիամ Հաջի-Հակոբյանի բանկային հաշիվների մնացորդները և կանխիկ միջոցները ևս տարեվերջին փոքր-ինչ աճեր են արձանագրել․
Բանկային հաշիվների մնացորդը՝ 249,239.53 դրամից՝ դարձել է 642,607.4 դրամ։
Իսկ կանխիկ գումարը՝ 350,000 դրամը՝ 450,000 դրամ, 900 դոլարը՝ 1200 դոլար։



