Անգլիայում ուսանողի սպանությունը մեծ ցույցերի առիթ է դարձել. 11 ոստիկան վիրավորվել է
Մեծ Բրիտանիայում 18-ամյա ուսանող Հենրի Նովակի սպանության շուրջ սկանդալը մեծ թափ է հավաքել. Նովակը մահացել էր 2025 թ. դեկտեմբերին դանակահարությունից: Հունիսի 1-ին՝ մարդասպանի դատավճռի օրը, բրիտանական ոստիկանությունը հրապարակել է Նովակի կյանքի վերջին պահերի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես են մահացու վիրավորված երիտասարդին ձեռնաշղթաներ հագցնում և ձերբակալում:
BBC-ն հաղորդում է, որ Անգլիայի Սաութհեմփթոն քաղաքում ցույցերի ընթացքում գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով 11 ոստիկան է վիրավորվել։ Երկու մարդ ձերբակալվել է։
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը դատապարտել է բռնությունները։
Դատարանում հրապարակված տեսանյութերի համաձայն՝ Սաութհեմփթոնի տներից մեկի ահազանգով մոտեցած ոստիկանները նախ խոսում են որպես զոհ ներկայացող տղամարդու և տան մոտ գտնվող այլ մարդկանց հետ։ Այնուհետև նրանք մոտենում են գետնին ընկած Նովակին և փորձում են նրան մի քանի հարց տալ, որից հետո նրան ձեռնաշղթաներ են հագցնում։
Այս ամբողջ ընթացքում ուսանողն անդադար կրկնում է. «Ես չեմ կարողանում շնչել» և ոստիկաններին ասում. «Ինձ դանակահարել են»։ Այնուհետև ոստիկաններից մեկը պատասխանում է. «Չեմ կարծում, թե քեզ դանակահարել են, ընկե՛ր»։
Պարզվել է, որ Հենրի Նովակին ձեռնաշղթաներ են հագցրել այն բանից հետո, երբ նրա վրա հարձակվող 23-ամյա Վիկրամ Դիգվան ստել է ոստիկանությանը, թե ինքը ռասայական հողի վրա հարձակման զոհ է դարձել։
Նովակը հինգ տեղից դանակահարվել է, հարվածներից մեկը հասցվել է նրա սրտին։ Հետաքննությունը պարզել է, որ Դիգվան օգտագործել է 21 սմ երկարությամբ շեղբով դաշույն, որն, ինչպես նա պնդում էր, կրում էր սիկհական կրոնական ավանդույթի շրջանակներում։ Հունիսի 1-ին դատարանը Վիկրամ Դիգվային մեղավոր է ճանաչել սպանության համար և դատապարտել ցմահ ազատազրկման՝ 21 տարի հետո պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հնարավորությամբ։



