«Գեղցին կայծակնային արագությամբ լկտիանում է. Սրանք «Մարտի 1»-ի մասնագետներ են, չէ՞». Արթուր Սահակյան

Արդեն 2 տարուց ավելի է՝ Երևանի «Գոյ» թատրոնը չի գործում, այն միավորվել է Սունդուկյանի անվան թատրոնի հետ, այդ պատճառով էլ «Գոյ» թատրոնի ստեղծագործական թիմը դատական հայց է ներկայացրել՝ դատարանում վիճարկելու ԿԳՄՍ նախարարության որոշումը։

«Գոյ» թատրոնի ամբողջ թիմը տևական ժամանակ բողոքում է այս որոշման դեմ, սակայն ԿԳՄՍ նախարարությունն այդ որոշումը թողել է անբեկանելի։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանի խոսքով՝ երկիրը շտելու դեպքում բոլոր հարցերը կարող են լուծվել, ավելին, երկրում տիրող իրավիճակի համատեքստում այս հարցը դարձել է երկրորդական։

«Այս իշխանությունը պայքարում է ազգային ամեն ինչի դեմ, եկել են ամեն ինչ պղտորելու, իրենց միսիան է այդպիսին։

Կարդացեք նաև

Իշխանությունների այս գործողությունների դեմ մենք վաղուց պետք է քայլեր ձեռնարկեինք, ողղակի ինձ զարմացնում է քաղաքական գործիչների հանդարտությունը, սա շատ վատ է։ Գուցե կան բաներ, որ իրենք չեն ասում ու միշտ չէ, որ ասելն օգուտ է բերում, դրա հետ համաձայն եմ, բայց ինչ-որ բան պետք է վաղուց անեինք։

Հիմա եկեղեցու դեմ են սրանք պայքարում, վաղուց պետք է եկեղեցու հետևորդները քայլեր ձեռնարկեին։ Ես բազմիցս ասել եմ՝ թույլ տանք, ամեն ինչ էլ մեր գլխին կանեն սրանք»,168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սահակյանը։

Նրա բնորոշմամբ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ անթույլատրելի է։

«Գեղացիությունն այսօր շատ արագ տեմպերով լկտիանում է, կայծակնային արագությամբ է գեղացին լկտիանում։ Նրա կողմից արված ու ներված մի քայլը, նրան 15 նմանօրինակ քայլ անելու հնարավորություն է տալիս, գյուղացի չեմ ասում, այլ գեղացի»,- շեշտեց ռեժիսորը։

Արթուր Սահակյանի կարծիքով՝ իշխանությունն իր այս հակաեկեղեցական արշավով այնպես կանի, որ իրագործի ևս մեկ «Մարտի 1»։

«Դե, սրանք «Մարտի 1»-ի մասնագետներ են, չէ՞, այնպես կանեն, որ զոհեր լինեն, որից հետո էլ երկրում հատուկ դրություն կմտցնեն և ամեն ինչ վերջնական տապալեն, ու ինձ թվում է՝ սա լինելու է ընտրությունների նախաշեմին։

Մեկ բան էլ նկատենք՝ Հայաստանում երբեք ընտրություններով բան չի որոշվել։ Մեզ մոտ ուղղակի «Երևանի բաժնի վարիչ» է նշանակվում, ու վերջ»,- նշեց Արթուր Սահակյանը։

Ճշտող հարցին՝ այսինքն՝ փողոցային պայքարով պետք է որևէ բան փոխվի՞, մեր զրուցակիցը պատասխանեց՝ փողոցի մասնագետներն օրվա իշխանություններն են։

«2018 թվականին «Եհովայի վկաներին», «Կյանքի խոսք» աղանդավորական շարժման մասնակիցներին կազմակերպեցին, հանեցին փողոց ու սրան բերեցին իշխանության, որը նրանց պետք է։ Իզուր չէ, էլի, որ ասում են՝ քաղաքականությունը պոռնկության քույրն է»,- նշեց Արթուր Սահակյանը։

Ինչ վերաբերում է «Գոյ» թատրոնի ճակատագրին, Արթուր Սահակյանն ասաց, որ այս պահին դատական նիստեր չեն ընթանում, գործը վերքաննիչ դատարանում է, չկա որոշում։ Մինչդեռ Սունդուկյան թատրոնի տնօրինությունը «Գոյ» թատրոնի ամբողջ բեմն է քանդել, որի իրավունքը չուներ։

Հիշեցնենք՝ 2023 թվականի գարնանը Կառավարության հերթական նիստից հետո հայտնի դարձավ, որ որոշել են «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին։ Այս հարցը մեծ դժգոհություններ առաջացրեց «Գոյ» թատրոնում, արդյունքում՝ թատրոնը որոշեց դատական կարգով վիճարկել հարցը։ 

Տեսանյութեր

Լրահոս