Մեծ Բրիտանիայի պաշտպանական «վարքագիծը» Հարավային Կովկասում․ Ադրբեջանը՝ բրիտանական հետաքրքրությունների կենտրոնում
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Երևան-Բաքու պայմանավորվածություններն արևմտյան այլ դերակատարների համար ևս Հարավային Կովկասում հնարավորություններ են ստեղծել։ Մեծ Բրիտանիան ակտիվորեն խորացնում է Ադրբեջանի հետ պաշտպանական գործընկերությունը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Վերնոն Քոուքերն X-ի իր էջում գրել է, որ բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ Բաքվի և Լոնդոնի միջև պաշտպանական գործընկերությունը խորացնելու վերաբերյալ։
«Դեկտեմբերին Ադրբեջան կատարած իմ այցից հետո հաճելի էր անցյալ շաբաթ Լոնդոնում ողջունել պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևին, պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովին և Ադրբեջանի նախագահի օգնական Խալիդ Ահադովին՝ մեր պաշտպանական գործընկերության խորացման հարցերը քննարկելու համար»,- նշել է Քոուքերը։
Պետնախարար Քոուքերի գրառմանն արձագանքելով՝ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը նոր քայլեր են ձեռնարկում իրենց ռազմավարական գործընկերությունը զարգացնելու ուղղությամբ։ «Մեզ համար պատիվ է վերջին 10 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայում ողջունել Ադրբեջանի ամենաբարձր մակարդակի պաշտպանական պատվիրակությանը։ Ադրբեջանն արժեքավոր պաշտպանական և անվտանգության գործընկեր է, և մենք հպարտ ենք տեսնել, թե ինչպես են այս հարաբերություններն ամրապնդվում և զարգանում»,- գրել է բրիտանացի դիվանագետը։
Դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին հայտարարեց՝ չեղարկում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոն: Մեծ Բրիտանիայի կողմից ռազմական տեխնիկայի մատակարարման սահմանափակումը գործում էր ավելի քան 30 տարի։ Դաութիի հոկտեմբերյան հայտարարության մեջ նշված էր, որ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացը, խաղաղությանն ուղղված շարունակական ջանքերին աջակցելու համար Բրիտանիան որոշել է Հայաստանի և Ադրբեջանի հետ բարձրացնել իր երկկողմ հարաբերությունները՝ դրանք հասցնելով ռազմավարական գործընկերության։
Ըստ Լոնդոնի՝ այս որոշմամբ Միացյալ Թագավորությունը նաև աջակցում է երկու երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանմանը «հիբրիդային սպառնալիքներից»։
Դաութին շեշտել էր, թե՝ կարծում ենք, 1992 թվականի ԵԱՀԿ զենքի արգելքն այլևս արդիական չէ:
Այս որոշումից երկու շաբաթ անց Ադրբեջանն ու Միացյալ Թագավորությունը պաշտպանության ոլորտում 2026-2027 թվականների երկկողմ համագործակցության պլանն էին ստորագրել։ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան X սոցիալական ցանցի էջում դեռևս այն ժամանակ ամրագրվել էր․
«Ռազմավարական գործընկերության շրջանակում հպարտ ենք պաշտպանության ոլորտում մեր սերտ համագործակցությամբ և դրա դերով։ Սպասում ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ ընդհանուր առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ»։
Նշվում էր, որ Բրիտանիայի՝ Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոյի ամբողջական վերացումը լայն հնարավորություններ է բացել պաշտպանության ոլորտում համագործակցության համար։ Երկու երկրների միջև խորացող հարաբերությունների մասին ադրբեջանական մամուլին պատմել էր Մեծ Բրիտանիա-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության խմբի ղեկավար Բոբ Բլեքմենը՝ նշելով, որ վերջին շրջանում աճել է՝ ինչպես խորհրդարանական այցելությունների, այնպես էլ՝ երկկողմ հանդիպումների և համատեղ նախաձեռնությունների թիվը թե Լոնդոնում, թե Բաքվում։
Դեկտեմբերի սկզբին էլ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար լորդ Վերնոն Քոուքերն այցելել էր Հայաստան և Ադրբեջան՝ կենտրոնանալով տարածաշրջանային անվտանգության և գործընկերության ամրապնդման վրա։ Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարությունում նշվում էր, որ Քոուքերի այցը հաջորդում էր ամռանը Մեծ Բրիտանիայի ստանձնած պարտավորությանը՝ ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության շրջանակում՝ առաջնային պլանում դնելով պաշտպանական համագործակցությունը։
Հայաստանում լորդ Քոուքերը բացել էր Մեծ Բրիտանիայի առաջին մշտական Պաշտպանության բաժինը Երևանում՝ ցույց տալով Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի անվտանգությանը, ինքնիշխանությանը և պաշտպանական կարողություններին։

Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ լորդ Քոուքերը քննարկել էր պաշտպանական համագործակցության խորացումը և Հայաստանի պաշտպանական բարեփոխումներին ու արդիականացման ջանքերին ուղղված աջակցությունը։
Եվ, փաստորեն, Մեծ Բրիտանիայի որոշումներից ու Քոուքերի ռեգիոնալ այցից հետո Բրիտանիան ակտիվ համագործակցում է Ադրբեջանի հետ։ Այսինքն՝ սա ոչ պարզապես դիվանագիտական շփում է, Բրիտանիան ուժեղացնում է ռազմավարական-պաշտպանական կապերը, որը, դատելով վերջին այցի պատվիրակության կազմից, ենթադրում է համագործակցություն ռազմական տեխնոլոգիաների ոլորտում, ենթադրում ուսուցում, խորհրդատվություն, ինչպես նաև համագործակցություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
Մեծ Բրիտանիայի այս նոր դիրքավորումը ռեգիոնում սկսվեց օգոստոսի 8-ից հետո։ Սակայն, ինչպես ցույց են տալիս պաշտպանական ոլորտում Մեծ Բրիտանիա-Ադրբեջան կոնտակտները, այս Ադրբեջանը չի դիտարկվում պարզապես տարածաշրջանային խաղացող, այլ ամուր գործընկեր՝ երկարաժամկետ տնտեսական և ռազմական կապերի տեսանկյունից։ Սա, իհարկե, նորություն չէ, Բրիտանիա-Ադրբեջան կապերն ունեն այլ պատմություն ու խորություն, սակայն ռեգիոնալ վերջին զարգացումները փաստորեն էլ ավելի են խորացնում այդ կապերը, դրանք փոխադրելով նաև պաշտպանական համագործակցության դաշտ, ինչը, հաշվի առնելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բնույթը, պետք է լինի հայաստանյան հանրության ուշադրության կենտրոնում։
Հատկապես հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ Բրիտանիան պահպանում է թվացյալ հավասարակշռությունը՝ Քոուքերի այցը ռեգիոնալ էր, էմբարգոն վերացվեց, խոսվեց և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի մասին, սակայն հարաբերությունների պրակտիկ արդյունքները գրանցվում են միայն Ադրբեջանի հետ հարաբերություններում։
Ավելորդ է նույնիսկ նշել, որ այս զարգացումները պետք է դիտարկել լայն աշխարհաքաղաքական համատեքստում՝ հաշվի առնելով՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից, Արևմուտքի լայն ռազմավարական ձգտումը՝ մերժել ազդեցությունը Ռուսաստանից, Արևելյան Եվրոպայում ու Կովկասում էներգետիկ և անվտանգային մրցակցությունը։
Մեծ Բրիտանիայի համագործակցության խորացումն Ադրբեջանի հետ մի քանի առանցքային նպատակներով է պայմանավորված, որոնցից գլխավորն Էներգետիկ անվտանգությունն է։ Ադրբեջանը հանդիսանում է Եվրոպայի էներգակիրների կարևոր մատակարար։ Մեծ Բրիտանիան՝ որպես հիմնական եվրոպական դաշնակից, հետաքրքրված է էներգետիկ դիվերսիֆիկացիայով, էներգետիկ կապերը Լոնդոնին թույլ են տալիս ավելի շատ ազդել տարածաշրջանի վրա։ Նպատակների թվում են Ռուսաստանի ազդեցության թուլացումը, Արևմուտքում Մեծ Բրիտանիայի ազդեցության ընդլայնումը՝ որպես խաղացող, և աշխարհաքաղաքական մի շարք այլ նպատակներ։
Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցությունը պաշտպանական ոլորտում էականորեն տարբեր է այն տեմպից ու բովանդակությունից, որը կա Ադրբեջան-Մեծ Բրիտանիա հարաբերություններում։ Մեծ Բրիտանիայի քայլերը՝ Ադրբեջանի հետ ռազմական-արդյունաբերական ոլորտում խորը կապերի կառուցման ուղղությամբ, արտացոլում են ոչ միայն տնտեսական շահեր, այլև ճկուն աշխարհաքաղաքական ռազմավարություն՝ ճիշտ դիրքավորվելու Հարավային Կովկասում՝ էներգետիկ, անվտանգային և ռազմավարական մրցակցության պայմաններում։ Հայաստան-Մեծ Բրիտանիա շարունակվող պասիվ հարաբերությունները ցույց են տալիս՝ ինչպես Բրիտանիայի սահմանափակ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, այնպես էլ՝ Հայաստանի արտաքին քաղաքական անկարողությունը։ Չէ՞ որ ՀՀ իշխանությունները հայտարարել են հավասարակշռման քաղաքականության մասին։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունն այս արդյունքներն ունի մի իրավիճակում, երբ հայտարարվում է, թե Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները կարևոր են, իսկ Հայաստանը վարում է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Իսկ ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Լոնդոնի կենտրոնական հատվածում` մի շարք դեսպանությունների և պետական գերատեսչությունների հարևանությամբ, Հայաստանի Հանրապետությունը 17 մլն 380.800 ֆունտ ստեռլինգով (ավելի քան 8 մլրդ դրամ) ձեռք է բերել դեսպանության նոր շենք։
