Պապիկյանի ընտրած սխալ մարտավարությունն ու ժամանակը. Հոգևոր ծառայությո՞ւնն է հանվել, թե՞ ոչ ձեռնտու հոգևորականների գործունեությունն է դադարեցվել
Հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տարածեց հրամանը՝ թվագրված 2026թ. հուլիսի 29-ին, որով ուժը կորցրած է համարվում 2000թ. հուլիսի ՀՀ պաշտպանության նախարարի N 728 հրամանը, որի համաձայն՝ գործողության մեջ պետք է դրվեր «ՀՀ զինված ուժերում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևոր ծառայության կանոնադրությունը»։
Սուրեն Պապիկյանի հրամանում, մասնավորապես, նշվում է. «2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցնել ՀՀ ԶՈւ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանական համակարգում»:
Այնուհետ ԳՇ պետին հանձնարարվում է, որ մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և ՀՀ զինված ուժերում ավագ գնդերեցի կամ գնդերեցի զինվորական պաշտոնի նշանակված անձանց կողմից հոգևոր ծառայության իրականացումը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության ընդհանուր համակարգմամբ և ծառայության վայրի զորամասի հրամանատարի անմիջական ենթակայությամբ:
Բացի այս, խոսվում է ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնելու գործառույթներով ավագ սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումային դասակարգմամբ համապատասխանաբար ավագ գնդերեցի և գնդերեցի ոչ հրամանատարական պաշտոններ ստեղծելու մասին, որի դեպքում պարտադիր պայման է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը:
Իսկ ի՞նչ կետեր կան 2000 թվականի սեպտեմբերին հաստաստված Կանոնադրության մեջ:
Օրինակ, նշվում է, որ՝ Հոգևոր ծառայության առաջնորդը հաշվետու է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ՀՀ պաշտպանության նախարարին և նրա դաստիարակչական գծով տեղակալին: Իսկ բանակային կորպուսների և զորամասերի հոգևոր սպասավորներն էլ իրենց հերթին հաշվետու են Հոգևոր ծառայության առաջնորդին և բանակային կորպուսների և զորամասերի հրամանատարներին: Բայց հոգևոր սպասավորների թույլ տված խախտումները սահմանվում են՝ համաձայն ՀԱԵ-ի կանոնադրության:
Ինչ վերաբերում է ՀՀ զինված ուժերում Հոգևոր ծառայության լուծարմանը, ապա, ըստ վերը նշված Կանոնադրության, այն պետք է տեղի ունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնագրով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:
Երեկվանից մասնագետներն արձագանքում են, թե Սուրեն Պապիկյանը խախտել է 2000 թվականի Կանոնադրության այս կետը: Այլ հարց է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը սա ինչպես է մեկնաբանում՝ լուծարո՞ւմ, թե՞ Զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպում կամ վերակազմակերպում:
Ամեն ինչ գուցե այսքան բուռն չընդունվեր, եթե այս ամենը տեղի չունենար Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցու և Վեհափառի շուրջ սկսած «բարենորոգիչ» զարգացումների ֆոնին, որի արդյունքում լարվածություն էր առաջացել նաև ՀՀ զինված ուժերում և բանակի Հոգևոր ծառայության շուրջ: Այսինքն, եթե Զինված ուժերում հոգևոր ծառայության վերակազմակերպման գաղափարը լիներ Եկեղեցի-ՀՀ զինված ուժեր կամ Եկեղեցի-ՊՆ երկխոսության և քննարկումների արդյունքում:
Իսկ նման քաղաքական շտապողականությունը կարող է լրացուցիչ վնաս հասցնել բանակի բարոյահոգեբանական մթնոլորտին, երբ 2026 թվականը հայտարարել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի:
Բանակում նման որոշումը չէր կարող այս տեսակ քաղաքական լինել: Ի դեպ, 1997թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվել էր փոխհամաձայնության հուշագիր, որում համաձայնեցվում և հստակեցվում էին բանակի հոգևոր ծառայողների գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները:
Արդյո՞ք չպետք է առանձին հրամանով չեղարկվեր նաև այս հուշագիրը, եթե խնդիր է դրվել ՀՀ զինված ուժերից բացառել Հոգևոր ծառայությունը կամ Մայր Աթոռի դերակատարումն այդ ծառայության կազմակերպման, «կադրերի» ընտրման և նշանակման հարցում:
Իսկ բանակում Հոգևոր ծառայությունը միշտ էլ որոշակի շրջանակների մոտ դժգոհություն է առաջացրել, հատկապես՝ զորահանդեսների ժամանակահատվածում, որոնց իրենց մասնակցությունն էր ունենում նաև գնդերեցների գունդը: Սա նաև Ադրբեջանի սրտով չէր:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2017-ին այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ մի նախագիծ էր ներկայացրել, որով բոլորը պետք է ծառայեին: Բոլորին բանակ ուղարկելու գաղափարը «Ելք» խմբակցության սրտով չէր, թեպետ որոշակի բացառություններ հնարավոր էին համարվել առանձնահատուկ հաջողության հասած երիտասարդ գիտնականների համար:
Եվ ԱԺ քննարկումներից մեկի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, հատկապես, հետաքրքրել էր հարցը՝ «ինչո՞ւ պետք է պատմաբան դառնալ ցանկացողին ասեն՝ եթե ուզում ես դառնալ պատմաբան, դարձիր ծառայելուց հետո, իսկ երբ մարդն ուզում է դառնալ հոգևորական, նրան տարկետում տան»:
«Հոգևորականների հետ կապված ոչ մի տեղ չկա գրած, որ հոգևորականն ազատվում է բանակից, հոգևորականներն ազատվում են կառավարության որոշմամբ, այն պարզ պատճառով, որ այլ բուհերում կա, ինչո՞ւ պետք է Գևորգյան ճեմարանում չլինի»,- Փաշինյանին հակադարձել էր Վիգեն Սարգսյանը և հավելել, որ Կաթողիկոսի հետ պայմանավորվածություն ունի՝ եթե բուհերից տարկետման իրավունքը հանվում է, ապա հոգևորականները ևս պետք է գնան ու ծառայեն: Այսինքն, ինչպես բանակի, այնպես էլ՝ Եկեղեցու վրա Փաշինյանի կենտրոնացումը հին պատմություն չէ:
Նշենք, որ հոգևարականները վաղուց ներկայացված են ՌԴ զինված ուժերում, ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, Ուկրաինայում, այսինքն, կան կապելանների համար սահմանված հաստիքներ։
Ավելին, օրերս Համայն Ռուսիո պատրիարքը երկրի օրենսդիր մարմնին կոչ է արել օրենսդրորեն սահմանել զինվորական հոգևորականի կարգավիճակը, քանի որ ՌԴ-ի կողմից իրականացվող Հատուկ ռազմական գործողությունների գոտում մոտ 150 հոգևորական է գտնվում, սակայն նրանց իրավական կարգավիճակը հստակեցված և կարգավորված չէ:
Հավելենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում ունեցել ենք զոհեր նաև հոգևորականներից, նաև՝ անհայտ կորած:
Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քաղաքական վտանգավոր քայլերին, ապա դրա բացասական հետևանքները դեռ տեսնելու ենք միայն այն պատճսռով, թե ինչ պայմաններում և ինչպես են դրանք կատարվում: Իսկ բանակի վտանգավոր քաղաքականացման պատասխանատվությունը միայն իր՝ Սուրեն Պապիկյանի ուսերին է մնալու: Բայց ինչպես ասում են՝ դա իր ընտրությունն է: Բայց սա չի նշանակում, որ մի օր Նիկոլ Փաշինյանը չի որոշի, որ պետք է «լուծարել հենց իր գործող կարգավիճակը», «հիմնավորումներ» Փաշինյանը հաստատ կգտնի, եթե քաղաքական պահը պահանջի…
Հ.Գ. Օրերս գրել էինք ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի մեսիջի մասին: Բայց Սուրեն Պապիկյանն իր քաղաքական առաջնորդի հրահանգով որոշել էր գնալ ճնշումների ճանապարհով, եթե բանակի հոգևորականի առաջ չդրվեր ընտրություն, արդյո՞ք կունենայինք այն լարվածությունը, որն առաջացավ: Իհարկե՝ ոչ: Եվ այստեղ արդեն էական չէ՝ Սուրեն Պապիկյանն իր հրամանը ծանր հոգոցո՞վ է ստորագրել, ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կտրիճ Ներսիսյան անունը հնչեցնելիս, թե՞ հեշտությամբ…
