Աննա Հակոբյանը ստում է. Քննչական կոմիտեն հերքել է նրա՝ 11.000 դասալիքի մասին ադրբեջանական թեզը

Ապրիլի 1-ին Տավուշ կատարած այցի ընթացքում Աննա Հակոբյանը հայտարարել էր, թե 11.000 դասալիք ենք ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ կամավոր, զինվորական և այլն:

Ավելի ուշ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ակնարկել էր, որ Աննա Հակոբյանի՝ դասալիքների մասին հնչեցրած թիվը՝ 11.000, «գուցե մի քիչ շատ է», և, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը դրա հետ կապված իր պարզաբանումը կստանա:

«Երբ որ հաստատվի՝ 11.000 է, թե՞ 12.000, այն ժամանակ ես ձեզ հստակ կասեմ՝ քանի քրեական գործ է հարուցվել և ուր են հասել այդ քրեական գործերը»,- ասել էր Քոչարյանը՝ հորդորելով լրագրողներին դիմել ՔԿ-ին:

Ապրիլի 13-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու՝ դասալիքների ի՞նչ թիվ է հայտնի կոմիտեին, քանի՞ գործ է հարուցվել, ի՞նչ փուլում են դրանք, քանի՞ մեղադրյալ կա, և այլն:

Կարդացեք նաև

Մայիսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեն պատասխան գրություն էր ուղարկել, որում ասվում է.

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված Ձեր 13․04․2023թ․ հարցման առնչությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև այլ հանցագործությունների դեպքերով նախաձեռնված բազմաթիվ քրեական վարույթներ վերաբերում են ընդհանուր առմամբ շուրջ 12600 անձի։

Քրեական գործերն առնչվում են քաղաքացիների, զինծառայողների կողմից զորահավաքային զորակոչից խուսափելու, հրաման չկատարելու, դասալքության, զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու, ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու և այլ դեպքերին։

Միայն 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մաս), զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մաս) և դասալքության (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մաս), դրանց հետ համակցությամբ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 1786 քրեական վարույթ, որոնք առնչվում են շուրջ 10690 անձի։

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի վերոնշյալ երեք հոդվածներով և դրանց հետ համակցությամբ այլ հոդվածներով քննված քրեական վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 756 անձի նկատմամբ։

Նշված հոդվածներով հարուցված 225 վարույթի նախաքննությունը շարունակվում է, 280 քրեական վարույթ կարճելու մասին որոշումներ են կայացվել։

Նշված երեք հոդվածներով հարուցված 118 վարույթ՝ 143 անձի վերաբերյալ, ավարտվել է մեղադրական եզրակացությամբ:

Հարկ է նկատի ունենալ, որ քննության ընթացքում բազմաթիվ վարույթներ, այդ թվում նաև հարուցված՝ ինչպես նշված, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր և/կամ մի քանի հոդվածներով, միացվել են իրար կամ վարույթներից անջատվել են մասեր»:

Հավելենք, որ 2021 թվականի փետրվարի 25-ին հրապարակվել է ՀՀ կառավարության 242-Ա որոշումը, որն առնչվում է ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին, և այնտեղ, մասնավորապես, նշվում էր. 

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում հարուցվել և քննվում է շուրջ 1500 քրեական գործ՝ 12500-ից ավելի անձանց վերաբերյալ, այդ թվում՝ զորահավաքային զորակոչից խուսափելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելու, դասալքության և զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու դեպքերով: Նշված քրեական գործերով ձերբակալվել է շուրջ 180 զինծառայող, մեղադրանք է առաջադրվել 500-ից ավելի անձի: Նշված գործերով քրեական հետապնդումն իրականացվում է 12 հրամանատարների, այդ թվում՝ 2 բարձրաստիճան սպաների նկատմամբ»:

Ի դեպ, ապրիլի 16-ին «Առավոտին» տված հարցազրույցում Արծրուն Հովհաննիսյանը հավանական էր համարել Աննա Հակոբյանի նշած դասալիքների թիվը՝ 11.000:

«Ես, ճիշտն ասած, թիվ չգիտեմ, բայց գիտեմ, որ ռազմական ոստիկանությունը հաշվառում կատարել է և ունի թիվ: Շատ հավանական թիվ է, որովհետև ԳՇ հաշվետվություններում 44-օրյայի ընթացքում 70-80.000 պահեստազորի թիվ կա, իսկ հաշվի առնելով, որ մեզ մոտ հիմնական դասալքությունը եղել է պահեստազորում, ոչ թե զինված ուժերում, դա հավանական է: Զինված ուժերում շատ փոքր թիվ է եղել, սկզբից չի էլ եղել դասալքություն, որոշակի դեպքեր սկսել են պատերազմի վերջին 10 օրերի ընթացքում, կանոնավոր զորքի մասին ենք խոսում: Իսկ 70.000 պահեստազորից շատ հավանական թիվ է՝ 11.000»,- ասել էր Հովհաննիսյանը:

Հիմա, փաստորեն, առնվազն այս պահի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեն ապացուցում է, որ Աննա Հակոբյանը ստում է, ստում է նաև նրա պնդումը հաստատող Արծրուն Հովհաննիսյանը:

Ի դեպ, ավելի վաղ 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունը նույնպես հերքել էր Աննա Հակոբյանի ասածը:

Նշենք, որ Աննա Հակոբյանը կրկնել է Իլհամ Ալիևի՝ 11.000 դասալիքի թեզը, որն Ադրբեջանի ղեկավարը մեկ անգամ չէ, որ ասել է: Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահն իր ժողովրդին ուղղված ուղերձում նշել էր՝ «հայկական բանակում դասալիքների թիվը հատել է 10.000-ի սահմանը, ընդ որում, այդ մասին խոսում են իրենց պաշտոնական դեմքերը»:

Այս միտքն Ալիևը կրկնել է, մասնավորապես, 2021-ի օգոստոսին, 2022 թվականի սեպտեմբերին, 2023 թվականի փետրվարին, վերջին անգամ Ալիևն այդ միտքն արտահայտել է 2023-ի մարտի 18-ին։

Տեսանյութեր

Լրահոս