Ինչպես էր «Ազատ եկեղեցի» շարժումը փորձում «բարեփոխումների» անվան տակ քանդել ու պառակտել Հայ Առաքելական եկեղեցին
1920-ական թվականների սկիզբը Խորհրդային Միության կազմում նշանավորվեց հատկապես հակաեկեղեցական քաղաքականության բուռն ընթացքով: Այդ շրջանում զարգացան հակակրոնական կառույցները և սկսեցին մի քանի ուղղությամբ պայքար մղել կրոնի և եկեղեցու դեմ: Հիմնական նպատակն այն էր, որ եկեղեցու հեղինակությունը մեծ ազդեցություն կունենա ժողովրդի շրջանում, այդ իսկ պատճառով ամեն ինչ արվում էր, որպեսզի եկեղեցին կազմաքանդվի:

1922 թվականին Խորհրդային Ռուսաստանում ստեղծվեց «Կենդանի եկեղեցի» շարժումը, որի նպատակն էր հակադրվել Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցուն, ցույց տալ, որ իբր շարժումն ավելի մոտ է ժողովրդին, առաջարկում է ժողովրդի ցանկությամբ բարեփոխումներ, սակայն իրականում այդ հակադրության նպատակն էր Ուղղափառ եկեղեցու կազմաքանդումը: Բնականաբար, այս ամենի հիմքը ոչ թե կրոնական էր, այլ քաղաքական:

Ռուսաստանում սկսված շարժումը կարճ ժամանակում տարածվեց նաև խորհրդային այլ երկրներում: 1924 թվականին Հայաստանում ձևավորվեց «Ազատ եկեղեցի» շարժումը: Հայաստանյան շարժման նպատակներն ու գաղափարները ևս նույնն էին. քանդել Հայ Առաքելական եկեղեցին, այսպես կոչված, եկեղեցական բարեփոխումների կեղծ գաղափարով պայմանավորված:

Կարճ ժամանակում լույս տեսավ նաև շարժման պաշտոնական թերթը, որում տարածվում էին իրենց գաղափարները: «Ազատ եկեղեցի» թերթն իր համարներում մանրամասն ներկայացնում էր, այսպես կոչված, եկեղեցու բարեփոխման ծրագրերը, դրանց իրականացման մեխանիզմներն ու հետագա քայլերը:
Թերթի 1924 թվականի առաջին համարներում մանրամասն կարդում ենք, թե ինչ «բարեփոխումներ» է իրականացնելու շարժումը եկեղեցում.
«1. Ջանալ մաքրել քրիստոսական եկեղեցին օտարամուտ սովորություններից, հեթանոսությունից մնացած ժառանգություններից, այն է՝ սնոտիապաշտություններից ու նախապաշարումներից:
2. Վերականգնել եկեղեցու ավետարանական պարզությունն ու առաքելական կենդանի խոսքի գերակշռությունը:
3. Գրաբար մեռած, ժողովրդին ու գրեթե, հավասարապես և հոգևորականության մեծամասնության համար անհասկանալի, անմատչելի գրաբարը վերացնել և մտցնել կենդանի ժողովրդի կենդանի լեզու աշխարհաբարը:
4. Ազատել եկեղեցին հոգևորականների դասակարգային շահագործության ու կամայականության աշխարհ լինելու ներկա կացությունից և դարձնել այն հավատացյալ ժողովրդի քրիստոսաշունչ ապրումների աշխարհ ըստ ամենայնի հավատացյալների իրավասության ներքո:
5. Վերացնել հոգևորականների ապրուստի ու եկամուտների ստորացուցիչ ավանդական ձևը և պարզ ու որոշ վարձատրություն նշանակել պաշտոնավարության համար:
6. Թուլացնել-վերացնել տարազի, զգեստի և արտաքին արարողականի, ցուցականի արդյան գերակշռող արժեքը և տալ խորհրդի հիմնական-ելական ոգին, իմաստը փնտրելու և գնահատելու պահանջը:
7. Զորացնել եկեղեցու առաքելական ժողովրդական, խորհրդային ու համագումարական վարչաձևը և վարել այն այս ժողովների կողմից ընտրված խորհուրդների ու գործագիր մարմինների միջոցով:
8. Աշխատել և կարելույն չափ պարզության վերածել եկեղեցու վարչաձևի մեջ պաշտոնյաների փոխհարաբերությունները և իրար իշխելու, ձգտումի տեղ ի Քրիստոս իրար հարազատ եղբայրներ հանդիսանալու ձգտում ու ոգի ներս բերել:
9. Անաչառ ու խիստ կերպով երևան հանել, մերկացնել եկեղեցական գործիչների ու պաշտոնյաների գայթակղեցուցիչ և անբարոյական քայլերն ու արարքները և տիրական խարազանով դուրս քշել եկեղեցին ավազակության, վաճառքի և անվայել արարքների վայր դարձնողներին:
10. Դարձնել եկեղեցին չափահաս ծխականների համար կրոնական ու բարոյակրթական առողջ ըմբռնումների ու ավետարանական ուսմունքների կենդանի դպրոց:
11. Դավանել կրոնը իբրև բոլոր մարդկանց մի լուսեղեն հոր կատարյալ որդիության գաղափարի առաջնորդող ճանապարհ և ջանալ վերացնել այդ ճամփի վրա ընկած բոլորատեսակ խոչերն ու արգելքները:
12. Ծիսական արարողությունների արտաքին մանրամասնությունները թողնել ամեն մի ծխական համայնքի համակամ տնօրինությանը, միշտ ջանալով մոտ ու հարազատ մնալ ավետարանական պարզությանը»: («Ազատ եկեղեցի», 1924, N 1):

«Ազատ եկեղեցի» շարժման ներկայացրած 12 կետանոց «բարեփոխման» ծրագիրը հստակ ցույց է տալիս, որ սա Հայ Առաքելական եկեղեցու ներքին պառակտման ու քանդման մասին ծրագիր է: Այսպես կոչված՝ բարեփոխման հիմքում եկեղեցու ներսում ներքին պառակտում մտցնելն ու այն կազմաքանդելն էր: Սակայն շարժումը հաջողություն չունեցավ, այն կամաց-կամաց մարեց և գոյատևեց մինչև 1928 թվականը:

1920-ականների «Ազատ եկեղեցի» շարժման պատմությունն այսօր արդեն դիտվում է որպես դասական օրինակ, թե ինչպես արտաքինից գեղեցիկ ու «ժողովրդավարական» ներկայացվող բարեփոխումների անվան տակ հնարավոր է իրականացնել եկեղեցու քանդման քաղաքականություն։
Տասնամյակներ անց մենք կրկին տեսնում ենք նույն մեխանիզմի ժամանակակից դրսևորումները:
Այսօր էլ իշխանությունները փորձում են ներկայացնել, թե իբր ձգտում են «բարեփոխել» եկեղեցին: Բայց ինչպես 1920-ականներին, այնպես էլ հիմա այդ նախաձեռնությունների իրական նպատակը բարեփոխումը չէ, այլ եկեղեցու հեղինակության նվազեցումը, ինքնուրույնության սահմանափակումը և ազգային հոգևոր ինստիտուտի ներքին խարխլումը։

Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես բազմիցս ապացուցել է, շարունակելու է իր ինքնուրույն ու անփոխարինելի դերակատարությունը հայ ժողովրդի և Հայոց պետության կյանքում:
Զ. Շուշեցի
