Հաքան Ֆիդանը՝ Թեհրանում. Որքանո՞վ հաջող կլինի իրանա-թուրքական վերագործարկումը. Անդրեյ Արեշև
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն աշխատանքային այցով եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում: Նախագահ Մասուդ Փեզեշքիանի, արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Լարիջանիի և խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Ղալիբաֆի հետ հանդիպումների և բանակցությունների ընթացքում քնննարկվել է երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հարյուրամյակներ շարունակ Օսմանյան կայսրությունը և ղաջարական Պարսկաստանը մրցակցում էին Կովկասում և Մերձավոր Արևեևլքում։ Ավելի մեղմ ձևերով մրցակցությունը նկատելի էր նաև հետագա շրջանում, և այսօր էլ Թուրքիայի և Իրանի միջև հակասությունները, բացահայտ և աննկատ, մնում են տարածաշրջանային լանդշաֆտի անբաժանելի հաստատունը։ Դրա հետ մեկտեղ, երկու հարևան երկրները շահագրգռված են երկկողմ հարաբերությունների առավել սերտ համակարգմամբ, հատկապես ներկայիս բարդ պայմաններում, երբ փլուզվում են բոլոր ձևական և ոչ ֆորմալ կանոնները, իսկ ավելի մեծ նշանակություն է ստանում բիրտ ուժը:
Իսրայելի և Իրանի միջև հարվածների հունիսյան փոխանակումները վրդովմունքի պայթյուն են առաջացրել Թուրքիայում, որը հայտարարել է «սիոնիստական ռեժիմի» հետ առևտրատնտեսական կապերի խզման մասին, որտեղ պարբերաբար ձայներ են լսվում այն մասին, թե Թուրքիան իբր Իսրայելի համար վերածվում է «նոր Իրանի»։ Բացի այդ, նոյեմբերին հայտնի դարձավ Սպիտակ տան կողմից պատժամիջոցների ցանկում մի շարք թուրքական ընկերությունների ընդգրկման մասին, որոնք իբր նպաստել են իրանցիների կողմից երկակի նշանակության որոշ տեխնոլոգիաների ձեռքբերմանը:
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ թուրքական բարձր մակարդակի պատվիրակության Իրան այցի հիմնական խնդիրը դարձել է նախագահներ Էրդողանի և Փեզեշքիանի նախագահությամբ երկու երկրների համագործակցության բարձրագույն խորհրդի 9-րդ նիստի նախապատրաստումը, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել կարևոր փաստաթղթեր տնտեսության, առևտրի, Էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Բանակցելով Ֆիդանի հետ՝ Իրանի նախագահը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը՝ ուշադրություն հրավիրելով իսլամական աշխարհում առկա իրավիճակի բարդությանը:
«Այն ժամանակաշրջանում, երբ մուսուլման ժողովուրդների ընդհանուր թշնամիները մեծացնում են ճնշումը, իսլամական երկրները պետք է ձգտեն միմյանց համար պայմանների թեթևացմանը և խուսափեն լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելուց»,- նշել է Փեզեշքիանը։
Հավելելով, որ «Իրանն ու Թուրքիան եղբայրներ են, և անհրաժեշտ է զարգացնել նրանց հարաբերությունները»՝ նա համոզմունք է հայտնել, որ «այն սահմաններով, որոնցով անցնում են առևտուրը, գիտությունն ու մշակույթը, երբեք չեն անցնի ահաբեկչությունն ու զենքը», իսկ իսլամական աշխարհը, որն ավելի խորը մշակութային և քաղաքակրթական կապեր ունի, «անկասկած կկարողանա հաղթահարել տարաձայնությունները և բռնել կայուն համագործակցության և համատեղ զարգացման ուղին՝ միավորելով առևտրի, գիտելիքների և մշակույթի հոսքերը»:
Բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ մամուլի ասուլիսում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է՝ «Իրանն ու Թուրքիան, որպես տարածաշրջանային երկու առաջատար տերություններ, տրամադրված են ակտիվորեն աշխատել տարածաշրջանում կայուն խաղաղաղության, կայունության և զարգացման ուղղությամբ՝ հիմնվելով սերտ փոխգործակցության և համագործակցության վրա»: Բանակցությունների ընթացքում լիակատար հարգանք է դրսևորվել Սիրիայի և Լիբանանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Իրանն ու Թուրքիան խստորեն դատապարտել են Իսրայելի ագրեսիան այդ երկրների նկատմամբ՝ մտահոգություն հայտնելով Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին տեղի ունեցած աղետալի իրավիճակի կապակցությամբ:
Հատկանշական է՝ իրանական դիվանագիտության ղեկավարը պաշտպանել է զենքը վայր դնելու «Քրդստանի աշխատավորական կուսակցության» որոշումը՝ հայտնելով Թեհրանի պատրաստակամությունն՝ աջակցելու «առանց ահաբեկչության գոտու» ստեղծմանը:
Հիշեցնենք՝ քրդերը կոմպակտ բնակվում են Թուրքիայում և Իրանում, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում: Գաղտնիք չէ, որ երկար ժամանակ «քրդական հարցը» մնում էր իրանա-թուրքական հարաբերությունների գայթակղություններից մեկը։ Անկարային անհանգստացնում էր Թեհրանի աջակցությունը Սիրիայում «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին», մինչդեռ Թեհրանին չէին կարող չանհանգստացնել Թուրքիայի հետ սերտորեն կապված Իրաքյան Քուրդիստանի (Էրբիլ) որոշ հասարակական-քաղաքական գործընթացներ:
Դիտորդները նշում են Ֆիդանի և Արաղչիի փոխլրացնող տոնը, որոնք ձգտում էին ընդգծել ոչ թե տարաձայնությունները, այլ շահերի համընկնումը, այդ թվում՝ տարածաշրջանում ռազմական մոբիլիզացիայի և Իսրայելի կողմից սպառնալիքների գնահատման հարցում: Երկու երկրների ղեկավարները վճռականություն են հայտնել զարգացնել համագործակցությունը տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տարանցման, անվտանգության, տեխնոլոգիաների և մշակույթի ոլորտներում: 10 ամսվա արդյունքներով երկկողմ առևտրաշրջանառությունը հասել է 6,5 մլրդ դոլարի։ Միևնույն ժամանակ այն 30 միլիարդ դոլարի հասցնելու ռազմավարական նպատակին հասնելը կարող է դժվար լինել առանց Թուրքիա իրանական բնական գազի մատակարարումների ավելացման: Հայտնի է՝ Սպիտակ տունը և անդրազգային կորպորացիաներն ակտիվորեն Անկարային հեղուկ բնական գազ են պարտադրում, այնպես որ, դեպի Թուրքիա իրանական արտահանման մասնաբաժինը կարող է նույնիսկ կրճատվել:
Կասպիական ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Կարավաևի խոսքով՝ Թուրքիայի և Իրանի հարաբերությունների ընդլայնման համար անհրաժեշտ է լայնածավալ համատեղ նախագիծ, որը կարող է լինել Մերենդ-Չեշմեհ-Սորայա (Արևմտյան Ադրբեջան նահանգում՝ Թուրքիայի հետ սահմանին) շուրջ 200 կմ երկարությամբ երկաթուղային գծի հայտարարված շինարարությունը: Լինելով Արևելյան Անատոլիայում կառուցվող Կարս-Իգդիր երկաթուղու տրամաբանական շարունակությունը՝ այն Իրանի Մերենդ քաղաքը կմիացնի Թուրքիայի սահմանամերձ Արալըք շրջանի հետ: Նախնական հաշվարկներով՝ շինարարության ընդհանուր արժեքը կկազմի մոտ 1,6 մլրդ ԱՄՆ դոլար, ծրագրի իրականացման ժամկետները՝ 3-4 տարի: Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Սադեղի խոսքով՝ Մերենդ-Չեշմեհ-Սորայա գիծը կոչված է պատմական Մետաքսի ճանապարհի հարավային հատվածը վերածել «ամբողջովին երկաթուղային միջանցքի, որն ապահովում է ցանցի շարունակականությունը Չինաստանի և Եվրոպայի միջև»: Նախագծի հաջող իրականացումը կամրապնդի Իրանի և Թուրքիայի՝ որպես տարանցիկ հանգույցների դերը, որին նրանք ակտիվորեն հավակնում են:
Թուրքական ընկերությունների համար կարևոր է Սուեզի ջրանցքի այլընտրանքը դեպի Պարսից ծոց և դրանից այն կողմ՝ Հարավային Ասիա: Հայտնի է՝ «Զարգացման ճանապարհի» նախագիծը, որը նախատեսված է Թուրքիան Իրաքի տարածքով Ֆաո նավահանգստի հետ կապելու համար, մոտավորապես նույն նպատակին է ուղղված, սակայն «իրանական» տարբերակն ունի իր առավելությունները։
Կարավաևը նշում է․ «Մերենդ-Չեշմե-Սորայա գծի կառուցումը ստեղծում է դեպի Իրան տանող այլընտրանքային երկաթուղային երթուղի՝ առանց Վանա լճի վրայով լաստանավային անցման»։ Բացի այդ, «Մերենդ-Չեշմեհ-Սորայա և Կարս-Իգդիր ճանապարհների շինարարության հաջող ավարտը Կարսը և Իգդիրը վերածում է թուրքական լոգիստիկայի արևելյան ուղղությունների հանգուցային կենտրոնների։ Կարսն արդեն իսկ ունի ակտիվ երթուղի դեպի Բաքու՝ Բաքու-Թբիլիսի-Կարս մայրուղով»: Երկու տարվա ընթացքում կարող է բացվել նախկին Անդրկովկասյան երկաթուղու մի հատված դեպի Հայաստան, իսկ չորս տարվա ընթացքում նախատեսվում է շահագործման հանձնել Իգդիր-Դիլուջու երկաթուղին մինչև Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար մարզի սահմանը, որտեղ այն կմիանա Զանգեզուրի միջանցքին («Թրամփի երթուղի»):
Ենթադրելի է՝ այս նախագծի մասին խոսել որպես տարածաշրջանային լոգիստիկայի իրական փաստ, դեռևս վաղ է։ Իրանա-թուքական հարաբերությունների դինամիկային հետևում են բազմաթիվ աչքեր, և ոչ բոլորն են խանդավառ։ Հետևաբար, չի բացառվում, որ փոխշահավետ նախագծերի իրականացմանը կարող են խանգարել չնախատեսված հանգամանքները՝ օրինակ, Իրանի հյուսիս-արևմտյան նահանգներում էթնիկ անջատողական տրամադրությունների, դիվերսիոն-ահաբեկչական ակտիվության աճը կամ նմանատիպ մի բան, որում հմուտ են ապակառուցողական արտաքին և ներքին խաղացողները։
Անօդաչու թռչող սարքերի՝ երկար հեռավորություններ թռչելու կարողությունը՝ անկախ պետական սահմաններից, ակնհայտ էր անցյալ տարվա հունիսին, երբ հարձակման ենթարկվեցին Թավրիզը և այլ քաղաքներ: Ենթադրվում է, ամենևին էլ պատահական չէ, որ Ալի Լարիջանիի հետ թուրքական պատվիրակության բանակցությունների ընթացքում նշվել է տարածաշրջանային ճգնաժամերին արդյունավետ դիմակայելու նպատակով համատեղ ջանքերի համակարգման անհրաժեշտությունը։ Հակառակ շարունակական մրցակցությանը՝ կողմերը ստիպված են փնտրել փոխգործակցության ընդհանուր կետեր՝ ձգտելով բաց մրցակցությունից անցնել «կառավարելի մրցակցության»։
Անդրեյ Արեշև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
