«Էփշտեյնի կոալիցիան» ընդդեմ Իրանի. Մերձավոր Արեւելքում պատերազմը կարող է ձգձգվել
Վաշինգտոնի կանխատեսելիորեն հարվածի տակ հայտնված արաբ գործընկերները Սպիտակ տանը խնդրում են դադարեցնել ռազմական գործողությունները
Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Իրանը պատրաստ է երկարատեւ պատերազմի, մարտի 2-ին հայտարարել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:
«Ինչպես վերջին 300 տարիներին, երբ Իրանը պատերազմներ չէր սկսում, իսկ զինված ուժերը գործում էին միայն պաշտպանության նպատակով, մենք վճռականորեն կպաշտպանենք մեզ եւ մեր 6000-ամյա քաղաքակրթությունն՝ անկախ գնից եւ կստիպենք թշնամիներին զղջալ սխալ հաշվարկների համար։ Իրանը պատրաստ է ձգձգվող պատերազմի՝ ի տարբերություն Ամերիկայի»։ Չնայած չհրահրված ագրեսիայի առաջին օրվա կորուստներին՝ Իսլամական Հանրապետության զինված ուժերը, ներառյալ ԻՀՊԿ-ն, շարունակում են հարվածներ հասցնել Պարսից ծոցում եւ արաբական միապետությունների հարակից տարածքներում գտնվող թիրախներին, որտեղ, ինչպես նրանց մինչեւ վերջերս թվում էր, բավականին հարմարավետ (չբացառելով ամբողջ աշխարհում հայտնի նորաձեւ հյուրանոցները) տեղակայված են ամերիկյան բազաներ եւ նմանատիպ այլ օբյեկտներ՝ ներառյալ լրտեսական բները դեսպանատների եւ այլ ներկայացուցչությունների տանիքի տակ:
Չնայած օբյեկտիվորեն անխուսափելի տեղեկատվական քաոսին, որը բազմապատկվել է երկու կողմերի արհեստական ինտելեկտի աշխատանքով, ակնհայտ է՝ այդ օբյեկտներից առնվազն մի քանիսը հայտնվել են իրանական անօդաչու թռչող սարքերի եւ միջին եւ փոքր հեռահարության հրթիռների տիրույթում: Անմասն չեն մնացել նաեւ Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի նավթավերամշակման գործարանները (հեղուկացված բնական գազի առաջատար արտահանողներից մեկը՝ ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Ռուսաստանի հետ միասին) եւ նմանատիպ այլ ձեռնարկություններ, որոնց շարքից հանելը, թեկուզ մասնակի, անխուսափելիորեն ցնցումներ կառաջացնի համաշխարհային էներգետիկ շուկաներում։
Մարտի 2-ին QatarEnergy պետական էներգետիկ ընկերությունը հայտարարեց հեղուկացված բնական գազի արտադրությունը դադարեցնելու մասին այն բանից հետո, երբ Իրանը հարձակվեց իր օբյեկտների վրա Ռաս-Լաֆանում եւ Մեսաիդում: Իր հերթին Saudi Aramco պետական էներգետիկ ընկերությունը անօդաչու թռչող սարքի հարվածից հետո դադարեցրել է երկրի խոշորագույն նավթավերամշակման գործարանի աշխատանքը Ռաս- Թանուրում՝ օրական 550 հազար բարել նավթ հզորությամբ (առայժմ որպես վնասի գնահատման նախազգուշական միջոց):

Խաթարվել է Հորմուզի նեղուցում նավարկությունը, որի երկարատեւ փակումը կհարվածի Պարսից ծոցի տարածաշրջանի բոլոր խոշոր արտադրողների արտահանմանը։ Մինչ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն կարող են նավթի մի մասը վերամղել շրջանցող խողովակաշարերով, Քաթարը դեռեւս կախված է այդ ջրուղուց՝ հեղուկացված գազ արտահանելու համար: Քաղաքագետ Վահե Դավթյանը հիշեցնում է․ «Քաթարի մասնաբաժինը հեղուկացված գազի համաշխարհային շուկայում կազմում է մոտ 20 տոկոս։ Ինչպես հրթիռային հարվածները արտադրական օբյեկտներին, այնպես էլ Հորմուզի նեղուցի կաթվածահարությունը, որով անցնում է աշխարհում սպառվող հեղուկ գազի 30 տոկոսը, արդեն հանգեցրել են գազային շուկաներում ճգնաժամային միտումների ձեւավորմանը»։
Մարտի 1-ին ՕՊԵԿ+ դաշինքը պայմանավորվել է օրական 206 հազար բարելով արդյունահանման ավելացման մասին՝ սկսած ապրիլից, սակայն այդ աննշան աճը (համաշխարհային պահանջարկի 0,2 տոկոսից պակաս) հազիվ թե փոխհատուցի սեւ ոսկու մատակարարումների լուրջ խափանումները: Աշխարհի առանցքային լոգիստիկ հանգույցներից մեկը՝ Դուբայի օդանավակայանը, կորցնում է մոտ 1 միլիոն դոլար պարապուրդի յուրաքանչյուր րոպեի համար։ Вloomberg-ը գրում է․ «այս խորապատկերին ԱՄԷ-ն եւ Քաթարը ակտիվորեն համոզում են ԱՄՆ-ին դադարեցնել Իրանի ռմբակոծությունները եւ անցնել դիվանագիտական լուծման»:
Ագրեսորների ճամբարում հայտնվել են առաջին զոհերը, սակայն, սակայն, ենթադրաբար, Քուվեյթում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, երբ ՀՕՊ-ը «բարեկամական կրակով» խոցեց երեք F-16 կործանիչ։ «Հնարավոր է՝ զոհվեն ամերիկացի խիզախ հերոսները, եւ մենք կարող ենք կորուստներ ունենալ, ինչպես դա հաճախ է լինում պատերազմում», – փետրվարի 28-ին հավաստիացրել է Դոնալդ Թրամփը տեսաուղերձում, որը հրապարակվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Իրանին իսրայելական հարվածներին միանալուց հետո:
Մարտի 2-ին, ավելի քան երկու օր անց, Սպիտակ տան տերը չի դադարում ռազմատենչ հայտարարություններ անել՝ վստահություն ցուցաբերելով եւ սպառնալով հարվածների նոր ալիքով, ինչը, ամենայն հավանականությամբ, վկայում է որոշակի նյարդայնության մասին «բլիցկրիգի» հավանական ձախողման կապակցությամբ: Եվ դա չնայած գործողության մանրակրկիտ նախապատրաստմանը եւ հատուկ ծառայությունների ակտիվ աշխատանքին, այսպես կոչված, բանակցությունների քողի տակ, որոնց ընթացքում Թեհրանին ակնհայտ անընդունելի պայմաններ էին առաջադրվում։

Նախօրեին Թեհրանում հայտարարվել է ժամանակավոր ղեկավար խորհրդի աշխատանքի մեկնարկի մասին, որի կազմում են ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիյանը, դատական իշխանության ղեկավար Գոլամ Հուսեյն Մոհսենի Էջեին եւ այաթոլլա Ալի Ռեզա Արաֆին: Վելայաթ է-ֆաքիհ համակարգի ուժեղ առանձնահատկությունը դրա ճկունությունն ու ծայրահեղ պայմաններին բարձր հարմարվողականությունն է: Չնայած Իրանի ղեկավարության զգալի մասի, այդ թվում՝ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի մահվանը, իրանցիներն ակտիվորեն պատրաստվում էին պաշտպանությանը՝ թաղվելով գետնի տակ եւ Ամերիկայի արաբ գործընկերներին պատրաստելով այնպիսի «անակնկալներ», որոնք նրանք ակնհայտորեն չէին սպասում: Հատկանշական է՝ մարտի 2-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ քիր Սթարմերը հնչեցրել է իրանական հարվածային անօդաչու թռչող սարքերից Պարսից ծոցի երկրների պաշտպանության գործում «ուկրաինացի փորձագետների» ներգրավման հանճարեղ գաղափարը:
Հայտնի է՝ ՀՕՊ համակարգերի զգալի մասը տեղակայվել է Իսրայելում՝ այդ «անխորտակելի ավիակիրն» իրանական օդային խոցման միջոցներից պաշտպանելու համար, այնպես որ արաբ շեյխերին մնում է միայն ողբալ իրենց անպաշտպանության համար, ինչպես դա արել է Al Jazeera հեռուստաալիքի եթերում սաուդցի մի պաշտոնյա․ «Ամերիկան մեզ թողեց՝ պաշտպանական համակարգերը կենտրոնացնելով Իսրայելի պաշտպանության վրա, եւ Պարսից ծոցի երկրներին, որոնք ընդունում են իր ռազմաբազաները, թողեց իրանական հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի ողորմության վրա»:
Ռազմական գործողությունների տնտեսական կողմը նույնպես չպետք է անտեսվի. իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը, որոնք մեկ կամ նույնիսկ երկու անգամ ավելի էժան են, օգտագործվում են թանկարժեք Patriot հրթիռների դեմ, որոնց մեկ արձակումը արժե միլիոնավոր դոլարներ: Գործելով ճկուն եւ ապակենտրոնացված՝ իրանցիները կձգտեն հյուծել ագրեսորների զինամթերքը, նախքան իրենք կսկսեն հակազդման միջոցների լուրջ դեֆիցիտ զգալ։
«Ասիմետրիկ» պատերազմում պաշտպանվող կողմը միշտ շանս ունի, եւ հազիվ թե իրանցիները հրաժարվեն դրա օգտագործումից՝ քաջ գիտակցելով, թե ինչով է սպառնում ռազմական պարտությունը: New York Post-ին տված հարցազրույցում Թրամփը չի բացառել Իրան ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը՝ հավելելով, որ «ամենայն հավանականությամբ» անհրաժեշտություն չկա:
Այնուամենայնիվ, դա կարող է առաջանալ, եւ այստեղ պետք է ուշադրություն դարձնել Հայաստանում, Ադրբեջանում եւ Թուրքմենստանում Delta ամերիկյան հատուկ նշանակության ուժերի տեղակայման մասին լուրերին՝ իրանական տարածք ռեյդերի համար փետրվարին ԱՄՆ ռազմատրանսպորտային ավիացիայի՝ նշված երկրներ թռիչքների ակտիվացման խորապատկերին, որը համընկավ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երեւան եւ Բաքու կատարած այցի հետ։
Իրաքում Պենտագոնի ուժերը տեղափոխվել են Քրդական ինքնավար շրջան, այն դեպքում, երբ իրանական Քուրդիստանի ռազմա-քաղաքական խմբավորումները, ձգտելով հաղթահարել հնացած տարաձայնությունները, միավորվում են ինչ-որ միասնական ճակատում: Հատկանշական է՝ «միջազգային հետախուզման» մեջ գտնվող ԻՀՊԿ ղեկավարներին առեւանգելու նպատակով իրանական տարածքի խորքում տարատեսակ ակցիաներ անցկացնելու հնարավորության մասին ուղղակիորեն խոսում են Բաքվի շատ բանիմաց փորձագետները, որոնք հիշեցնում են «Մեծ Մերձավոր Արեւելքի» պետությունների սահմանների հիմնովին վերաձեւման վաղեմի պլանների մասին։ Բացի այդ, հավանական է Պարսից ծոցի Հարք կղզում ծովային դեսանտի իջեցում, որով անցնում է Իրանի նավթի առեւտրի 90 տոկոսը, ինչպես նաեւ որոշ այլ համակցություններ, որոնց մասով տասնամյակներ շարունակ զգալի փորձ է կուտակվել։

Ամեն դեպքում Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Իրանի հարեւանների հնարավոր ներգրավումը Մերձավոր Արեւելքում Սպիտակ տան ռազմական արկածախնդրության մեջ, թեկուզ որպես պատասխան հարվածների համար խիստ խոցելի «ցատկման հարթակ», կնշանակի որակապես այլ մակարդակի ռիսկեր եւ սպառնալիքներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության համար։
ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՒ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




