Վրաստանի դիրքը կոռուպցիայի ընկալման ինդեքսում 3 կետով նահանջել է

Վերջին 12 տարվա ընթացքում Վրաստանն ունի ամենացածր միավորը Transparency International-ի (TI) կոռուպցիայի ընկալման նոր ինդեքսում, որը հրապարակվել է այսօր՝ փետրվարի 10-ին, և ներառում է աշխարհի ավելի քան 180 երկրների գնահատական։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

2025 թվականի ինդեքսում Վրաստանի միավորը նախորդ տարվա համեմատ նվազել է 3 միավորով՝ հասնելով 50-ի։

Սա միջին ցուցանիշ է, քանի որ երկրները գնահատվում են 100 միավորանոց սանդղակով, որտեղ 100-ը դրական է, իսկ 0-ն՝ բացասական։

Ոչ մի երկիր 100 միավոր չունի։

Transparency International-ի Վրաստանի գրասենյակն ընդգծել է, որ Վրաստանը 2013 թվականից ի վեր այդքան ցածր միավոր չի ունեցել, չնայած Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում առաջատար դիրքի պահպանմանը։

Ըստ Transparency International Georgia-ի՝ Վրաստանի միջին միավորը ցույց է տալիս, որ մանր կաշառակերությունը երկրում տարածված չէ, սակայն ինդեքսը չի չափում կոռուպցիայի բարդ ձևերը, ինչպիսիք են պետության զավթումն ու կլեպտոկրատիան, և կոռուպցիայի առումով Վրաստանի հիմնական մարտահրավերը հենց սա է.

«2025 թվականի արդյունքների ուղեկցող վերլուծության համաձայն՝ Վրաստանի միավորի անկումը և, հետևաբար, կոռուպցիայի ռիսկի աճն ուղղակիորեն կապված են ժողովրդավարության անկման և երկրում ավտոկրատիայի աճի հետ»,- ասված է ինդեքսում։

Նշենք, որ վերջին ամիսներին Վրաստանում կոռուպցիոն հանցագործությունների համար մեղադրանք է առաջադրվել «Վրացական երազանք»-ի կառավարության մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր Թբիլիսիում լրագրողներին ասել է, որ տարբեր վարկանիշներով Վրաստանը գերազանցում է ոչ միայն ԵՄ անդամակցության բոլոր թեկնածու երկրներին, այլև մոտ մեկ տասնյակ անդամ պետությունների։

Կոբախիձեի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի առումով «անցյալ տարին ակնառու էր» ոչ միայն կոնկրետ անձանց նկատմամբ պատիժների, այլև կառավարման համակարգի բարելավման, կոռուպցիայի վերացման և կառավարության ու մրցույթների թափանցիկության բարձրացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների առումով։

Տեսանյութեր

Լրահոս