Թրամփը հայտարարել է, թե քննարկում է Մերձավոր Արևելք երկրորդ ավիակիր հարվածային խումբ ուղարկելու հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ քննարկում է Մերձավոր Արևելք երկրորդ ավիակիր հարվածային խումբ ուղարկելու հարցը՝ Իրանի հետ բանակցությունների ձախողման դեպքում ռազմական գործողություններին նախապատրաստվելու համար։
ԱՄՆ-ը և Իրանն անցյալ ուրբաթ Օմանում վերսկսեցին բանակցությունները՝ հունիսյան 12-օրյա պատերազմից ի վեր առաջին անգամ, սակայն Թրամփը միաժամանակ Պարսից ծոցում ռազմական մեծածավալ կուտակում ձեռնարկեց։
«Կա՛մ մենք համաձայնության ենք գալիս, կա՛մ ստիպված ենք լինելու անել շատ կոշտ բան՝ ինչպես նախորդ անգամ»,- ասել է Թրամփը Axios-ին տված հարցազրույցում և հավելել, որ ակնկալում է՝ հաջորդ շաբաթ տեղի կունենան ամերիկա-իրանական բանակցությունների երկրորդ փուլը։
«Մենք ունենք նավատորմ, որը գնում է այնտեղ, և գուցե ևս մեկը»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ «մտածում է» ևս մեկ ավիակիր հարվածային խումբ ուղարկելու մասին։
Պարբերականի տեղեկություններով ամերիկացի պաշտոնյան հաստատել է, որ քննարկվել է տարածաշրջան երկրորդ ավիակիր հարվածային խումբ ուղարկելու հարցը։
Սա լրացում է «Աբրահամ Լինքոլն» ավիակիրին և դրա հարվածային խմբին, որը ներառում է կործանիչներ, Tomahawk հրթիռներ և մի քանի ռազմական նավեր: Գազայի պատերազմի մեծ մասի ընթացքում ԱՄՆ-ը տարածաշրջանում երկու ավիակիր ուներ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը լավատեսություն է հայտնել դիվանագիտական ուղու առնչությամբ՝ հայտարարելով, թե Իրանը «շատ է ուզում գործարք կնքել» և շատ ավելի լուրջ է, քան նախորդ բանակցություններում՝ ռազմական սպառնալիքի պատճառով։
«Անցյալ անգամ նրանք չէին հավատում, որ ես դա կանեմ,- ասել է Թրամփը՝ ակնարկելով հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու իր որոշումը: -Նրանք գերագնահատեցին իրենց ուժը: Այս անգամ բոլորովին ուրիշ բանակցություններ են ընթանում»։



