Եթե խաղաղություն չլիներ, Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա. Նիկոլ Փաշինյանի` ռազմագերիներին վերադարձնելու բանաձևը
Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Բաքվում գտնվող հայ գերիների հարցը։
«Ես խնդրում եմ՝ այդ հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ինձնից ակնկալեք, բայց հարցը եղել է օրակարգում և հարցը քննարկվել է օրակարգում»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց նա։
Նա հավելեց, որ առանց չափազանցության՝ հարցին առնչվող ուղիղ կամ անուղղակի այնպիսի բանակցություն չկա, որի ժամանակ մեր հայրենակիցների հարցը չբարձրացվի։
«Բոլոր վերաբերելի ձևաչափերում մենք այդ հարցը պարբերաբար բարձրացրել ենք, բարձրացնում ենք և հետևողական կլինենք հարցի լուծմանը»,- հայտարարեց Փաշինյանը։
Իսկ թե ուր են խաղաղությունը, եղբայրությունն ու մարդկությունը, երբ Բաքվում ցմահ ազատազրկման են դատապարտում մեր հայրենակիցներին․ այս հարցին ի պատասխան Փաշինյանը նշեց, թե դատավճիռներն իր համար անձնապես, մարդկայնորեն և քաղաքական առումով ցավալի ու ծանր են։ Նրա խոսքով՝ մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ կոնֆլիկտն ունի իներցիա, և այն հնարավոր չէ մեկ լծակի գործադրմամբ կանգնեցնել։ Վստահ է, որ հարցի լուծման ճանապարհը խաղաղությունն է, իսկ կոնֆլիկտի միջավայրում խնդիրն անլուծելի է։
Նա հիշեցրեց, որ վերջերս Հայաստան 4 գերիներ են վերադարձվել, նրա խոսքով՝ Վագիֆ Խաչատրյանի վերադարձը միանշանակ չէր լինի, եթե չլիներ խաղաղության բարելավվող միջավայրը։
«Նա չէր վերադառնա Հայաստան հիմա և չէր վերադառնա տեսանելի ապագայում։ Եթե խաղաղությունը չզարգանա, չինստիտուցիոնալացվի, հարցի լուծումը բացառվում է․․․ Դուք տեղյակ եք, որ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի հետ կապված խնդիրներ կային, մեզ համար էմոցիոնալ առումով շատ դժվար էր ռեակցիա չտալ, հայտարարություններ չանել, տարբեր միջազգային ատյաններ չդիմել և այլն, բայց եթե մենք գնայինք այդ ճանապարհով, ես երաշխավորում եմ, որ Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա»,- նշեց Փաշինյանը։



