Նոր օրենք՝ բոլորի համար, բայց բացառապես՝ ընդդեմ ընդդիմադիրների, կամ՝ ինչո՞ւ մինչ օրս մեղադրյալ չէ Վեհափառ Հայրապետի գլուխը քարով ջարդելու կոչ անողը

2025թ. դեկտեմբերի 28-ին՝ տարվա վերջին պատարագի օրը, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, քաղաքացին ուղիղ եթերում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական կայքի՝ Civic.am-ի հետ զրույցում բռնության կոչ էր հնչեցրել՝ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված:

Ի պատասխան կայքի լրագրողի հարցին՝ «Ի՞նչ պետք է անել, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», քաղաքացին պատասխանել էր. «Մի հատ քար տփեն գլխին, սատկացնեն»։

Ինչպես ավելի ուշ պարզվեց, քաղաքացին Գառնու համայնքապետարանի աշխատակից է՝ Էդվարդ Ստեփանյան, ով համայնքում հայտնի է «Ջնդոյի Էդո» մականվամբ:

Փաստի առթիվ շուրջ 2 շաբաթ անց հարուցվեց քրեական վարույթ, սակայն մեղադրյալ մինչ օրս չկա:

Կարդացեք նաև

168.amը պարբերաբար Քննչական կոմիտեից փորձում է ճշտել՝ արդյո՞ք անձը, ով ուղիղ եթերում սպառնացել է քարով ջարդել Վեհափառ Հայրապետի գլուխը, ում անձը հայտնի է, նույնականացվել է հենց նույն օրը, ունի՞ որևէ կարգավիճակ, թե՞ ոչ, ձերբակալվա՞ծ է, կալանավորվա՞ծ, թե՞ այլ խափանման միջոցի ներքո, սակայն ամեն անգամ ստանում ենք նույն պատասխանը՝ նոր բան չկա: Այսինքն՝ Ջնդոյի Էդոն հանգիստ շրջում է, ու մտավախություն էլ չունեն, որ, ի վերջո, նա կարող է իրագործել իր սպառնալիքը: Մինչդեռ ընդամենն իր մտքերի համար Միքայել սրբազանը կալանավորվեց, երկար ամիսներ անցկացրեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, հիմա էլ տնային կալանքի ռեժիմում է, բայց բժշկական կենտրոնում:

Երեկ էլ իրար հետ բլոգերների շրջանում հիմա շատ թրենդային «Նորմալ է, նորմալ չէ» խաղն էին խաղում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն ու արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Հարցին՝ նորմա՞լ է, որ սոցցանցերում ատելության խոսքը շատ հաճախ ընկալվում է՝ որպես խոսքի ազատություն, նախարարը պատասխանեց՝ նորմալ չէ, ու ցավ հայտնեց, որ այդ երկու հասկացությունները մարդիկ շփոթում են, ապա հավելեց՝ նորմալ չէ նաև, որ բացահայտ ատելության խոսքը հաճախ մնում է անպատիժ, և իրենք որոշել են դրա դեմ պայքարել օրենսդրական նոր նախաձեռնություններով:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ զրույցում նաև ասել է, որ ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված նոր նախագիծ է քննարկվում, և ներկա պահին այն դեռ քննարկման փուլում է:

Ըստ Գալյանի՝ իրավասու մարմինը պետք է հայտնաբերի ատելության խոսքն ու վարչական պատասխանատվություն կիրառի: Խոսքը նաև ֆեյք օգտատերերի մասին է, իսկ տուգանքի չափի մասով դեռ որոշում չկա, քանի որ նախագիծն ամփոփված չէ:

Սա, իհարկե, լավ բան կլիներ, եթե գործնականում ուղղված չլիներ միայն Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի ընդդիմախոսների դեմ: Եվ ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս դեպքում էլ վստահաբար օրենքը կլինի գրված բոլորի համար, բայց կտուգանվեն միայն Նիկոլ Փաշինյանին թթու խոսք ասողները…Եվ սա այն դեպքում, երբ համացանցում ատելության խոսք գեներացնողների, բռնության կոչ անողների, հայհոյողների գերակշիռ մասը ՔՊ-ի աջակիցներն են… Վեհափառին թիրախավորող, գլուխը ջարդելու կոչ անող համայնքային պաշտոնյայի դեպքը՝ վառ ու թարմ օրինակ:

Տեսանյութեր

Լրահոս