Իրանի Գերագույն Առաջնորդը ներում է շնորհել կամ մեղմացրել է ավելի քան 2100 դատապարտյալի պատիժը
Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի և Շաբան ամսվա տոնակատարության կապակցությամբ, Գերագույն Առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին ներում է շնորհել կամ մեղմացրել է ավելի քան 2100 դատապարտյալի պատիժը. հաղորդում է Tasnim-ը։
Գերագույն Առաջնորդի որոշումն ընդունվել է ի պատասխան Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի-Էջեիի նամակի, որը վերաբերում էր համապատասխան դատական մարմինների կողմից ներման իրավունք ունեցող բանտարկյալներին։
Իրանի Սահմանադրության 110-րդ հոդվածն առաջնորդին իրավունք է տալիս ներում շնորհել կամ մեղմացնել բանտարկյալների պատիժը՝ դատական իշխանության ղեկավարի առաջարկությամբ։
Սակայն, ըստ իրանական լրատվամիջոցների, ներումը չի տարածվում բանտարկյալների որոշակի կատեգորիաների վրա, դրանց թվում՝ թմրանյութերի զինված մաքսանենգության, զենքի ապօրինի շրջանառության, առևանգման, թթվի կիրառմամբ հարձակումների, բռնաբարության, զինված կողոպուտի, կաշառակերության, յուրացման, կեղծման, փողերի լվացման, տնտեսության խաթարման, թմրանյութերի մաքսանենգության, ալկոհոլային խմիչքների մաքսանենգության և ապրանքների կազմակերպված մաքսանենգության համար դատապարտվածների վրա։



