Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք. բոլորը չէ, որ «խազեին» են ման գալիս… բոլոր հիասթափվածներին խնդրում եմ խաղից դուրս գալ. Նինա Կարապետյանց

Տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարող է Բաքվում բարձրացնել հայ գերիների հարցը և կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ նրանց վերադարձի հարցում։ Այս մասին 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «Նժար» սահմանադրական շարժման հիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ խոսելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցի թեմայի շուրջ։

Իրավապաշտպանը խիստ կասկածում է, որ Նիկոլ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը Վենսի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել են Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների ու պատանդների հարցը, և կասկածի տակ է դնում արտգործնախարարի երեկվա պատասխանը լրագրողին՝ «կասկածո՞ւմ եք, որ այդ հարցը բարձրացվել է»։

«Այո՛, կասկածում ենք, որ այդ հարցը կարող է բարձրացված լինել, որովհետև ոչ ոք չի մոռացել Ալեն Սիմոնյանի գաղտնատեսագրված զրույցը, երբ ասում էր՝ գերության մեջ հայտնված հայրենակիցները դավաճանել են, չգիտեմ՝ ինչ են արել։ Այո՛, ներեցեք, բայց կասկածում ենք, որովհետև դուք տեղիք եք տվել կասկածելու՝ բարձրացնո՞ւմ եք, թե՞ ոչ»,- նշեց Նինա Կարապետյանցը։

Կարդացեք նաև

Ամեն դեպքում, իրավապաշտպանը վստահ է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը, որը Երևանից մեկնելու է Բաքու, շատ լավ տեղեկացված է բոլոր խնդիրներից, և նրան ներկայացված են հանրային մտահոգությունները և հայ հանրության սպասելիքները Միացյալ Նահանգներից։

«Կխոսի Բաքվում, թե ոչ՝ այո՛, կարող է խոսել, ասեմ ավելին՝ կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ վերադարձի հարցում։ Ի՞նչ ուղերձով այստեղից կգնա Բաքու՝ չեմ կարծում, որ նա Հայաստանից ուղերձ ունի տանելու։ Նրանք եկել են իրենց նպատակներով, իրենց գաղափարներով, իրենց ուղերձներով, եկել են այստեղ իրենց շահը սպասարկելու։ Դա շատ նորմալ է. ցանկացած երկիր պետք է իր շահը սպասարկի։ Այստեղ հարց է ծագում՝ Իսկ Հայաստանի շահն ո՞վ է ներկայացնելու»,- մեկնաբանեց իրավապաշտպանը։

Այս համատեքստում Նինա Կարապետյանցը մեկնաբանեց նաև այն հարցը, թե Վենսի ժամանման օրը Երևանում տեղի ունեցած ակցիաները որևէ կերպ կնպաստե՞ն Հայաստանում քաղբանտարկյալների, Բաքվի հայ գերիների, Հայ Առաքելական Եկեղեցու հետապնդումների հարցերի վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ուշադրությունը հրավիրելուն և այս հարցերի դրական առաջխաղացմանը։

Իրավապաշտպանը կարծում է, որ Հայաստանում մարդու իրավունքների ներկայիս վիճակի հարցով Արևմուտքի կողմից, այնուամենայնիվ, որոշակի ճնշումներ եղել են, և այդ ճնշումների արդյունքում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքական հետապնդումների ենթարկվող և բանտարկված մի քանի գործիչների խափանման միջոցը բանտային կալանքից փոխվեց տնային կալանքի։

«Վստահ եմ, որ պարոն Վենսը և վարչակազմի այլ պաշտոնյաներ տեղեկացված են թե՛ քաղբանտարկյալների, թե՛ գերիների մասին։ Այլ խնդիր է, թե ինչպես են փորձում այդ նույն հայաստանյան որոշ շրջանակներ, որոնք ժամանակին կոչվել են «քաղհասարակություն», հիմա դարձել են դասական, դասագրքային իմաստով իշխանության անձնական օգտագործման քաղհասարակություն, իրենք ինչպես են փորձում ներկայացնել և այդ ամենը փորձում են տեղավորել հակառուսականության սոուսի մեջ։ Կլինե՞ն արդյոք այդ հարցերի լուծումներ, թե՞ ոչ՝ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, որոշակի ճնշումներ, այդ թվում՝ Արևմուտքի կողմից, եղել են»,- նշեց Նինա Կարապետյանցը։

«Նժար» սահմանադրական շարժման հիմնադիրն անդրադարձավ նաև Վենսի այցելության մեկ այլ դրվագի, երբ երեկ՝ փետրվարի 9-ին, ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ փոխնախագահը բացահայտ աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին առաջիկա ընտրություններում։

Նինա Կարապետյանցը հարց է բարձրացնում. «Հետաքրքիր է, եթե որևէ այլ երկրից հնչեր նման հայտարարություն, պատկերացնում եմ, թե այստեղ ի՜նչ վայնասուն էին դնելու, ասելու էին՝ միջամտում են երկրի ներքին գործերին, այսինչ երկրի այսինչ պաշտոնյան այսինչ քաղաքական գործչին սատարում է հայտնել, ուրեմն իրենց անձնական օգտագործման ուժն է»։

Նրա խոսքով՝ սրանք երկակի ստանդարտներ են, երբ, այսպես կոչված՝ «անկախ փորձագետները» մի դեպքում դա գնահատում են՝ որպես «հիբրիդային պատերազմի» դրսևորում, մյուս դեպքում՝ ասում են՝ սատարեցին վարչապետին։ Սակայն Նինա Կարապետյանցի համար շատ ավելի կարևոր է մեր հասարակության դիրքորոշումը։

Ինչ վերաբերում է Ջեյ Դի Վենսի հայտարարությանը, թե՝ «սա այն տղան է, որը կարող է կառուցել երկարաժամկետ գործընկերություն», և իրական հարցն այն է՝ ինչպե՞ս նրան պահենք իր տեղում, որ նա կարողանա կենտրոնանալ ապագայի վրա, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ընդգծում է՝ բոլոր այս պրոցեսների համար պարտադիր չէ, որ իշխանության լինի Նիկոլ Փաշինյանը, քանի որ, իր համոզմամբ՝ խաղաղության երաշխավորը Նիկոլ Փաշինյանը չէ։ Նինա Կարապետյանցի խոսքով՝ այս մարդիկ ուղղակի ցանկություն ունեն վերարտադրվելու, և որտեղից իրենց տան աջակցության խոստում՝ այդ կողմ էլ թեքվելու են։

Իսկ հայ հասարակությանը նա հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժամանակավոր է։ Նրա խոսքով՝ ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանի Հանրապետությանը և հայ ազգին ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի նման ղեկավար ունենալը։ Իրավապաշտպանը համոզված է, որ՝ ոչ.

«Ո՛չ ու ևս մեկ անգամ ո՛չ, որովհետև այս մարդը գնում է հայկականության վերացման ճանապարհով։ Այն, ինչ անում էին Թուրքիան ու Ադրբեջանը, հիմա նա է անում, և հենց դրա համար է, որ մեծ սիրով պատրաստ են աջակցել Փաշինյանին։ Ունե՞նք մենք լուծում այս խնդրին։ Իհարկե ունենք։ Առնվազն առջևում ընտրություններ կան, և ես կարծում եմ՝ կլինեն ուժեր, որոնց հնարավոր կլինի վստահել փոփոխությունների գնալու ճանապարհով։

Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարող կառավարել։ Ես հասկանում եմ, որ մարդիկ խորը դեպրեսիայի մեջ են՝ հատկապես Վենսի այս հայտարարությունից և Թուրքիայի արտգործնախարարի սրտաճմլիկ տեքստերից հետո, շատերն ընկճվել էին ու հասկանում էին, որ Թուրքիայի ներգրավումը Նիկոլ Փաշինյանի սատարման պրոցեսում բավական դժվարացնելու է շատ-շատերի գործունեությունը, որովհետև փաստացի ստացվում է, որ մեր քաղաքական հակառակորդը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ նրա թիկունքում կանգնած բոլոր այն ուժերը, որոնք փորձելու են միջամտել՝ հերթական անգամ ստանալու շատ թույլ քաղաքական ղեկավարի, այսպես ասած՝ փափուկ խաղալիք են ստանալու։

Ես կարծում եմ՝ մենք լուծում ունենք։ Բոլոր հիասթափվածներին ես խնդրում եմ խաղից դուրս գալ։ Թող մնան միայն նրանք, ովքեր իսկապես գիտակցում են, որ այս պայքարը շատ լուրջ է լինելու, շատ կոշտ է լինելու և անզիջում պիտի լինի։ Ու նորից Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման քաղհասարակությանը՝ խելքներդ գլուխներդ հավաքե՛ք, բավական է՝ բոլորի վրա պիտակ կպցնեք, թե բոլորը կարող են ձեր «հիբրիդային պատերազմի» ֆինանսավորման ծրագրի մեջ տեղավորվել։ Մի՛ փորձեք գլխաքանակ ավելացնել, հատկապես այն մարդկանց, ովքեր իսկապես չեն տեղավորվում ռուսական գծի մեջ։ Բոլորը չէ, որ «խազեին» են ման գալիս»:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս