ՆՊԱՏԱԿՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՓԱԿԵԼՆ Է. ՄԻԼԻԱՐԴՆԵՐՈՎ ՀԵՔԻԱԹ-ՈՒՐՎԱԿԱՆ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ ՄԵԶ. ՍՅՈՒՆԻՔԸ ԿՎԵՐԱԾՎԻ ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ ԱՂԲԱՆՈՑԻ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի արդյունքները պետք է քննարկել ընդհանուր տարածաշրջանային այցի արդյունքներով, Բաքու այցից հետո: Իհարկե, լավ է, որ առաջին անգամ ԱՄՆ փոխնախագահ է Հայաստան գալիս, բայց վերլուծելու համար՝ ինչ ենք ստանալու մենք դրանից, եկե՛ք տեսնենք՝ ինչ են ստորագրել, իսկ ստորագրել են խաղաղ միջուկային համաձայնագիր, թեպետ, ինչպես սովորաբար, այդ տեքստը դեռ չի հրապարակվել: Հանրային կարծիքի հետ խաղ է կատարվում: Իշխանություններից պահանջում ենք հրապարակել այդ համաձայնագրերի տեքստը:
  • Մասնագետներն ասում են՝ մոդուլյար ատոմակայանների արտադրած էներգիան նույն, նույնիսկ ավելի թանկ գին է ունենալու, ինչ մեր ռեակտորների արտադրածը, եթե ոչ՝ ավելի թանկ, բայց սա դեռ ամենը չէ: Բանն այն է, որ Ամերիկան դեռ չունի մոդուլային ատոմակայաններ: Նույնիսկ ամերիկյան հեղինակավոր CNN-ն է այդ մասին ծավալուն հոդված ներկայացրել՝ փաստերով և մասնագիտական կարծիքներով հիմնավորված:

«Փորձագետները նախազգուշացնում են, որ SMR-ների ընդհանուր արժեքը կարող է ավելի ցածր լինել, քան սովորական կայաններինը, բայց դրանք դեռևս շատ թանկ են, ինչը նշանակում է, որ դրանց արտադրած էլեկտրաէներգիայի գինը շատ ավելի բարձր կլինի, քան քամու, արևի կամ գազի էներգիան: Դրանց գործարկումը նաև երկար ժամանակ է պահանջում: Ամբողջ աշխարհում գործում է ընդամենը երեք SMR, և դրանցից ոչ մեկը ԱՄՆ-ում չէ: Մեկը գտնվում է ռուսական լողացող կայանի վրա՝ Սիբիրի ափերին, իսկ մյուս երկուսը՝ Չինաստանում: Այն, թե արդյո՞ք SMR-ների շուրջ ստեղծված աղմուկը հիմնավորված է, պարզ կդառնա միայն դրանք կառուցելուց հետո, և մրցավազքն արդեն սկսված է»,- ասված է CNN-ի հոդվածում:

Կարդացեք նաև

  • Այն մասնավոր ընկերությունները, որոնք պլանավորում են արտադրել մոդուլային ռեակտորներ, բոլորի պլանները կապված են 30-ական թվականների հետ: Այսինքն՝ առաջին մոդուլային ռեակտորը, որը հաջողելու դեպքում կսկսի աշխատել, կլինի 2031թ., ինչը կասկածի տակ են դնում մասնագետները:

  • Մեր էներգետիկայի համար ամենակարևոր հարցը հետևյալն է. մեր ատոմակայանի անվտանգային բոլոր ժամկետները սպառված են: Կան շատ կոնկրետ նախագծեր և փորձված տեխնոլոգիաներ, և Ռուսաստանը, Չինաստանը և Հարավային Կորեան Հայաստանին առաջարկում են նորմալ ատոմակայաններ: Եթե ռուսական առաջարկը կյանքի կոչվեր, ու նոր ատոմակայանը սարքվեր, մենք կունենայինք հուսալի ատոմակայան, որը կարտադրի 1.2 ԳԲ էներգիա:
  • 1993թ. շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ: Կալիֆոռնիայի էներգետիկայի դեպարտամենտը զեկույց հրապարակեց, ըստ որի՝ Հայաստանի նավթի ու գազի պաշարները 2 անգամ ավելին էին, քան Ադրբեջանինը: Դա բոմբ էր: Բայց դա ինֆորմացիոն մանիպուլյացիա էր, որովհետև այդ ժամանակ մեր կառավարությունը մտածում էր ատոմակայանը բացելու մասին, այդ ուղղությամբ աշխատանքներ էին տարվում և ինֆորմացիոն այդ մանիպուլյացիաներն արվում էին հասարակական կարծիքի վրա ազդելու համար, որպեսզի ատոմակայանի բացում չլինի: Դա Թուրքիայի և Արևմուտքի դիրքորոշումն էր, որ ատոմակայան Հայաստանը չպետք է ունենա: Այսօր էլ դա Թուրքիայի, Ադրբեջանի հստակ պահանջն է, որպեսզի Հայաստանի ատոմակայանը փակվի:
  • Վենսի հետ ստորագրած համաձայնագիրը հեքիաթ է. մեզ հորդորում են հրաժարվել մեր ատոմակայանից, թույլ չեն տալիս նոր ատոմակայան կառուցել, բայց փոխարենն առաջարկում են մոդուլային ինչ-որ ատոմակայաններ, որոնք երբեք չեն էլ լինելու: 
  • Ես այս ամեն ինչի տակ տեսնում եմ հեքիաթի վաճառք Հայաստանին: Ստացվում է՝ մենք փակելու ենք նորմալ ատոմակայանը, փոխարենը՝ գայթակղվելու ենք հեքիաթային փոքր մոդուլային ռեակտորներով, որը երբեք չի իրագործվելու և որն ԱՄՆ-ում նույնիսկ չկա, ձախողված փորձեր ունեն միայն: Նպատակն այն է, որ թույլ չտան՝ Հայաստանում նոր ատոմակայան կառուցվի: Ամերիկյան SMR-ները (small modular reactor) ուրվական են. դրանք գոյություն չունեն, և հայտնի չէ՝ դրանք երբևէ գոյություն կունենա՞ն, ու արդյո՞ք տնտեսապես շահավետ կլինեն:
  • Ես դեմ չեմ ԱՄՆ-ի հետ տեխնոլոգիական համագործակցությանը, բայց դա չպետք է կախված լինի աշխարհաքաղաքական ճնշումներից: Միջուկային տեխնոլոգիաների ոլորտում մենք ԱՄՆ-ի հետ համագործակցելու ոչ մի շահ չունենք: Սա փակուղի է: Կան այլ ոլորտներ, որոնցում կարելի էր ԱՄՆ-ի հետ համագործակցել, մասնավորապես, արևային էներգիայի մարտկոցային կուտակիչների ոլորտում, որում Ամերիկան մի քանի մղոն առաջ է բոլորից:
  • Ջեյ Դի Վենսը խոսում է 5 միլիարդ դոլարի մասին, որով Հայաստանն ԱՄՆ-ից միջուկային տեխնոլոգիաներ պիտի գնի, որոնք դեռ արտադրված էլ չեն: Սիրուն, փայլող բան են առաջարկել: Այս անգրագետ վարչակազմի գործելաոճը սա է: Իրենք չունեն ռազմավարություն, թաքցնում են ինֆորմացիան, մանիպուլյացիաներով կառավարում են հանրային կարծիքը:

 Ընթեցողին հիշեցնենք, որ սխալ թարգմանության արդյունքում Ջեյ Դի Վենսի խոսքը լրիվ աղավաղվել էր և կեղծիք էր տարածվում: Թարգմանիչը, որին, ըստ «Արմենպրեսի», տրամադրել էր ամերիկյան կողմը, Ջեյ ԴԻ Վենսի խոսքը ներկայացրել էր խեղաթյուրված՝ նշելով Հայաստանում իբրև թե ամերիկյան 9 միլիարդ դոլարի ներդրումների մասին՝«Սկզբնական 5 միլիարդ դոլարի ներդրումների մասին ենք խոսում, հետագայում ևս 4 միլիարդ, սա փոխշահավետ վիճակ է և Հայաստանի, և իմ երկրի էներգետիկ անվտանգության համար»։  

Այնինչ, իրականում ՋեյԴի Վենսն ասել էր«Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»։ Այսինքն՝ ըստ էության, ԱՄՆ-ի համար է ստեղծվում 9 միլիարդ դոլարանոց հնարավորություն, ոչ թե Հայաստանի:

  • Խոսում են Սյունիքի հանքարդյունաբերության մասին: Հիմա ամենակարևոր խնդիրը հազվագյուտ մետաղներն են՝ լիթիումը, ուրանը… Հիմա եկեք հասկանանք՝ մենք ուզում ենք Հայաստանն աղբանո՞ց դարձնել, Սյունիքն էլ՝ քաղցկեղածին շրջան, ուր գալու են ու մեր առողջության հաշվին փող աշխատե՞ն: Մենք դառնում ենք միներալ կցաբազա ուրիշների համար: Մենք Արևմուտքի հետ համագործակցության՝ մեզ համար ձեռնտու հարթություններ պետք է գտնենք, և դրանք կան, ուղղակի այս իշխանությունն ի վիճակի չէ դա անել: Ո՞րն է լավ՝ հանք տալ հանքարդյունաբերությա՞նը, թե՞ էկոտուրիզմին:
  • Փաշինյանը պատրաստ է Սյունիքը վերածել միջանցքի, աղբանոցի, որի հարստությունները շահագործվելու են:
  • Հունվարի 14-ին ստորագրված TRIPP-ի փաստաթղթում 15 անգամ խոսվում է Հայաստանի ինքնիշխանության մասին, բայց այն, ինչ մեզ առաջարկվում է, ինքնիշխանության մասին չէ, այլ դրա ոչնչացման: Մեր ինքնիշխանությունը մեզ բավականացնելո՞ւ է, որ այդ տարածքում մենք կառուցենք Հայաստանն Իրանին կապող երկաթուղի: Սա շատ կարևոր հարց է: Ես սրա շուրջ բանակցել եմ իրենց հետ 2019թ., Մհեր Գրիգորյանը, էկոնոմիկայի նախարարը մեծ խանդավառությամբ են ընդունել այդ նախագիծը, բայց Փաշինյանն անձամբ է կասեցրել այն:
  • Չպետք է մեղադրենք Ամերիկային. նա անում է իր երկրի շահերից բխող քայլեր, իսկ Թրամփի համար Ամերիկան առաջին տեղում պետք է լինի: Փաշինյանի համար Հայաստանը ոչ առաջին տեղում է, ոչ նույնիսկ հինգերորդ. Այդ շարքում Հայաստանից առաջ կան Թուրքիան, Ադրբեջանը, ԱՄՆ-ը:
  • Ես կասկածի տակ չէի դնի ամերիկյան հետախուզական դրոնների անհրաժեշտությունը: Իմ կասկածը ՍՈՒ-30 կործանիչներն են, որոնք, հետո պարզվեց, Փաշինյանը գնել էր ոչ թե Рособорона-ից, այլ շուստրիություն են արել ու ձեռք բերել գործարանից՝ առանց սպասարկող ատրիբուտների՝ հրթիռների և այլ սարքավորումների: Եվ դրանք ոչ մի բանի պիտանի չէին, անպետք մետաղ դարձան և պատերազմի ընթացքում ոչ մի բանի պետք չեղան: 100 միլիոն ծախսվել էր ջարդոն առնելու համար՝ պարզ ոչ կոմպետենտության պատճառով: Հիմա ես երաշխիք չունեմ, որ նույն բանը դրոնների հետ չեն արել: Մենք ունենք ամենաապաշնորհ վարչակազմը Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում:

Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանը և Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ներկայիս ՊՆ նախարար, այն ժամանակ՝ Տարածքային կառավարման նախարար  Սուրեն Պապիկյանը,  Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը միասին 2019թ. դեկտեմբերին մասնակցում էին Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների ցուցադրական թռիչքներին, լուսանկարվում…

«Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև ժամանում են մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, որոնց ձեռքբերման մտադրության մասին դեռ նախորդ տարի էին հայտնել: Այսինքն՝ ժամանում է ինքնաթիռների առաջին խմբաքանակը, և այս ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, մեր ժողովրդի ապահովման գործում»,- այդ օրը նշել էր Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց մի լուսանկար, որում նա գտնվում էր ռուսական Су-30СМ կործանիչի օդաչուի խցիկում: 

Հետագայում պարզվեց՝ ոչ մի բանի պիտանի չէին. ինքնաթիռները ձեռք էին բերվել առանց անհրաժեշտ հրթիռների և «աքսեսուարների», ինչի պատճառով դրանք ծառայում են միայն ուսումնական վարժանքների համար, այլ ոչ թե մարտական խնդիրների լուծմանը։ Փաշինյանի իշխանությունը, քննադատելով նախկինների գնումները, անընդհատ կատարում է չհաշվարկված, թանկարժեք և մարտական տեսանկյունից ոչ արդյունավետ գնումներ (այդ թվում՝ Հնդկաստանից և Ֆրանսիայից)՝ առաջնորդվելով ոչ թե ռազմական կարիքներով, այլ քաղաքական «փիառով»։

Այսօր արդեն նա «փիառվում է» ամերիկյան հետախուզական դրոններով՝ լուսանկարվելով բերված դրոնի հետ:

  • Իսրայելական մամուլը չի էլ թաքցնում, որ Սյունիքով միջանցքն իրենց համար է կառուցվում՝ Իրանին մեկուսացնելու և իսրայելական ռազմական ուժի հասանելիությունը դեպի Իրան ապահովելու նպատակով: TRIPP-ը շահեկան է նաև Ամերիկայի համար, Թուրքիայի, Ադրբեջանի, խնդրահարույց է Չինաստանի համար, Հնդկաստանի, Ռուսաստանի շահերի համար: Մենք զուտ աշխարհաքաղաքական իմաստով ունենք դեռ չհաստատված միակողմանի խաղաղության մոդել: TRIPP-ն ական է դառնում: BRICS-ի երկրները հենց այնպես չեն հանձնելու տարածաշրջանը: Նիկոլ Փաշինյանը պրոքսի պատերազմի թատերաբեմ է դարձնում Հայաստանը: Դրա համար մենք ասում ենք՝ կենսականորեն անհրաժեշտ է Հայաստանն Իրանին կապող երկաթուղու կառուցումը: Այս կերպ մենք կազատագրվենք Ադրբեջանից միակողմանի կախվածությունից:
  • Նորմալ իշխանության պարագայում Հայաստանի հետ ոչ ոք չի կարող համագործակցել էքսկլյուզիվության հիմքով: Երբ դու համագործակցում ես այդ սկզբունքով, էքսկլյուզիվ կերպով հայտնվում ես որևէ երկրի գրպանում: Երբ դու քո տարածքն էքսկլյուզիվության սկզբունքով տալիս ես մի երկրի, ստանում ես ընտրական աջակցություն, ինչպես Փաշինյանը: Հայաստանի փրկությունն այնպիսի կառավարության՝ իշխանության գալու մեջ է, որը չի սպասարկում որևէ մեկի էքսկլյուզիվության իրավունքը:
  • Մեր ժողովրդին համբերատար պետք է բացատրենք, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության աջակցությունը ստանում է մեր ու մեր երկրի շահերի հաշվին: Մենք պետք է մեր ժողովրդին բացատրենք «Հայաստանը՝ նախևառաջ» կոնցեպտը, որովհետև դրա մեջ է մեր ազգային շահերի սպասարկումը: Եթե հայկական օրակարգը հաղթի օտարածին օրակարգերին, մենք կհաջողենք: 
  • Մենք բացառելու ենք Անկախության հռչակագրի հանումը Սահմանադրությունից. դա Ալիևի պահանջն է: Եթե լինենք իշխանություն, կիսանախագահական կառավարման համակարգը վերականգնելու ենք, անցկացնելու ենք նախագահի ընտրություններ: Ի տարբերություն մեզ՝ Նիկոլը Սահմանադրություն փոխելու տակ հասկանում է բացառապես Անկախության հռչակագրի դուրսբերումը, որ կատարվի Ալիևի պահանջը: Ինքը շահագրգռված չէ կառավարման մոդելը փոխել. ինքն ունի սուպերվարչապետական համակարգ, որով ուզում է հավերժացնել իր իշխանությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս