ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Բերբոքը կոչ է արել հետևել ՄԱԿ-ի կանոնադրությանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ, Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոքը Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդարանում ելույթ ունենալով՝ կոչ է արել աշխարհին աջակցել ՄԱԿ-ին և հետևել նրա կանոնադրությանը. տեղեկանում ենք Deutsche Welle-ի հրապարակումից։
«Ներկայիս աշխարհակարգը ոչ միայն ճնշման տակ է, այլև ենթարկվում է հարձակման։ Աշխարհը ՄԱԿ-ի կարիքն ունի, և հենց հիմա խաղաղությունն անհրաժեշտություն է»,- հայտարարել է Բերբոքը։
Ստրասբուրգում ունեցած իր ելույթում Գերմանիայի նախկին արտգործնախարարը մատնանշել է Ուկրաինայում, Գազայի հատվածում և Սուդանում տեղի ունեցող պատերազմները, Վենեսուելայի և Իրանի ճգնաժամերը, ինչպես նաև Գրենլանդիայի շուրջ ստեղծված վեճը։
«Այն իրավիճակում, երբ ՄԱԿ-ի գործունեությունը հատկապես անհրաժեշտ է, նույնիսկ այն ուժերը, որոնք հատուկ պատասխանատվություն են կրում խաղաղության և անվտանգության պաշտպանության համար, երես են թեքում դրանից», – ցավով նշել է Բերբոքը։



