Մեծ խաղ Կովկասում. Ջեյ Դի Վենսի այցը Երևան և Բաքու՝ տարածաշրջանային համատեքստում

Ամերիկյան լրատվամիջոցները, ապա նաև Սպիտակ տունն ազդարարել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան փետրվարի 9-11-ը: Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել էր զարգացնել համաձայնագիրը, որն ուղղված է երկու երկրների միջև 40-ամյա հակամարտության դադարեցմանը, նշում է ABC News-ը:

Հատկանշական է` ԱՄՆ լրատվամիջոցները միանգամայն բացահայտորեն ընդգծում են այս այցի գլխավոր նպատակը։ Ըստ նրանց՝ խաղաղության համաձայնագիրն ամրապնդում է Վաշինգտոնի դիրքերն Անդրկովկասում՝ միաժամանակ թուլացնելով Ռուսաստանինը։ Հավանաբար, նրանք այս երկու գործընթացներում տեսնում են ակնհայտ և տրամաբանական փոխկապակցվածություն։ Այնտեղ, որտեղ Եվրասիայում ամերիկացիները «շահել են», ռուսները «տանուլ են տվել»: «Զրոյական գումարով խաղը» չի չեղարկվում նաև ներկայիս վարչակազմի օրոք։

Պատահական չէ, որ ամերիկացիներն ուշադրությունը կենտրոնացնում են այն բանի վրա, որ Երևանն ու Բաքուն Վաշինգտոնի միջնորդությամբ պայմանավորվել են համաձայնագրի շրջանակներում վերսկսել առանցքային տրանսպորտային ուղիների աշխատանքը և ամրապնդել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ էներգետիկայի, տեխնոլոգիաների և տնտեսության ոլորտներում։ Թերևս, այս առումով առավել ուշագրավ է այն, թե ինչպես են ամերիկացի լրագրողներն իրենց լսարանին ներկայացնում, այսպես կոչված, «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։  Նույն ABC News-ը գրում է՝ այն կկապի Ադրբեջանն ու նրա ինքնավար Նախիջևանի էքսկլավը, որոնք բաժանված են «42 կիլոմետր լայնությամբ (20 մղոն) հայկական հատվածով»: Ահա Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի այսպիսի յուրահատուկ վերաբերմունք, այսպիսի «մանրուք»՝ «հայկական տարածքի մի կտոր»։

Մինչդեռ, ԵՄ-ն և ԱՄՆ-ը շարունակում են իրենց ագրեսիվ ընդլայնումը՝ առաջ մղելով լայն համագործակցության օրակարգ: Օրերս Երևանում տեղի ունեցավ բարձր մակարդակի երկխոսության երրորդ նիստը՝ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի և Եվրոպական արտաքին կապերի ծառայության քաղաքական տնօրեն Օլոֆ Սկուգի համանախագահությամբ: Կողմերը քննարկել են արտաքին քաղաքականության և անվտանգության արդիական հարցեր՝ վերահաստատելով գործընկերության ռազմավարական նշանակությունը և արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության խորացման ընդհանուր հանձնառությունը: Ընդ որում, հատուկ ուշադրություն է դարձվել «կարծիքների հետևողական և կառուցվածքային փոխանակմանը»։ Բանակցությունների ընթացքում արծարծվել են ռազմավարական օրակարգի դրույթների իրականացման հարցեր։ Նշվել է ԵՄ ճգնաժամերի կառավարման առաքելություններին և գործողություններին Հայաստանի մասնակցության մասին շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելը։  Եվրաբյուրոկրատները փորձել են համոզել հայկական կողմին, որ Բրյուսելն իբր աջակցում է Հայաստանի կայունության և անվտանգության ամրապնդմանը՝ 2024 թվականից ի վեր Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում հատուկ առաքելության և ֆինանսական աջակցության առկայության միջոցով։

Կարդացեք նաև

Մինչդեռ «անվտանգությունը» հավաքական, տվյալ դեպքում՝ եվրոպական Արևմուտքն իրականում ուղղակիորեն կապում է Հայաստանի ներքաղաքական գործընթացին միջամտության հետ։ Այլ կերպ ինչպե՞ս բացատրել այն փաստն ու հանգամանքը, որ նշված միջոցառման ժամանակ կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Հայաստանի «ժողովրդավարական գործընթացներն» արտաքին միջամտությունից պաշտպանելու համար: Այստեղ են հայտնվել նաև Երևանի «անվտանգության սպառնալիքները» հիբրիդային, կիբեր և տեղեկատվական ոլորտներում։ Հայկական ժողովրդավարության «լիարժեքությունը», բնականաբար, կորոշեն արևմտյան մայրաքաղաքներում։ Բացի այդ, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացին, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Եվրամիությունը վերահաստատել է աջակցությունը նախաձեռնություններին՝ ելնելով տարածաշրջանի երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքներից: Միևնույն ժամանակ, կողմերն ընդգծել են «խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունների և «TRIPP ճանապարհ» նախագծի նշանակությունը տարածաշրջանային և անդրտարածաշրջանային կապերի ամրապնդման համար:

ԵՄ-ն ողջունել է ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության հետ Հայաստանի դիրքորոշումների փոխհամաձայնության աճը և երկրի կայուն մասնակցությունը միջազգային անվտանգության հարցերում՝ վերահաստատելով այդ համագործակցության հետագա խորացմանն աջակցելու պատրաստակամությունը: Ասել է թե՝ եվրոպացիները միանգամայն գոհ են գործող հայկական իշխանության կողմից ինքնիշխանությունը հանձնելու տեմպերից։

Այս խորապատկերին մասնակիցները նաև ընդգծել են Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի կարևորությունը, որը տեղի կունենա 2026 թվականի մայիսին Երևանում (հենց խորհրդարանական ընտրությունների նախօրեին)՝ վերահաստատելով իրենց հավատարմությունը «ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության» սկզբունքներին։ Եվրոպական միությունը նշել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական աջակցությունը: Հայտնի է՝ քաղաքականության և անվտանգության երկխոսության հաջորդ նիստը նախատեսված է 2027 թվականին Բրյուսելում:

Բացի այդ, Երևանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ TRIPP նախագծի և ԱՄՆ Պետքարտուղարության «Գործընկերություն գլոբալ ենթակառուցվածքների և ներդրումների ոլորտում» ծրագրի շրջանակներում Հայաստան է ժամանել ամերիկյան ինժեներա-խորհրդատվական AECOM ընկերության մասնագետների խումբը: Փորձագետները ձեռնամուխ են եղել տվյալ նախագծով նախատեսված հարթակների նախնական հետազոտմանը։ Դիվանագիտական ներկայացուցչությունում նաև հստակեցրել են՝ նախագիծն ուղղված է տեխնիկական հետազոտությունների անցկացմանը և երկաթուղային և այլ ենթակառուցվածքի զարգացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստմանը:

Դատելով ամենից՝ մինչ Երևանը փորձում է կողմնորոշվել ուժի տարբեր կենտրոնների միջև՝ ենթադրելով, թե խաղարկում է նրանց տարբերակված ներուժով, Եվրամիությունն ու ԱՄՆ-ը «ժողովրդավարության» և «չմիջամտելու» պատրվակով հետապնդում են իրենց սեփական ինստիտուցիոնալ չափանիշների համար միասնական և հետևողական լոբբինգի գիծ: Ի վերջո, հավաքական Արևմուտքը վճռականորեն տրամադրված է տասնամյակներ շարունակ լիովին ենթարկեցնել Հայաստանի իշխող վերնախավին:

Հատկանշական է՝ Հավաքական Արևմուտքի կողմից Հայաստանին սիրաշահելու այս բոլոր փորձերն ընթանում են զուգահեռ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև 7 մղոնանոց զարգացող ռազմատեխնիկական համագործակցության հետ։ Մյուս կողմից, ամրապնդվում է Հայաստանի համար ակնհայտ անբարյացակամ Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան առանցքը։ Դրան, ամենայն հավանականությամբ, արդեն հարում է նաև Սաուդյան Արաբիան։

Իզուր չէ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում հայտարարել է Ադրբեջանին ամերիկյան արտադրության պաշտպանական սարքավորումներ վաճառելու մտադրության մասին:

Իսկ բոլորովին վերջերս Իսլամաբադում ՌԾՈՒ շտաբի բազայի վրա կայացել է Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատար, դերծովակալ Շահին Մամեդովի և Պակիստանի ՌԾՈւ շտաբի պետ, ծովակալ Նավիդ Աշրաֆի հանդիպումը, որի ընթացքում կողմերը հաստատել են պաշտպանական ոլորտում երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և ընդլայնելու մտադրությունը: Բանակցությունների ընթացքում մասնակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային ծովային անվտանգության ապահովումը և ուսուցման, կադրերի պատրաստման և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի միջոցով: Հայաստանում, թերևս, ամբողջովին մոռացել են, թե Պակիստանն ինչ դիրքորոշում, գուցե նաև մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմին։

Երկկողմ փոխգործակցության ակտիվացումը հաջորդել է 2025 թվականի մայիսին Հնդկաստանի հետ նրա կարճատև ռազմական բախման ընթացքում Թուրքիայի և Չինաստանի հետ համատեղ Ադրբեջանի բացահայտ աջակցությանը Պակիստանին։ Եվ դա պարզապես հռետորաբանություն չէ։

Մամեդովին մանրամասն տեղեկություններ են ներկայացվել Պակիստանի ռազմածովային ուժերի ընթացիկ նախագծերի մասին, այդ թվում՝ ռազմածովային ուժերի արդիականացման ծրագրեր, տեխնիկական ներուժի զարգացում, ծովային անվտանգության ոլորտում հեռանկարային նախաձեռնությունների իրականացում: Երկուստեք նշվել է, որ երկու երկրների ռազմածովային ուժերն արդեն պահպանում են «եղբայրական և սերտ կապերը»՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը հետագայում ևս կզարգանա և կընդլայնվի տարբեր ուղղություններով:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Աշրաֆը Մամեդովի հետ հանդիպել էր նաև 2025 թվականի օգոստոսին Բաքվում, որտեղ արդեն այն ժամանակ կողմերն առարկայական քննարկել էին երկկողմ ռազմածովային համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնումը զորավարժությունների և փորձի փոխանակման ծրագրերի միջոցով:

Զարգացող ռազմատեխնիկական համագործակցության հետ մեկտեղ՝ Պակիստանն Ադրբեջանին դիտարկում է նաև որպես տնտեսական գործընկեր՝ ակնկալելով զգալի ներդրումներ ներգրավել ազգային տնտեսությանն աջակցելու և էներգետիկ անվտանգությունն ուժեղացնելու համար: 2026 թվականի հունվարին վարչապետ Շահբազ Շարիֆը հայտնել էր, որ երկիրը գտնվում է Ադրբեջանի հետ մոտ 2 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագրի նախապատրաստման վերջին փուլում։ Մի խոսքով, Հայաստանի պարանոցին օղակը սեղմվում է թե դրսից՝ ընդգծված հակահայկական առանցքի ուժեղացմամբ, այնպես էլ՝ ԱՄՆ-ի ու Եվրամիության միջամտությամբ Հայաստանի ինքնիշխանությանը։

Յուրի Մավաշև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս