Փաշինյանի իշխանության օրոք ԳՇ ոչ մի պետ չի պաշտոնավարել այնքան, որքան օրենքը թույլ է տալիս. փաստերի հետքերով
Քանի որ այս օրերին իշխանական և մերձիշխանական շրջանակներից ուղղակի կամ անուղղակի դաշտ են նետվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի հնարավոր ազատումների կամ դրանց անհրաժեշտության մասին խոսակցություններ, ցանկություններ և դիրքորոշումներ, ըստ այդմ՝ հարկ ենք համարում մի դրվագի վրա ուշադրություն հրավիրել, որին օրենսդրական այս շեշտադրմամբ չենք անդրադարձել:
Եվ այսպես:
ՀՀ սահմանադրության 155 հոդվածը սահմանում է, որ «Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով»:
2017թ. ընդունված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է, որ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում»:
Հիմա տեսնենք՝ արդյո՞ք 2018 թվականի իշխանափոխությունից հետո օրենքի այս պահանջը պահվել է:
2016 թվականի հոկտեմբերի 3-ին Մովսես Հակոբյանը նշանակվել էր ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, իսկ 2018 թվականի մայիսի 24-ին նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:
Ընդ որում, երբ այս որոշման մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր կառավարության նիստի ժամանակ, հստակ նշել էր. «Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում»:
Միաժամանակ նա հայտնել էր, որ Հակոբյանն այլ աշխատանքի է անցնելու, և գեներալն անմիջապես նշանակվել էր գլխավոր ռազմական տեսուչ:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Մովսես Հակոբյանն ասել էր, որ 5 օր շարունակ Փաշինյանից ԳՇ պետի պաշտոնից ազատելու հիմնավորում է պահանջել:
«Վարչապետի հիմանվորումն ինձ բավարարել է»,- շարունակել էր նա:
Այսինքն, այս դեպքում գործ ունենք 2 տարուց էլ պակաս պաշտոնավարման հետ, բայց նաև փոխհամաձայնության. մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական հարմարությունից ելնելով՝ չի ցանկացել Մովսես Հակոբյանի հետ աշխատել ԳՇ պետի պաշտոնում, մյուս կողմից՝ նրան չի թողել առանց պաշտոնի և հասկացրել է, որ որպես ԳՇ պետ՝ մասնագիտական առումով «պրետենզիաներ» չի ունեցել, թեև Մովսես Հակոբյանի ԳՇ պետ եղած ժամանակ է, որ ադրբեջանական զինուժը դիրքային բարելավումներ է ունեցել Նախիջևանի հատվածում, որի պատասխանատվությունը նա փորձում էր թողնել միայն այդ ժամանակ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար եղած Արտակ Դավթյանի վրա:
Իսկ 2018 թվականի մայիսի 24-ին ՀՀ ԳՇ պետ է նշանակվել գեներալ Արտակ Դավթյանը, 2020 թվականի հունիսի 8-ին նրան Փաշինյանի որոշմամբ ազատեցին: Բնականաբար, պատճառն այն չէր, ինչ Փաշինյանն էր ասել՝ համաճարակի օրերին որդու հարսանիք:
Պատերազմի շեմին գտնվող երկրի Գլխավոր շտաբի պետին նման զավեշտալի պատրվակով չեն ազատում պաշտոնից, հատկապես, երբ 2019 թվականին, մեր տեղեկություններով, ԳՇ-ում խորհրդակցությունների ժամանակ պատերազմի հավանականությունը ևս բարձր է գնահատվել, նույնիսկ նշվել է, որ հաջորդ պատերազմը լինելու է ավելի լայնածավալ, քան 2016 թվականի Ապրիլյան պատերազմը: Ընդ որում, այս միտքը Դավթյանը մի առիթով ասել է նաև Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցի ժամանակ:
Այսինքն, ավելի լուրջ պատճառ է եղել, և չի բացառվում, որ հենց Արտակ Դավթյանն է ցանկացել հեռանալ այդ պահին:
Իսկ եթե նրա ռազմական ունակությունները չէին համապատասխանում այդ պաշտոնի համար, ապա ինչո՞ւ էր նրան Նիկոլ Փաշինյանը կրկին վերադարձնում նույն պաշտոնին:
Սրան դեռ կանդրադառնանք: Իսկ այս դեպքում ևս առկա է օրենքում սահմանվածից պակաս պաշտոնավարման ժամկետի փաստ՝ պաշտոնապես առանց լուրջ հիմնավորման:
Եվ 2020 թվականի հունիսի 8-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում նշանակվում է Օնիկ Գասպարյանը: Սրանից մեկ ամիս հետո սկսվում են հուլիսյան մարտերը, դրանից հետո էլ՝ 44-օրյա պատերազմը:
Ի դեպ, 2023 թվականին «Հաշվի են առնվել բազմաթիվ գործոններ». ինչու Փաշինյանն Օնիկ Գասպարյանին ԳՇ պետ չնշանակեց 2018-ին» վերտառությամբ վերլուծություն ենք հրապարակել, որտեղ հետաքրքիր դրվագներ ենք ներկայացրել:
Իսկ թե ինչպես է 2021թ. մարտի 18-ին ԳՇ պետի պաշտոնից ազատվել Օնիկ Գասպարյանը, հիշում ենք՝ իրավունքի ուժով: Եվ սա այն բանից հետո, երբ 2021 թ. փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը տարածած հայտարարությամբ պահանջեց Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության թիմի հրաժարականը: Սա Փաշինյանը որակել էր ռազմական հեղաշրջման փորձ և դրանում փորձել տեսնել ներքին և արտաքին միջամտություն, թեպետ չի բացառվում, որ հենց Օնիկ Գասպարյանի հեռացման մեջ լինեն արտաքին գործոններ:
Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 17-ին Օնիկ Գասպարյանն իր ուղերձում հայտնել էր, որ 2020 թվականի պատերազմի 4-րդ օրն ԱԽ նիստում առաջարկել է «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:
Բայց Փաշինյանը ոչ միայն այդ ժամանակ այս առաջարկով չի զբաղվել, այլ հետո այս մասին Օնիկ Գասպարյանի գաղտնազերծումն անմիջապես չի հերքել, ոչ էլ մտածել է նրանից ազատվելու մասին, այս մասին հիշել է միայն ԳՇ-ի հայտնի հայտարարությունից հետո: Գուցե այդպես էր պետք: Իսկ Օնիկ Գասպարյանը ևս չի հասցնում լիարժեք 2 տարի պաշտոնավարել ԳՇ պետի պաշտոնում:
Եվ Նիկոլ Փաշինյանը որոշում է 2021 թվականի մարտի 22-ին Արտակ Դավթյանին երկրորդ անգամ վերադարձնել ԳՇ պետի պաշտոնին:
Սա, ըստ էության, ձեռնտու էր այդ պահին նաև ՀՀ զինված ուժերին, գուցե նաև Օնիկ Գասպարյանին, քանի որ «երաշխիք» կար, որ կտրուկ կադրային փոփոխություններ չեն լինի, և, ըստ էության, չեղան: Եվ երբ նման խնդիր է դրվել, մեզ հասած լուրերի համաձայն, Արտակ Դավթյանը որոշել է հեռանալ՝ 2022թ. փետրվարի 24-ին նա ազատվել է ԳՇ պետի պաշտոնից:Եվ իրականում նույն ժամանակում կադրային մի շարք փոփոխություններ են արվում:
Իսկ Արտակ Դավթյանի պաշտոնանկությունից հետո մինչև 2022 թվականի հուլիսի 14-ը Գլխավոր շտաբը ղեկավարվում է պաշտոնակատարի կողմից, և 2022 թվականի հուլիսի 14-ին ԳՇ պետ է նշանակվում Էդվարդ Ասրյանը: Արդյո՞ք նա 5 տարի կմնա այս պաշտոնին, ինչպես «Պաշտպանության մասին» օրենքն է սահմանում, խիստ կասկածում ենք:
Ի՞նչ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք արդեն պաշտոնավարող կամ նշանակված Գլխավոր շտաբի ոչ մի պետ 5 տարի չի պաշտոնավարել, և ազատվել է առանց պաշտոնական հստակ հիմնավորման, այսինքն, Փաշինյանի քաղաքական քմահաճույքից ելնելով:
Ավելին, մի առիթով ծավալուն ուսումնասիրություն ենք ներկայացրել, որ նախկինների բանակը քննադատող Փաշինյանը, ոտնահարելով սահմանադրության պահանջը, որ «Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է», փոխեց բանակի կառավարման մոդելը և ԳՇ պետին դարձրեց պաշտպանության փոխնախարար, մոտ 20 տարի հետ գնալով, թեպետ այն ժամանակ ԳՇ պետը համարվում էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ինչն այս դեպքում չկա:
Այսինքն, ինչպես վերևում հիշատակված վերլուծության մեջ գրել ենք, մինչև 2008 թվականը և նույնիսկ մինչև 2008 թվականի որոշակի հատված ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը համարվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Սա կարող ենք տեսնել գեներալ-գնդապետներ Միքայել Հարությունյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի կենսագրականներում և Նախագահի համապատասխան հրամանագրերում:
Մասնավորապես, 2008թ. ապրիլի 14-ին Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սեյրան Օհանյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով 2008թ. ապրիլի 15-ին Յուրի Խաչատուրովը նշանակվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
Այլ հարց է, որ 2008թ. ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իրականացվել էին որոշակի բարեփոխումներ, կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում ԳՇ պետը դադարել էր լինել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ինչը, ըստ էության, ճիշտ որոշում էր:
Եվ արդեն 2009թ. հունվարի 31-ի Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ` ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը չեղարկեց 2009 թվականին Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ընդունված այս կարևոր որոշումը և ոչ միայն սա, որին ևս անդրադարձել ենք:
Ինչ վերաբերում է նախկինների օրոք ԳՇ պետերի պաշտոնավարման ժամկետներին, ապա նրանք բավականին երկար են պաշտոնավարել, եղել են ժամկետի երկարաձգումներ:
Օրինակ, Յուրի Խաչատուրովը 2009 թվականի հունվարի 31-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, այնուհետ ՀՀ նախագահի հրամանագրով 2013 թվականի հուլիսի 30-ից մինչև 2017 թվականի մայիսի 1-ը նրա պաշտոնավարումը երկարաձգվում է: Այլ հարց է, որ հետո ԳՇ պետի պաշտոնից նա ազատվում է 2016թ. հոկտեմբերի 3-ին:
Ի դեպ, եթե նայում ենք 1997թ.-ին և 2008-ի նոյեմբերի 27-ին ընդունված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքները, ըստ էության, ԳՇ պետի պաշտոնավարման հստակ ժամկետ չկա սահմանված, ինչպես 2017թ. ընդունված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում:

