Ցանկություն քիչ է, որոշողը Նիկոլ Փաշինյանն է
Օգոստոսի 4-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նոր նախագահի ընտրության համատեքստում անդրադարձել ենք 44-օրյային առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցը հանրայնացնել-չհանրայնացնելու մասին հարցին:
Մեր հոդվածում նշել ենք, որ նորընտիր ԱԺ անդրանիկ նստաշրջանի օրակարգում առաջիկայում ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի՝ Վիլեն Գաբրիելյանի օգտին քվեարկությունն է, և նրան հարցեր են տալու նաև 44-օրյայի զեկույցի մասին, ուստի դեռ այս հարցին անդրադարձ կլինի: Բացի այս, հիշեցրել ենք ԱԺ-ում ամիսներ առաջ հնչեցված Փաշինյանի պատասխանը հարցին՝ ինչո՞ւ զեկույցը չի հրապարակվում:
«Հիմա էլ եկել են, թե՝ բա քննիչ հանձնաժողովի զեկույցը… ասենք, ձեզ պարզ չի՞՝ հես ա էդ էլ ինչ-որ ձևով պիտի հրապարակվի»,- արձագանքել էր նա:
Ըստ այդմ չենք բացառել, որ գուցե իր համար քաղաքական հարմար պահի Փաշինյանը դա ինչ-որ ֆորմատով հանրայնացնի կամ քննարկման առարկա դարձնի, և այդ «հաջողությունը», հնարավոր է՝ Վիլեն Գաբրիելյանը կամ ԱԺ նոր նախագահն իրենց ն իրեն վերագրեն:
Եվ այս օրերին ԱԺ-ում, ինչպեսև սպասվում էր, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավակնող Վիլեն Գաբրիելյանին տրվել են 44-օրյայի զեկույցի հանրայնացմանն առնչվող հարցեր:
Ի՞նչ է պատասխանել Գաբրիելյանը, ով, ի դեպ, չի ծանոթացել զեկույցին և իր ստորագրությունը չի դրել դրա տակ՝ որպես նախկին խորհրդարանում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, թեև մասնակցել է քննիչ հանձնաժողովում հրավիրված հարցաքննություններին:
«Քննիչ հանձնաժողովի զեկույցի ճակատագրի հարցը պետք է լուծվի բացառապես հանրային հաշվետվողականության, թափանցիկության, օրենքի և օբյեկտիվության սկզբունքներին համապատասխան՝ առանց կանխակալ գնահատականների: Մեր հասարակության իրազեկված լինելու իրավունքը չի կարող խաթարվել»,- եղել է իշխող ուժի ներկայացուցչի պատասխանը:
Ի դեպ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջերս լրագրողներին ասել է, որ զեկույցին առնվազն պետք է ծանոթանան 44-օրյայում որդի, ամուսին կորցրածները, այսինքն՝ նրանք, ովքեր հարազատներ են կորցրել:
Իսկ հակադարձմանը՝ Դուք պատրա՞ստ եք այդ զեկույցը հրապարակել, թե՞ ոչ, Վիլեն Գաբրիելյանը նախ արձագանքել է՝ այն, որ մինչ այժմ դա չի հանրայնացվել, պատճառն օրենքների սխալ մեկնաբանությունն է:
Հիշեցնենք Անդրանիկ Քոչարյան-Ալեն Սիմոնյան օրենսդրաիրավական վեճը, երբ դեպքերը զարգացան Ալեն Սիմոնյանի ասածով: Բայց ավելի ուշ Գաբրիելյանը նշել է իրական պատճառը:
«Վիլեն Գաբրիելյանի որոշելիքը չի, ոչ էլ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի, բայց Վիլեն Գաբրիելյանի ցանկությունն է, որ այդ զեկույցը հասանելի լինի մեր հանրությանը»,- շեշտել է նա:
Այստեղ եկանք և հասանք մեր պնդմանը՝ որոշողը Նիկոլ Փաշինյանն է:
Արդյոք Վիլեն Գաբրիելյանի ցանկությունն ինչ-որ պահի կդառնա՞ նաև Փաշինյանի ցանկությունը, երբ և որքանով, ցույց կտա ժամանակը:
Մի բան հստակ է՝ այդ ժամանակ օրենսդրական հիմքեր էլ կգտնվեն, առնվազն այն կդառնա ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական նոր հանձնաժողովի նիստերից մեկի քննարկման նյութ:
Ո՞վ գիտի՝ գուցե այդ ժամանակ նաև ինչ-որ չափով իրականացվի ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքների շուրջ փակ հանդիպում կազմակերպելու առաջարկը, ինչի իրագործումը նախընտրական շրջանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ճիշտ չէր համարել՝ տարբեր շահարկումների առիթ չտալու հիմնավորմամբ:

