Ի՞նչ է հերպեսը, ինչպե՞ս է փոխանցվում, ուռուցքային ո՞ր հիվանդությունների պատճառ կարող է լինել
Հերպեսը (տենդաբշտիկ) աշխարհի ամենատարածված վիրուսային հիվանդություններից մեկն է: Այն ունի կրկնվելու հատկություն: Սովորական հերպեսով վարակված է աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը: Վիրուսից խուսափելու, առաջացրած բարդությունների մասին զրուցել ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Հայկ Հարությունյանի հետ:
– Ի՞նչ է հերպեսը և ինչպե՞ս է փոխանցվում:
– Աշխարհում այսօր ապացուցված է, որ մի շարք հիվանդություններ պայմանավորված են հերպես վիրուսով: Այն մեծ վիրուսների շարք է, և քչերը գիտեն, որ դրանց շարքին է դասվում նաև ջրծաղիկի վիրուսը, ցիտոմեգալովիրուսը: Ընդհանուր առմամբ հերպես վիրուսների շարքը բաժանված է 8 խմբի, որոնցից մեզ ամենահայտնիներն առաջին և երկրորդ տեսակի հասարակ հերպես վիրուսներն են, երրորդ խմբում ջրծաղիկի և հետագայում գոտևորող որքինի հարուցիչն է, 4-րդ խումբը ցիտոմեգալովիրուսներն են, մյուս խմբերն ավելի քիչ ուսումնասիրված են:
Ապացուցված է, որ որոշ ուռուցքային հիվանդություններ, որոնք բավականին տարածված են, պայմանավորված են հերպես վիրուսի 6, 7, 8 տիպերով:
Նշեմ, որ հերպեսները երկար ժամանակ կարող են պահպանվել օրգանիզմում, նույնիսկ մարդիկ կարող է չիմանան դրա մասին և որոշակի պայմաններում՝ հիմնականում իմունդեֆիցիտային վիճակներում, արտահայտվում է:
Ցանկացած տեսակ ունի օրգանները, թիրախ համակարգերը, որտեղ երկարատև մնում է: Ջրծաղիկի 3-րդ տիպի վիրուսները երկարատև մնում են նյարդային համակարգում, ցիտոմեգալովիրուսը, Էպշտեյն Բարի վիրուսները՝ արյան բջիջներում: Էպշտեյն Բարի դեպքում հետազոտել են 29-30 տարեկանների և պարզվել է, որ 95 տոկոսից ավելին երբևէ հիվանդացել կամ անախտանիշ տարել են հիվանդությունը:

– Օրգանիզմում լուռ պահպանվելով հանդերձ և՞ս կարող են վնասել մարդուն:
– Նայած՝ որ խմբի հետ գործ ունենք: 1-2-րդ տիպ վիրուսները շատ չեն տարածվում, սովորաբար տեղակայվում են բերանի, դեմքի շրջանում: Մյուս խմբերը կարող են դանդաղ, բայց իրենց ազդեցությունն ունենալ, ուռուցքային հիվանդությունների պատճառ դառնալ: Դա կարող է լինել արյունաստեղծ համակարգի, իմունային համակարգի ուռուցքային հիվանդությունը: Կա քրոնիկ հոգնածություն հասկացությունը, որ մարդիկ չեն էլ պատկերացրել, որ դա կարող է վիրուսով պայմանավորված լինել: Կա նման ձևակերպում, որ եթե մարդը հանկարծակի կորցրել է աշխատունակության 50 տոկոսը և որևէ այլ հիվանդություն չի հիմնավորում այն, ներկայումս փորձում են կապել հերպես վիրուսների հետ:
Իմունային համակարգը ճնշող դեղորայք ստացողների, ՄԻԱՎ վարակակիրների մոտ առաջին դրսևորումներից մեկը լինում են հերպես վիրուսով պայմանավորված հիվանդությունները:
– Ատոպիկ դերմատիտ ունեցողները ռիսկի գոտո՞ւմ են:
– Դրանք իրականում տարբեր հիվանդություններ են, բայց առաջնային է հերպեսը ատոպիկ դերմատիտից տարբերակելը: Վիրուսը մաշկային հիվանդություն չէ, ավելի շատ նյարդային համակարգում է տեղակայվում, և այդ դրսևորումը, ինչը որ մենք տեսնում ենք արտաքինից՝ ցանային էլեմենտների տեսքով, դրանք արդեն երկրորդային դրսևորումներ են: Օրինակ, գոտևորող որքինի ժամանակ տեղի է ունենում նյարդի բորբոքում, որից հետո նոր ցանավորում է լինում:
Գոտևորող որքինը ջրծաղիկի նույն վիրուսն է, որն առաջացնում է ջրծաղիկ, ցմահ պահպանվում է օրգանիզմում և իմունիտետի ընկճման դեպքում դրսևորվում է տվյալ նյարդի նյարդավորման շրջանի ախտահարումով: Կոչվում է գոտևորող որքին, քանի որ սովորաբար կրծքային նյարդերի հատվածում է լինում կամ ախտահարում է գոտկային, ողնաշարից դուրս եկող նյարդերը, ախտահարում է, առաջանում են ցանային էլեմենտներ և տպավորություն է, որ գոտու հատվածով է լինում, սակայն իրականում նյարդի հատվածն է:
– Ջրծաղիկի դեմ պատվաստվելով՝ հերպեսով վարակվելը չենք կանխի՞:
– Իրականում լավ մոտեցում է: Բոլորը գիտեն, որ պատվաստվում են ջրծաղիկի դեմ, բայց կարևոր ու մեծ խնդիր են լուծում: Պատվաստվելով՝ մեզ ապահովագրում ենք, որ հետագայում գոտևորող որքինով չհիվանդանանք:
– Հերպեսի դեմ պատվաստանյութ չկա՞:
– Ոչ, բայց կանխարգելելու հեշտ միջոցներ կան, որովհետև կոնտակտային է, շփման արդյունքում է փոխանցվում:
– Մանկական տարիքում կարո՞ղ է ի հայտ գալ:
– Ցանկացած տարիքում կարող է լինել: Կա հերպես վիրուսի շարք, որը մեծ վտանգ է ներկայացնում նորածինների շրջանում: Լուրջ և ծանր ընթացք կարող է ունենալ: Խոսքը ցիտոմեգալովիրուսի մասին է: Անգամ մահվան դեպքեր են լինում:
– Աչքերի շրջանում ևս լինում է:
– Այո: Լինում է աչքի հերպես, գոտևորող որքին: Ցիտոմեգալովիրուսը հանգեցնում է ընդհուպ կուրության:
– Հերպես նաև բերանի ներսում է լինում. ստոմատիտի հետ չեն շփոթո՞ւմ:
– Տարբերակման առումով բավականին շատ խնդիրներ ենք ունենում:
– Որո՞նք են վիրուսի փոխանցման ուղիները:
– Կենցաղ-կոնտակտային, սեռական ճանապարհով է փոխանցվում: Համբույրի միջոցով է փոխանցվում:

– Դեպք էր եղել, որ մեծահասակը մի քանի ամսական երեխայի հետ շփվել է՝ նրան վարակելով վիրուսով, որից հետո նոր պարզել էին, որ մեծահասակի մոտ կա հերպես վիրուս: Ի՞նչ հետազոտություններ կարող է մարդը կատարել, որ պարզվի՝ ունի՞ վիրուս, թե՞ ոչ:
– Երևի հիմնավորված չէ հետազոտություն կատարելը, որովհետև գրեթե բոլորն ունենալու են:
Կարևորը հիվանդության դրսևորումն է: Ջրծաղիկի, Էպշտեյն Բարի վիրուսները վտանգավոր չեն, չնայած պահպանվում են օրգանիզմում: Հակամարմիններով կարող ենք որոշել հիվանդության առկայությունը, բայց դա այնքան էլ ինֆորմատիվ չի լինելու:
Եթե մենք զբաղվենք վիրուս հայտնաբերելով ու ոչնչացնելով՝ ոչ մի հաջողություն չենք ունենա, որովհետև հերպես վիրուսները ցմահ են մնում օրգանիզմում: Դրանց դեմ պայքարելը ոչ մի պարագայում արդարացված չէ:
– Հիմնականում մարդիկ ո՞ր տարիքում են պարզում, որ օրգանիզմում ունեն հերպես վիրուս։
– Մեծ տարիքում, որովհետև երեխաների դեպքում մեծ մասամբ անախտանիշ ընթացք է ունենում։ Մեծ տարիքում հիվանդություններով պայմանավորված՝ իմունիտետի ընկճման պարագայում, երբ ունենում ենք վարակի գեներալիզացիա և այլ օրգանների ախտահարում, որը կարող է լինել լյարդը, թոքերը, ընդհուպ գլխուղեղը, շատ ավելի մեծ խնդիրներ ենք ունենում հայտնաբերման, բուժման առումով։
– Վիրուսի բուժմամբ ովքե՞ր են զբաղվում։
– Ընդունված է, որ պետք է զբաղվեն վարակաբանները, բայց ոչ բոլոր դեպքերում են կարողանում այնպիսի ծավալով օգնություն ցուցաբերել, ինչը կարող են անել նեղ մասնագետները։ Կարող են առաջանալ մաշկային խնդիրներ, նյարդի բորբոքում։ Հիվանդությունը համատեղ՝ մաշկաբանների, նյարդաբանների, վարակաբանների կողմից պետք է բուժվի։
– Հերպեսը միշտ ուղեկցվո՞ւմ է ցանով, քորով։
– Կարող է ընդհանրապես ցանով չուղեկցվել, անախտանիշ ընթացք ունենալ։ Եթե խոսենք հասարակ՝ առաջին և երկրորդ տիպի հերպեսի մասին, ապա դրսևորվում են ցանավորմամբ, երրորդ՝ ջրծաղիկի վիրուսի դեպքում ևս պարտադիր ցանավորում է լինում, իսկ չորրորդ և դրանից բարձր տիպերի դեպքում ցանավորում չի լինում․ ջերմություն, անգինա, թոքերի, գլխուղեղի ախտահարում կարող է լինել։
– Տնային պայմաններում հերպեսը բուժելու համար մի կողմից՝ խորհուրդ են տալիս խոնավ կտոր դնել ցանի վրա, մյուս կողմից՝ չոր։ Ո՞րն է ճիշտ։
– Իրականում վիրուսը ոչ թացից է վախենալու, ոչ չորից։ Տվյալ դեպքում տեղային բուժում է, որը ոչնչով չի փոխելու հիվանդության ընթացքը։ Եթե հիվանդությունը զարգացել է՝ անպայման պետք է դիմել մասնագետի, ստանալ հակավիրուսային բուժում, որովհետև շատ դեպքերում հիվանդության հետագա դրսևորումները պայմանավորված են առաջնակի հիվանդության ժամանակ բուժման լիարժեքությամբ և արդյունավետությամբ։ Այսօր ունենք բավականին լավ ազդեցությամբ դեղորայք, որը ժամանակին ստանալու պարագայում հետագա դրսևորումները կարելի է նաև կանխել։
– Հերպեսը կանխելու համար ի՞նչ քայլեր պետք է կատարեն կամ չկատարեն մարդիկ։
– Բոլոր ինֆեկցիոն հիվանդությունների պարագայում կանխելն ավելի հեշտ է, քան բուժելը։ Պետք է պահպանել սոցիալ-կենցաղային, հիգիենիկ տարրական պայմանները։ Վիրուսները հատկապես ավելի շատ տարածվում են դեռահասության տարիքում, երբ շփումը շատ է։
Հիգիենան պահպանելու կանոնների մեջ ամենաառաջինը մտնում է համբույրը, և պատահական չէ, որ Էպշտեյն-Բարրի վիրուսի անունը դրել են «Համբույրի հիվանդություն»։ Մարդը եթե սերտ կոնտակտ չունենա հիվանդի հետ՝ օրգանիզմում վիրուսը չի զարգանա։

