Անչափահաս որդու ներկայությամբ ապտակել են ասմունքող Լիանա Զուրաբյանին. Աղմկահարույց միջադեպի մանրամասները
Տևական ժամանակ Տավուշի մարզի Բերդավան համայնքի դպրոցի աշակերտներն ու Նոյեմբերյանի պետական քոլեջի մի քանի ուսանողներ Բերդավան գյուղի դպրոցի տարածքում ծաղրում են ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանի առողջական խնդիրներ ունեցող որդուն։
168.am–ի հետ զրույցում Լիանա Զուրաբյանը մանրամասնեց, որ երեկ որդուն դպրոցից տուն տանելիս բակում հավաքված անչափահասները կրկին ցուցաբերել են ծաղրական վարք։
Լիանան նկարահանել է տեղի ունեցողն ու սաստել է Նոյեմբերյանի քոլեջի ուսանող բերդավանցիներից մեկին, ում, իր խոսքով, մայրաբար մի ապտակ է հասցրել, այդ ամենից հետո ուսանողը Լիանա Զուրաբյանի անչափահաս որդու ներկայությամբ երկու անգամ ապտակել է կնոջը:
«Արդեն 2.5 տարի շարունակ այս նույն իրավիճակն է, մի քանի անգամ խոսել եմ նրանց հետ, բայց կրկին անօգուտ»,- մանրամասնում է Լիանա Զուրաբյանը:

Ինչպես երևում է իր կողմից իրականացված տեսանյութում՝ երիտասարդը միայնակ չի եղել, սակայն, ինչպես նշում է Լիանա Զուրաբյանը՝ «Նկարահանման ժամանակ փախան բոլորը: Այդ տղան եկել էր հիվանդանոց, ցուցմունք էր տալիս, թե ձեռքը վնասել է»:
Մեզ հետ զրույցում Լիանան պատմեց, որ դիմել է բժշկական կենտրոն ու ստացել առաջին բուժօգնություն, նույն բուժհաստատություն էր դիմել նաև ապտակներ հասցրած երիտասարդը, ով հայտնել էր, որ վնասել է ձեռքը:
Միջադեպից հետո Լիանա Զուրաբյանի հետ փորձել է կապ հաստատել ուսանողի մայրն ու հայտնել, որ տղան անչափահաս է, ու Լիանան իրավունք չուներ նկարահանել նրան:
Տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում են ներկայացրել՝ ինչպես Լիանա Զուրաբյանը, այնպես էլ՝ նրան ապտակած քոլեջի ուսանողը։
Քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 194-րդ հոդվածի 1-ին մասով (հոգեկան ներգործությունը): Մյուս կողմի ներկայացրած հաղորդման հիման վրա ևս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը)։ Երկու վարույթով կատարվում է նախաքննություն։
«Ես ու որդիս այս ամենի զոհն ենք դարձել, բայց այս ամենը հանրայնացնելով՝ հույս ունեմ, որ այսուհետ բուլինգի չեն ենթարկի խնդիրներ ունեցող երեխաներին։ Ես՝ որպես հանրային մարդ, այս ամենի մասին բարձրաձայնում եմ, բայց որքան մայրեր ու երեխաներ կան, որ ճնշված ապրում են։ Համատարած այս վիճակն է դպրոցներում»,- եզրափակում է Լիանա Զուրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։



