ԱՄՆ-ը ու Իսրայելը գործի դրեցին պատերազմական երկրորդ սցենարը. վերլուծաբան
Վեցերորդ օրն է, ինչ Հայաստանի Հանրապետության անմիջական հարևանությամբ մեծ պատերազմ է: Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատերազմում են ԱՄՆ-ը ու Իսրայելը: Իրանն իր հերթին՝ փետրվարի 28-ին սկսված հարձակումը միանգամից վերածեց ռեգիոնալ էսկալացիայի՝ սկսելով հրթիռակոծել ոչ միայն Իսրայելը, այլև Պարսից ծոցի այն երկրները, որոնք ունեն ամերիկյան ռազմաբազաներ:
Սակայն ամերիկաիսրայելական այս հարձակման խորհրդանիշը դարձավ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի այաթոլլահ Խամենեին, ով սպանվեց և ում սպանությունը դարձավ ոչ միայն Իրանի ներքաղաքական ճգնաժամի, այլև համաշխարհային շիա հանրության համար ցնցում՝ դուրս գալով ազգային սահմաններից և վերածվելով մեծ սգի ու բողոքի ալիքի՝ ընդգրկելով համայնքներ Հարավային Ասիայից մինչև Մերձավոր Արևելք և այլուր:
Այս զարգացումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Իրանի գերագույն առաջնորդի ինստիտուտը կրոնաքաղաքական խորհրդանիշ է, որի շուրջ ձևավորվել է վերազգային հավատքային համերաշխություն։ Սակայն, միևնույն ժամանակ, ըստ մի շարք փորձագետների, դժվար է ասել, թե այս ինստիտուտն ու համակարգն ինքնին որքանով կկարողանա դիմակայել գործադրվող ռազմաքաղաքական ճնշումներին Արևմուտքից:
Խամենեին տարիներ շարունակ հանդես էր գալիս արևմտյան քաղաքական ազդեցության դեմ հռետորաբանությամբ։ Նրա կերպարը սերտորեն կապվում էր հակաիսրայելական և հակաամերիկյան խիստ դիրքորոշումների հետ։ Բացի այդ, շիա համայնքները, լինելով փոքրամասնություն շատ երկրներում, հաճախ կառուցում են իրենց ինքնությունը համաշխարհային համերաշխության վրա։ Այդ պատճառով Խամենեիի սպանությունը ստացավ շատ ավելի լայն արձագանք: Բնականաբար, Խամենեիի սպանությունը հանգեցրել է Իրանի ներսում իշխանական վերադասավորումների, տարածաշրջանում ռազմական լարվածության խորացման, շիա համայնքների քաղաքական ակտիվացման այլ երկրներում և արևմտյան պետությունների նկատմամբ թշնամական տրամադրությունների աճի որոշ հատվածներում։ Ըստ մի շարք վերլուծաբանների, այս գործոնների պատճառով է, որ Ալի Խամենեիի սպանությունը դառնում է ոչ թե Իրանի մասնատման, թուլացման, այլ դիմադրության նոր մեկնակետ:
Ինչ վերաբերում է իրավիճակին ռազմի դաշտում, կողմերը շարունակում են թիրախավորել միմյանց, Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, Թրամփը շարունակում է սպառնալ, իսկ Իրանը՝ հրաժարվում բանակցություններից:
«168 Ժամի» հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, թե որքան էլ բարդ է ստեղծված իրավիճակը, այն ունի առանձնահատկություն՝ Իրանը երկար ժամանակ նախապատրաստվել էր սրան, ուստի ծրագիրը՝ վերացնելով իշխանության ամենաբարձր դեմքերին, հասնել Իսրայել-ԱՄՆ նպատակներին՝ դեռ չի աշխատում, քանի որ ամեն պաշտոնի համար կան բազմաթիվ թեկնածուներ:
«Խնդիրների դեպքում պաշտոնյայի միանգամից փոխարինումը կամ նշանակումը թույլ է տալիս համակարգին անխափան աշխատել: Այս հարձակման դեպքում մի քանի անսպասելի զարգացում եղավ, որոնք կանդրադառնան ընթացքի վրա՝ Իրանը միանգամից թիրախավորեց ամերիկյան բազաները, հոգևոր առաջնորդի մահը լայն արձագանք ստացավ, Իրանը դիմակայեց, ինչն ինքնին անակնկալ էր ԱՄՆ-ի ու Իսրայելի համար, որից հետո նրանք կարծես փորձում են գնալ այլ սցենարով: Իսկ այլ սցենարը, բնականաբար, ավելի երկարատև գործընթացներն է: Սակայն, թե որքանով դա հնարավոր կլինի, բարդ է ասել, քանի որ սա ԱՄՆ ռեգիոնը չէ և որքան էլ ԱՄՆ-ը ունի ռեսուրսներ, բարդ է նման մասշտաբի երկարատև գործողություն իրականացնել»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:
Վիկտոր Նադեին-Ռաևսկին նշեց, որ, բացի ռազմական իրավիճակից, կարևոր են Իրանի ներքին վերադասավորումները և այն, թե ով կընտրվի գերագույն հոգևոր առաջնորդ:
«Մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում, կա մեկ հավանական անուն, որը, սակայն, կարծես թե չունի այն նույն հակաամերիկյան կոշտ դիրքավորումը, ինչ Ալի Խամենեին: Ընտրության գործընթացը մեկնարկել է, եթե այլ ֆորսմաժորային իրավիճակ չլինի, առաջիկայում պարզ կլինի, թե ով է նոր առաջնորդը: Ներքին անկայունություն թույլ չտալու համար Իրանի համար կարևոր է նոր առաջնորդի արագ ընտրությունը: Սակայն բոլորը նաև հասկանում են, որ սա բարդ է տրվելու, քանի որ թիրախում հատկապես նման հավաքներն ու պաշտոնական կառույցներն են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է բանակցությունների հնարավորությանը, վերլուծաբանը գտնում է, որ Իրանն այս պահին հայտարարել է, որ պատրաստ չէ բանակցությունների:
«Իհարկե, որոշակի իրավիճակում Իրանը գուցեև բանակցի և պատրաստ լինի քննարկումների, սակայն հարցն այն է, որ Իրանը պատրաստ չէ ընդունել Միացյալ Նահանգների բոլոր պահանջները, վերջնագրերը: Խնդիրն այն է, որ միջուկային ծրագրից հրաժարվելը պարզապես ռումբից հրաժարվել չէ, Իրանը մտադիր էլ չէր միջուկային զենք ստեղծել, նման զենքի ստեղծումն Իրանում արգելված է հատուկ ֆեթվայով: Դրա էությունն այն է, որ նրանք չեն կարող ֆեթվան խախտել, քանի որ դա կհամարվի մեղք, հետևաբար՝ ոչ միայն արգելվում է ռումբի օգտագործումը, այլև արգելվում է այն արտադրել»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
Խոսելով միջազգային արձագանքներից, ռուս արևելագետն ասաց, որ դրանցում որևէ նորություն չկար: «Ով պետք է աջակցեր Իրանին՝ աջակցեց, միջնորդության ցանկություն հայտնեց ու ռազմական գործողությունները դադարեցնելու կոչեր հնչեցրեց: Ավելի չեզոք դիրքավորում ունեն Թուրքիան, Հարավային Կովկասի երկրները, որոնք, սակայն, սերտ հարաբերություններ ունեն Արևմուտքի հետ: Նրանք չեն ցանկանում դիմակայություն Իրանի Իսլամական Հանրապետության հետ հատկապես մի իրավիճակում, երբ հայտնի չէ, թե այս ամենն ինչով կավարտվի: Սակայն Թուրքիայի հետ ամեն ինչ չէ, որ այդքան հեշտ է, քանի որ Ինջիրլիքի ավիաբազայի հետ կապված մտահոգություններ կան Թեհրանում, իսկ Անկարայում մտահոգություններ կան, որ այս բազան ևս կթիրախավորվի Իրանի կողմից, ուստի հայտարարում են, որ այդ բազան պատկանում է Թուրքիային: Եղավ միջադեպ, Թուրքիան հայտարարեց, որ անօդաչու է չեզոքացրել, որն, ըստ այդ ենթադրության, շարժվում էր դեպի այդ ավիաբազա: Սակայն այստեղ բավականին խնդրահարույց իրավիճակ է, և կարող է նույնիսկ սադրանքն աշխատել, որի հետևանքով կարող է Թուրքիային ևս առնչվել այս բռնկումը: Թեև պետք է նշել, որ Թուրքիայի իշխանությունները շատ զգույշ, հաշվարկված քաղաքականություն են վարում»,- նշեց վերլուծաբանը:
Վիկտոր Նադեին-Ռաևսկին նշեց, որ Իսրայել-ԱՄՆ հարձակման առաջին օրվանից հետո այս առանցքի սցենարը փոխվեց, քանի որ նրանց նախնական պլանը չաշխատեց: «Հիմա կարծես գործի է դրվում երկրորդ սցենարը, թե որքանով այն արդյունավետ կլինի, բարդ է ասել, քանի որ, կարծում եմ, այն շատ ավելի անցանկալի սցենար էր ԱՄՆ-ի համար»,- նշեց նա:
Խոսելով Հարավային Կովկասի մասին, Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Իրանը բավականին վճռական է տրամադրված և հետևում է բոլոր արձագանքներին, աշխարհաքաղաքական շարժերին: «Հարավկովկասյան երկրների շահերից է բխում որևէ կերպ չմիջամտել որևէ գործընթացի, պահպանել դիվանագիտական ակտիվ, համագործակցային աշխատանքը»,- ասաց նա:



