«Դուք ինքներդ գնահատեք՝ մե՞ր պահվածքն էր ճիշտ, թե՞ Նիկոլ Փաշինյանինը». Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դատարանի բակում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը փորձում ստվերել նախկին նախագահների անունները, պատասխանեց.
«Յուրաքանչյուրն իր նախընտրական քարոզը տանում է յուրովի, ինչպես արդյունավետ է համարում։ Ես առանձնապես նման կոշտ քննադատություն չեմ լսել։
Ես Արման Թաթոյանի հետ քաղաքական որևէ համագործակցություն չունեմ և չեմ ունեցել»։
Լրագրողները նաև Երրորդ նախագահին հիշեցրեցին նախկինում ասած խոսքերը, որ «պարտվել է ոչ թե ՀՀ իշխանությանը, այլ ավելի մեծ ուժերի», սակայն չի նշել, թե կոնկրետ որ ուժերին է պարտվել, ինչին Երրորդ նախագահն արձագանքեց՝ ասել է իր մեծ հարցազրույցում։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանն էլ է պարտվել ավելի մեծ ուժերի՝ Արցախի հարցում, Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Ինքն ասում է՝ մենք հաղթել ենք, իհարկե, ես այդպես չեմ կարծում։ Նա ոչ թե պարտվել է, այլ կապիտուլացվել է, արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել»։
Հաջորդ հարցին՝ շատ է քննարկվում Նիկոլ Փաշինյանի կողմից կուկուռուզ ու կարկանդակ ուտելը, սա արդյոք երկրի առաջին դեմքի կողմից էթիկայի խախտում չէ՞, քանի որ, երբ ինքն էր երկրի առաջին դեմքը, նման իրավիճակներում իրեն չեն տեսել, Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Եթե չեք տեսել, ուրեմն՝ ինքներդ պետք է որոշեք, թե որն է ավելի ճիշտ՝ մե՞ր պահվածքը, թե՞ այս պահվածքը։ Կարծում եմ՝ արդեն բոլորը գնահատականը տվել են»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



