Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը որոշիչ դեր կխաղան Միջին միջանցքի ապագայի համար․ Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանը TRIPP-ը համարում է շատ կարևոր նախագիծ, և դրա իրականացումը կբարձրացնի տարածաշրջանի նշանակությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ Նա հավելել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրացական կողմին ներկայացրել է TRIPP նախագիծը։

ԱԳ ղեկավարն ընդգծել է, որ այժմյան միջազգային համատեքստում՝ Միջին միջանցքի (Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի, TITR) աշխարհաքաղաքական նշանակությունը օրեցօր աճում է։

Նախարարը նշել է, որ սա պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար՝ բարձրացնելու իր ռազմավարական դերը ոչ միայն տրանսպորտի և լոգիստիկայի, այլև խոշորածավալ տնտեսական նախագծերի միջոցով։ Նա, սակայն, հավելել է, որ այս տնտեսական նախագծերի հիմքում ընկած են կարևոր քաղաքական գործոններ, և դրանց իրականացումը կախված է կայունությունից և փոխադարձ վստահությունից։

Ըստ Բոճորիշվիլիի՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրականությունը, մասնավորապես՝ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը և Մերձավոր Արևելքում լարվածության սրումը, հանգեցրել են գլոբալ մատակարարման շղթաների փոփոխությունների. «Այս ֆոնին՝ Միջին միջանցքի կարևորությունն էլ ավելի է մեծացել»։

Նախարարը շեշտել է, որ հակամարտության ավարտը և Երևանի ու Բաքվի միջև տարածաշրջանային նախագծերի շուրջ համագործակցության հաստատումը նոր հանգրվան է Հարավային Կովկասի զարգացման գործում։

Նրա կարծիքով՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը որոշիչ դեր կխաղան Միջին միջանցքի ապագայի համար։

Տեսանյութեր

Լրահոս