«Մենք ասում ենք՝ իմպիչմենթը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է, եկե՛ք փորձենք». Սերժ Սարգսյան

«Դեռևս արձագանքներ չկան, բայց զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր մշտապես փորձել են, հիմա էլ են փորձում ընտրությունները հակադրել իմպիչմենթին։ Տասն անգամ ասել ենք, հիմա տասնմեկերորդ անգամ ասենք՝ անկախ որևէ հանգամանքից, իմպիչմենթ լինի թե չլինի՝ ընտրություններ լինելու են։ Դրանք հերթական ընտրություններ են, որ կարող են հետաձգվել միայն ու միայն եզակի դեպքերում, որոնց չանդրադառնամ»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով ՀՀԿ ԳՄ նիստում ընդունած հայտարարության և դրա շուրջ եղած արձագանքների մասին։

Ըստ Երրորդ նախագահի, ՀՀԿ ԳՄ նիստին հաջորդած հայտարարությունը միասնության մասին է, ասում են՝ իմպիչմենթը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է։ Իսկ երբ ասում են, թե չի լինելու, հիմա ի՞նչ փորձեն, և այլն, ապա նման բան ասողները նմանվում են, ամենայն հավանականությամբ, այսօրվա կառավարիչներին, ովքեր ասում են՝ «դե, մենք թույլ ենք, Ադրբեջանն ինչ ուզում է՝ տանք»։

«Դե չեն ուզում՝ չեն ուզում, մենք կփորձենք մեր ուժերի սահմաններում իրականացնել»,- հավելեց Սերժ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցել-չմասնակցելու մասին հարցին, Երրորդ նախագահն ասաց՝ որոշում են կայացնելու՝ ելնելով նրանից, թե այդ կայացրած որոշումը որքան արդյունավետ է լինելու Հայաստանի գործող կառավարիչների դեմ պայքարում։

Կարդացեք նաև

Խոսելով տարածաշրջանում ծավալվող գործողությունների և ՀՀ իշխանությունների պահվածքի մասին, Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի հարևանությամբ տեղի են ունենում ռազմական գործողություններ, և որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե այս գործողություններն ինչպես կազդեն Հայաստանի վրա։

«Կարծում եմ՝ իշխանությունն այս հանգամանքին պետք է լրջորեն մոտենա, իսկ նրանց լրջությունը պետք է բնութագրվի համարժեք պահվածքով։ Ես նման պահվածք չեմ տեսնում»,- ընդգծեց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս