Reuters-ը ներկայացրել է զոհերի թիվը Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողությունների շրջանակում
Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից փետրվարի 28-ից մեկնարկած հարձակումներն Իրանի դեմ ու իրանական կողմի պատասխան հարձակումները տարածաշրջանը վերածել են ակտիվ պատերազմական գոտու։ Պաշտոնական Իրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցնելու ոչ միայն Իսրայելին, այլև տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներրին։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, անցնող վեց օրերի ընթացքում Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով գրանցվել են հազարից ավելի զոհեր, այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում։
Ներկայացնում ենք մարտի 5-ի դրությամբ պաշտոնապես հայտարարված զոհերի թիվը ըստ երկրների։
ԻՐԱՆ
Իրանական Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ երկրում զոհվել է 1045 մարդ։ Միայն առաջին օրը Մինաբի տարրական դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհվել էր 175 աշակերտուհի և ուսուցիչ։ Հստակ չէ, թե զոհերի ընդհանուր թիվը ներառում է արդյոք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զոհերին։
ԻՍՐԱՅԵԼ
Շտապօգնության ծառայության տվյալներով՝ իրանական հարվածներից զոհվել է 10 քաղաքացիական անձ։ Զինվորականների մարտական կորուստների մասին տեղեկություններ չկան։
ԼԻԲԱՆԱՆ
Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 77 մարդ։
ԲԱՀՐԵՅՆ
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Սալման արդյունաբերական քաղաքում հրթիռային հարձակումից հետո բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է մեկ մարդ։
ՔՈՒՎԵՅԹ
Նախարարությունների տվյալներով՝ Իրանի հարձակումների հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երկու քուվեյթցի զինվոր։
ՕՄԱՆ
Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող MKD VYOM տանկերի վրա արկի հարվածից մեկ մարդ է զոհվել։
ՄԻԱՑՅԱԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ երեք մարդ է զոհվել։
ԱՄՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Քուվեյթում գտնվող օբյեկտի վրա հարվածի հետևանքով զոհվել է վեց ամերիկացի զինծառայող։
ՍԻՐԻԱ
Պետական SANA լրատվական գործակալությունը հայտնել է, որ փետրվարի 28-ին Սուեյդա քաղաքի հարավային մասում գտնվող շենքի վրա իրանական հրթիռի հարվածից զոհվել է չորս մարդ։
ԻՐԱՔ
Իրաքի առողջապահական իշխանությունները հայտնել են, որ առնվազն 13 մարդ է զոհվել, այդ թվում՝ 11 աշխարհազորային, մեկ զինվոր և մեկ քաղաքացիական անձ։



