Էդ պատերազմը պարտվելո՞ւ պատերազմ էր, ա՛յ լուզեր. Ալիևը գիտի, չէ՞, որ ինքը հայերին չի հաղթել, Նիկոլն է դավաճանել, ու հայերը մի օր գնալու են իրենց ունեցածի հետևից…  ԻՍԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԼԻՆԵԼՈՒ. Միհրան Հակոբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական և քաղաքական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Նիկոլ Փաշինյանին համեմատել համաշխարհային տիրակալների հետ տեղին չէ։ Մանիպուլյատորին ու ստախոսին չի կարելի մասնագիտական-փորձագիտական ու մեդիա շրջանակների քննարկման առարկա դարձնել։ Այս 7 տարիների ընթացքում մեր լրատվական, փորձագիտական, մասնագիտական դաշտը պիտի հասկացած լիներ՝ շառլատանի ամեն ասած չե՛ն քննարկում։
  • Նիկոլ Փաշինյանը վերջին 200 տարիներին միակ պետական գործիչն է եղել, միակ ղեկավարը, ով Հայաստանի դարպասները բացել է թուրքերի առաջ։ Նրան կարելի է համեմատել, ասենք՝ Մելիք Շահնազարի ու Մելիք Ֆրանգյուլի հետ, այն Մելիք Շահնազարի, ով Շուշիի դարպասները բացեց թուրքերի առաջ։ Եկեք մեր պատմությունը չսրբագրենք, չիդեալականացնենք։ Մեր պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի նման կերպարներ եղել են, ու քիչ չեն եղել։ Փաշինյանը լինելու է այն կերպարը, որի կերպարով սերունդներ են դարեդար կրթվելու, թե ինչպիսին չպետք է լինի հայ մարդը, տղամարդը։

Կարդացեք նաև

  • Այսօր գործ ունենք կիսախելագար ձևացող, կիսախելագար խաղացող այնպիսի երևույթի հետ, ում քննարկելն իմաստ չունի։ Պարտադիր չէ, որ այսօր տեղի ունեցողն անցյալում տեղի ունեցած լինի։ Մոլորության մեջ մի՛ ընկեք։ Արհեստական համեմատականներ անցկացնելն ու քննարկելը նորմալ չէ։ Եթե Նիկոլ Փաշինյանին նրա որոշ հայտարարություններից հետո որոշ մարդիկ նրան համեմատում են Լուի 15-րդի հետ, էդպես լավ չի, միանգամից Մաո Ցզե Դունի հետ համեմատեք, պրծեք… Ինչը ինչի՞ հետ եք համեմատում, ում՝ ո՞ւմ հետ եք առհասարակ համեմատում…
  • Երբ քաղաքականությունը վերածվեց տեխնոլոգիաների, հնարավոր եղավ ամեն շառլատանից տեխնոլոգիաներով ղեկավար կերտել։ Այս համակարգը մի օր տանելու է կրախի։ Հայաստանում այդ ամենի վերջը տրվելու է բառի բուն իմաստով իսկապես հեղափոխությամբ, որովհետև Հայաստանին իրոք հեղափոխություն է պետք։ Արդարության դեֆիցիտ կա, ու Հայաստանում կուտակվում է հեղափոխության պահանջարկը։ Հայաստանում ըստ էության հիմա նախահեղափոխական վիճակ է, որը շուտով ծնելու է պրոֆեսիոնալ հեղափոխականների և հեղափոխությունների։
  • Արտաքին սվինները հանե՛ք, արտաքին ուժերի աջակցության աթոռը հանեք տակից, Նիկոլ Փաշինյանից կմնա «ն» տառը։ Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը 2020թ.-ից հետո դարձել է հայ տականքը։ Արտաքին սվիններով դարձրին ղեկավար ու հայ ժողովրդին համոզում են, որ Նիկոլ Փաշինյանին ինքն է ընտրել։ Ես կարող եմ ապացուցել, որ հայ ժողովուդը չէ Նիկոլ Փաշինյանին ընտրել։
  • 2018-ին տեղի ունեցածը հեղափոխություն չէր: Չի՛ կարող լինել սոցիալական հեղափոխություն, և դրանից հետո Պառլամենտում իշխող ուժի պատգամավոր լինեն Գռզոն ու Մելքոնյան Գագիկը։ Ու դեռ խոսում են նախկիններից… Լավ, այսքան կարելի՞ է հիմարի տեղ դնել ժողովրդին։ 
  • Ես չեմ գովերգում հեղափոխական տրիբունալը՝ ո՛չ ֆրանսիական, ո՛չ բոլշևիկյան, բայց Հայաստանում իրական հեղափոխություն պետք է լինի, և դրա թիրախը միայն Նիկոլ Փաշինյանը չէ։ Դրանք նաև այն մարդիկ են, ովքեր սկսել են Ղարաբաղի ազատագրման գործընթացը, հետո դա խայտառակ կերպով տապալել են, կուտակել են ահռելի ունեցվածք ու հիմա էլ փորձում են փրկել այդ ունեցվածքը։ Այդպես չի՛ լինում։ Ամբողջ Ղարաբաղյան շարժումը, 15000 զոհերը, մեր ժողովրդի զոհողությունը նրա համար էր, որ մի 1500 ընտանիք լավ ապրի՞… Հեղափոխությո՛ւն է պետք։ Երկրի տակ ռումբ է դրված․ պայթելու է այն։ Հիմա ոչ թե վնասազերծում են ռումբը, այլ խնդիր է դրված դրա պայթյունը հետաձգելու։

  • Հայաստանի նախկին 3 նախագահները մասնակցել են Ղարաբաղյան հաղթանակի կերտմանը, որի նմանը մենք չենք ունեցել նախորդ հարյուրավոր տարիների ընթացքում։ Բնականորեն իշխանություն դարձել են հաղթողները։ Բա ո՞վ լիներ իշխանություն։
  • Ով պետք է գնար այս երկրից, արդեն գնացել է, մնացածը մնացել են, ու հեղափոխության էներգիան կուտակվում է։ Ու ինչքան ուշանա հեղափոխությունը, այնքան վատ է լինելու։ Գնացե՛ք, շփվե՛ք մարդկանց հետ․ Հայաստանի որևէ ղեկավարի, սկսած Սիմոն Վրացյանից, այնքան չեն ատել, ինչքան հիմա ատում են Նիկոլ Փաշինյանին։
  • Ի՞նչ կարող են անել այս անփառունակները․մարդկանց գլխին գործ սարքեն, տանեն փակեն բանտում… Վեղար հագած արքեպիսկոպոսին բանտ են տարել, սրանց ի՞նչ ասես։ Սրանք այլ բանի ունակ չեն ուշադրության կենտրոնում մնալու մնալու։
  • Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «Եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, մենք մեզ պարտված չենք համարի»: Դու ուզում ես՝ քեզ պարտված համարի, ուզում ես՝ ոչ։ Փաստ է՝ ռինգի մեջ քեզ գցել են գետնին, մի հատ էլ թքել են վրադ… Դրանից հետո դու ինչ ուզում ես՝ քեզ համարիր, ինչ ուզում ես՝ մտածիր… Կարող ես անգամ մտածել, որ դա թուք չէր, այլ անձրև էր գալիս, բայց դա բան չի փոխում… Բոլորը գիտեն, որ դու որպես պետություն՝ Նիկոլ Փաշինյան վարչապետով, լուզեր ես, փալաս, ու բոլորը քեզ հետ վերաբերվում են հենց այդպես։ 2018թ․ հետո մեր ժողովրդի մի հսկա հատված համարում էր, որ ամբողջ աշխարհում մարդիկ զարմացած են, թե հայերը ոնց հեղափոխություն արեցին։ Ո՞նց եք որոշել, որ համաշխարհային կարծիքի կենտրոնում եք, երբ որպես «պետություն»՝ հանձնել եք երկու սերնդի կյանքի իմաստ Արցախը, ու հետն էլ ասում է՝ լավ եմ արել, տվել եմ։ Աշխարհում էդ պետություն կոչվածին, սոցիումին ո՞վ կհարգի։ Չնայած այստեղ պետություն չկա, կա կազմակերպված հանցավոր խմբավորում։
  • Պաշտպանության նախարար Սուրեն Սյունի՞ն է պատերազմելու, արտաքին գործերի նախարար, եսիմ որ երկրի եսիմ ինչ նախարարն է՞ պատերազմելու։ Նիկոլը չգիտի՞ ՝ ո՞ւմ հետ է պատերազմի գնալու… Դրա համար էլ շան պես վախենում է պատերազմից։ Ուրիշ երկրներում սովորական ժողովուրդն է վախենում պատերազմից, որովհետև էլիտաները չեն կռվում, այստեղ ղեկավարությունն է վախենում։
  • Հայաստանի քաղաքացու կարծիքը Նիկոլ Փաշինյանին ու նրա խմբակին շատ վաղուց ոչ մի ձևով հետաքրքիր չէ, որովհետև նրանք իշխանության են մնում արտաքին սվիններով։
  • Ես չեմ կարող հասկանալ այն թուրքավարի մոտեցումը, որ Ղարաբաղի հարցը փակ է, ու արցախցիները չեն կարող վերադառնալ։ Ո՞վ ասաց, որ կարելի է լինել իշխանություն, պատերազմ հրահրել, պարտվել, հողեր տալ, իսկ չի կարելի լինել իշխանություն, պատերազմ սկսել, հաղթել ու հայրենիք ազատագրել… Այո՛, պատերազմ ենք ուզում, բայց ո՛չ ձեզնով։ Ավելի լավ է՝ պատերազմ լինի, դիմադրես, քան չլինի, ինչ կա-չկա՝ հանձնես՝ արժանապատվություն, կյանք, երկիր, նյութական ամեն ինչ… 
  • Էդ պատերազմը պարտվելո՞ւ պատերազմ էր, ա՛յ կապիտուլյանտ։ Փալա՛ս, քեզ կանչեցին Եվրոպա, գլուխդ շոյեցին, ասացին՝ մնացածն էլ թղթով տուր, կմնաս իշխանության, մենակ թե ռուսներին հանի… Հիմա էդ փալասը փաթաթած է հայ ժողովրդի վզին, որից պետք է ազատվել։ Ալիևը գիտի, չէ՞, որ ինքը հայերին չի հաղթել, Նիկոլն է դավաճանել, ինքը գիտի՝ Նիկոլը հավերժ չէ, ու հայերը մի օր գնալու են իրենց ունեցածի հետևից… Թուրքիան ինչի՞ չի խառնվում էս թեմաներին, որովհետև այնտեղ գիտեն, որ աշխարհաքաղաքականությունը Նիկոլով չէ, ու ամեն ինչ մի օր ավարտվելու է։
  • Ասադից հետո էդ պարամետրերով դիկտատոր գոնե թե այս տարածաշրջանում մնացել է միայն Ալիևը։ 1918թ․ հիմնված թունավոր գոյացություն Ադրբեջանը ստեղծվել է Ռուսաստանի ու Իրանի դեմ։ Այս գոյացության հետ ստիպված են լինելու առերեսվել ոչ միայն Ռուսաստանը, այլև Իրանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ 
  • Ռուսները կարողացա՞ն Նախիջևանում հայ պահել, երբ բնակչության 43%-ը հայ էր։ Բա եթե հայերին պահեիք, ռուսնե՛ր, Նախիջևանում ոտքի տեղ կունենայիք… Ձեզ հարց տվե՞լ եք՝ ինչո՞ւ Արցախը մտցրին Ադրբեջանի կազմ։

  • Պետրոս, էդ տոնայնությամբ, ոնց որ եթերներումդ ես խոսում, գնա, շեֆիդ ասա՝ թող տենց Ալիևի հետ խոսա, որ տեսնում է՝ ոտքերը թուլանում են… 
  • Մեր նախկին ղեկավարները, հաղթող լինելով, երբեք ադրբեջանցի ժողովրդի ինքնասիրությունը չեն ոտնահարել։ Ի դեպ, Հեյդար Ալիևը դա հասկանում էր։ Իլհամ Ալիևն էլ գտել է աշխարհում մեկին, ում վրա կարողանում է ոտքեր սրբել։ Նա գտել է բոքսի տանձիկ, ում վրա ինքնահաստատվելով՝ կարողանում է իր երկրում տղամարդ մնալ… Մարդ, ով իր կյանքում շատ փող ուներ ու ոչնչի չէր հասել, հիմա, ի դեմս Նիկոլի, գտել է մեկին, ում միջոցով ինքը կարողանում է իրեն լավ զգալ։ Պարզ չի՞, որ նա ուզելու է, որ Նիկոլը երկար մնա իշխանության։ Եթե Ալիևին պետք լինի, որ Նիկոլն իր թոռան անունը Իլհամ դնի, Նիկոլը դա անելու է ու դրանից հաճույք է ստանալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս