
Փաշինյանը կզանգահարի՞ Թրամփին․ ինչպե՞ս է Թրամփը լուծելու խնդիրը

Օրերս Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Սյունիքով նախատեսվող երթուղու համար օգտագործեց ոչ թե «Թրամփի ուղի», այլ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։
Փաստորեն վաշինգտոնյան եռակողմ պայմանավորվածություններից շատ կարճ ժամանակ անց Իլհամ Ալիևը վերադառնում է իր նախկին հռետորաբանությանն ու կիրառած տերմինաբանությանը, ինչը Փաշինյանի իշխանությունը գոնե հայտարարությունների մակարդակով անընդունելի էր համարում։ Ստացվում է, որ ադրբեջանական կողմը խախտել է Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկում էր, որ խնդիրների դեպքում կողմերը կարող են զանգահարել անձամբ իրեն, դրանով իսկ շեշտելով այս պայմանավորվածություններում անձամբ իր՝ երաշխավորի դերակատարությունը։
«Եթե ինչ՝ զանգեք ինձ, ես կշտկեմ ամեն ինչ»,- ասել էր Թրամփը։
Ուստի հարց է ծագում, եթե հայկական կողմը դիմի ԱՄՆ-ին, ապա ի՞նչ կարելի է ակնկալել։
Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ հայկական կողմը կարող է դիմել միջնորդին՝ հատկապես, երբ միջնորդն իրեն դիրքավորել է՝ որպես մեծ գործարքի հեղինակ, իսկ թե ի՞նչ կարող է ակնկալել դրանից ՀՀ իշխանությունը, բարդ է ասել, քանի որ գործ ունենք ոչ ամբողջական պայմանավորվածությունների հետ։
Ըստ նրա, ակնհայտ է, որ այն, ինչ Ադրբեջանը ստացել է Վաշինգտոնում, գոնե այս փուլում իրեն գոհացնում է, թվում է, որ ՀՀ իշխանությունները ևս գոհ են, քանի որ երթուղին անվանվեց «Թրամփի ուղի», իսկ վերահսկողական հարցերը կկազմակերպվեն ամերիկացիների աջակցությամբ, ինչպես նաև հռչակագրում նշվում է ՀՀ ինքնիշխանության պահպանման մասին։ Ուստի, Խրամչիխինի խոսքով, «Զանգեզուրի միջանցք» տերմինի կիրառումը կասկածի տակ է դնում Վաշինգտոնյան պայմանավորվածությունների այլ ասպեկտներ ևս։
«Կարծում եմ նաև՝ երթուղու շուրջ գլխավոր պայմանավորվածությունը ձեռք է բերվել, և այստեղ դրա անվանումից շատ բան չի փոխվում, քանի որ կարևորը կոնկրետ պայմանավորվածություններն են, այն, թե ինչպես է կազմակերպվելու անցումն այդ ճանապարհով։ Սակայն այդ մանրամասները, ամենակարևոր հարցերը դեռևս պետք է հստակեցվեն երեք կողմերի մասնագետների աշխատանքի արդյունքում։ Ադրբեջանի կողմից այդ տերմինին վերադարձը միմիայն նշանակում է այն, որ Ադրբեջանն այդ երթուղին և պայմանավորվածությունները տեսնում է իր այդ գաղափարի կոնտեքստում, այսինքն՝ ըստ ադրբեջանական կողմի, վաշինգտոնյան պայմանավորվածությունները համապատասխանում են այդ, այսպես կոչված, միջանցքի ոգուն։ Կամ՝ մեկ այլ սցենար, որի դեպքում պետք է ասել, որ ադրբեջանական կողմը փորձում է կրկին սրել իրավիճակը Երևանի հետ հարաբերություններում։ Սակայն հակված եմ առաջին տարբերակին։ Իսկ հայկական կողմի համար կարևոր են որակումները»,- ասաց Խրամչիխինը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀՀ-ն այս հարցում բավականին հեշտացումների է գնում, դիտարկում է ամերիկյան վերահսկողական մասնակցություն ներգրավումը, սակայն մերժում է այդ տերմինի կիրառությունը, որը կարող է ենթադրել ինքնիշխանության որոշակի զիջում։
«Ըստ իս, հայկական կողմի ձեռքբերումը Վաշինգտոնում այն էր, որ երթուղին կկոչվի Թրամփի ուղի և ոչ՝ միջանցք կամ մեկ այլ նմանատիպ անվանում, ուստի եթե զանգահարեն Թրամփին, Թրամփը պետք է անվանումների հա՞րցը լուծի, կամ հորդորի չօգտագործե՞լ այս կամ այն տերմինը, հետո էլի կօգտագործվի, ամեն անգամ այս հարցով հնարավո՞ր է զանգահարել Սպիտակ տուն։ Սա պարզապես ցույց է տալիս, որ այս պայմանավորվածություններն իրականում այնքան էլ ամուր չեն, և նման զանգերի առիթներ դեռ շատ կարող են լինել։ Բայց այդ տերմինի կիրառումը, կրկնեմ, շղթայական ձևով խախտում է այն տրամաբանությունը, որը դրված էր և փորձ էր արվում ներկայացնել։
Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը ևս հասկանում է, որ Թրամփը կարող է միջամտել, սակայն դա բավականին առանձնահատուկ խնդիր է. ադրբեջանական կողմը կարող է երկու ամիս չօգտագործել, ապա օգտագործել այդ տերմինը, և հնարավոր չէ անընդհատ այդ հարցով դիմել միջնորդին։
Շատ ավելի կարևոր է, թե կոնկրետ ինչ որոշումներ կկայացվեն և երթուղով անցումն ինչպես կկազմակերպվի, հայկական կողմն ինչպիսի գործառույթներ կունենա, ինչպես կբավարարվեն ադրբեջանական կողմի պահանջները՝ ապահովելով ամերիկյան վերահսկողությունն ու ՀՀ ինքնիշխանությունը և իրավազորությունը»,- ասաց Խրամչիխինը։