Բաժիններ՝

Զելենսկին հրաման է տվել պատրաստվել ևս 2-3 տարվա պատերազմի

Ուկրաինայի իշխանությունները սկսել են պատրաստվել երկարատև պատերազմի։ Ինչպես հայտնում է The Economist պարբերականը՝ հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին, Վլադիմիր Զելենսկին հրահանգել է պատրաստվել ևս երկու-երեք տարվա մարտական գործողությունների։ Ըստ թերթի տվյալների՝ տարեսկզբին Կիևում հույս ունեին, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցությունները կարող են հանգեցնել ժամանակավոր համաձայնության։ Ուկրաինական կողմը պատրաստ էր քննարկել Դոնբասից զորքերի դուրսբերման հարցը՝ ուժերի փոխադարձ հետքաշման պայմանով։ Մինչդեռ Կրեմլը պահանջում էր Ուկրաինայի զինված ուժերի միակողմանի նահանջ և հրաժարվում էր ընդունել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք ենթադրում էին այլ երկրների զինվորականների տեղակայում։ Վլադիմիր Պուտինը հավանություն չի տվել քննարկվող համաձայնությունների տարբերակներից ոչ մեկին։ Մայիսի 22-ին Միացյալ Նահանգները հայտարարել է բանակցային գործընթացից դուրս գալու մասին։

The Economist-ի լավատեսորեն տրամադրված ուկրաինացի և արևմտյան աղբյուրները թույլ են տալիս, որ դիվանագիտական գործընթացը կարող է վերսկսվել ամռանը, սակայն շատ ավելի հավանական է համարվում պատերազմի շարունակումը՝ քանի դեռ Ուկրաինան կամ Ռուսաստանը չեն հայտնվել ավելի թույլ դիրքերում։

Վլադիմիր Պուտինի հաշվարկները պատերազմի վերաբերյալ չեն փոխվել, և նա նախկինի պես մտադիր է շարունակել մարտական գործողությունները. անցած շաբաթվա վերջին այս մասին գրել է The Guardian-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած իր աղբյուրներին։ Նրանցից մեկի խոսքով՝ Պուտինը ծրագրում է մինչև տարեվերջ ամբողջական վերահսկողություն սահմանել Դոնբասի նկատմամբ։ «Պուտինը կենտրոնացած է Դոնբասի վրա և մտադիր չէ կանգ առնել, քանի դեռ չի հասել այդ նպատակին»,- նշել է զրուցակիցներից մեկը։ The Guardian-ի աղբյուրները հայտնում են, որ Պուտինը հավատում է ռազմաճակատում Ռուսաստանի մոտալուտ բեկմանը։ «Իհարկե, պաշտոնյաներն ու զինվորականները նախագահի համար ամեն ինչ վարդագույն գույներով են ներկայացնում,— ասել է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը,— նրանք ստում են նրան։ Այդպես է աշխատում հենց այն համակարգը, որը կառուցել է Պուտինը»։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Պուտինը կորցրել է հավատը նաև առ այն, որ Դոնալդ Թրամփը կկարողանա խաղաղության համաձայնագրի շրջանակում Կիևից տարածքային զիջումներ կորզել։ «Մոսկվայում լավատեսություն կար, որ ընտրվելուց հետո Թրամփը կօգնի համաձայնության գալ Դոնբասի հարցում։ Սակայն ժամանակի ընթացքում այդ սպասումները մարեցին»,- ասել է Կրեմլի հետ կապ պահպանող աղբյուրներից մեկը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը՝ վկայակոչելով հատուկ ծառայություններից մեկի ներկայացուցչին, Կրեմլի վերջնական նպատակը նախկինի պես մնում է Զելենսկուն իշխանությունից հեռացնելը և Ուկրաինան Ռուսաստանի ու Արևմուտքի միջև չեզոք բուֆերային գոտու վերածելը։

Երկարատև պատերազմի սցենարին պատրաստվելու մասին հաղորդվում էր դեռևս փետրվարին։ The Wall Street Journal-ի՝ Եվրոպայի հարցերով գլխավոր քաղաքական թղթակից Բոյան Պանչևսկու տվյալներով՝ Զելենսկին խորհրդականների նեղ շրջանակին հայտնել էր, որ խաղաղության բանակցությունները մտել են փակուղի, և հանձնարարել էր պլան մշակել պատերազմը ևս երեք տարով շարունակվելու դեպքի համար։ Այս հայտարարություններն արվել էին Մյունխենի անվտանգության համաժողովին Ուկրաինայի նախագահի մեկնելու նախօրեին, որտեղ նա նույնպես կոչ է արել պատրաստվել երկարատև դիմակայության։ Այդ ժամանակ Զելենսկու օգնական Դմիտրի Լիտվինն այս տեղեկությունը որակել է անարժանահավատ և հայտարարել, որ նման պլան պատրաստելու հրահանգ չի եղել։

The Atlantic-ին տված հարցազրույցում Զելենսկին նույնպես նշել էր, որ ավելի շուտ կնախընտրի շարունակել մարտական գործողությունները, քան կհամաձայնի ոչ ձեռնտու պայմանագրի։ ԵՄ պաշտոնյաները ևս աճող թերահավատությամբ էին նայում բանակցային գործընթացին և կարծում էին, որ պատերազմը կարող է ձգձգվել ևս մի քանի տարի, գրում էր The Wall Street Journal-ը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը նույնպես աստիճանաբար կորցնում է խաղաղ կարգավորման հանդեպ հետաքրքրությունը, որը խոստանում էր ապահովել սեղմ վերջնաժամկետներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031