ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցությունն արգելափակում է նաև Ռուսաստանը․ APA

Չինաստանում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում Ադրբեջանի ՇՀԿ անդամակցության արգելափակումից նոր մանրամասներ են ի հայտ եկել։

Ադրբեջանական APA-ն, հղում անելով իր դիվանագիտական ​​աղբյուրներին, հայտնում է, որ Ադրբեջանի ՇՀԿ անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, Ռուսաստանը նույնպես ակտիվորեն մասնակցել է այս գործընթացին։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կարևոր դեր է խաղացել այս գործընթացում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակման հարցը քննարկվել է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների ժամանակ, և կողմերը համաձայնության են եկել այս հարցի շուրջ։ Սակայն Ռուսաստանը Հնդկաստանին առաջնային պլան է մղել՝ մնալով ստվերում»,- գրում է APA-ն։ Լրատվամիջոցն այստեղ յուրօրինակ ժեստի է դիմել՝ փորձելով սա վերածել ռուս-չինական տարաձայնության, նշելով, թե կարծիք կա, որ Ռուսաստանի կողմից նման քայլը Չինաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, քանի որ Պեկինն աջակցում է Ադրբեջանի ՇՀԿ անդամակցության գործընթացին։ «Այնուամենայնիվ, Չինաստանում վերջերս կայացած գագաթնաժողովում Ռուսաստանը և Հնդկաստանը, Ադրբեջանի անդամակցությունը արգելափակելով, նույնպես անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել Չինաստանի նկատմամբ»,- գրում է ադրբեջանական ԶԼՄ-ն։

Ուշագրավ է, որ ՇՀԿ Չինաստանում կայացած գագաթնաժողովը փաստորեն Ադրբեջանի համար մի քանի սկանդալներով է ուղեկցվել։

Կարդացեք նաև

Նախօրեին գրել էինք, որ ըստ Panorama.pub կայքի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Չինաստան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի տոնակատարության առիթով, սկսվել է սկանդալով. Պեկինի համալսարանի ուսանողները հրաժարվել էին լսել նրա ելույթը, մինչև Ալիևը հրապարակավ ներողություն չխնդրի Խորհրդային Միությանը զրպարտելու համար։

«Մենք հիշում ենք ԽՍՀՄ-ի և անձամբ ընկեր Ստալինի, Բրեժնևի և Գրոմիկոյի դերը միլիտարիստական ​​Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակում: Հետևաբար, մենք չենք հանդուրժի քարանձավային հակակոմունիստի մեր հողի վրա՝ հատկապես այսօր»,- ասել է տեղական կոմերիտական ​​​​խորհրդի ղեկավար Չան Կայշին:

Զուգահեռաբար հաղորդենք նաև, որ ՇՀԿ գագաթնաժողովին ու Հնդկաստանի կողմից ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելկափակմանը զուգահեռ՝ լուրեր տարածվեցին, որ Պակիստանն էլ արգելափակում է ՇՀԿ-ին ՀՀ անդամակցության գործընթացը, չնայած հանգամանքին, որ արգելափակումից առաջ Պեկինում Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։

Տեսանյութեր

Լրահոս