
Եթե Սամվել Կարապետյանը շարունակի լրջորեն մտնել Հայաստանի քաղաքականություն, ապա նա տեսականորեն կարող է նման բևեռ դառնալ․ քաղաքագետ

«Հայաստանի ներքին ու արտաքին կյանքի վրա 2 ազդող հիմնական գործոն կա․ առաջինը՝ դրսի ճնշումը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու հարցով, երկրորդը՝ նախընտրական քարոզարշավը, որը մեկնարկել է նույնիսկ անցյալ տարվա վերջից։ Մնացած գործոնները, այդ թվում՝ եկեղեցու վրա հարձակումները, պայմանավորված են այս 2 իրողությամբ»,- 168․am-ի հետ զրույցում այս պահին առկա քաղաքական իրավիճակին անդրադառնալով՝ նշեց քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Միքայելյանը։
«2 մեծ բևեռի» թեզ է առաջ տարվում․ օբյեկտի՞վ են նման հայտարարությունները՝ մեր հարցին ի պատասխան՝ Հրանտ Միքայելյանը ներկայացրեց այն պատկերը, որն ուրվագծվում է այսօր ներքաղաքական դաշտում բևեռների առումով։
«Խոշոր հաշվով, կարելի է ասել, որ կա 2 բևեռ․ առաջինը՝ արևմտամետ բևեռը, որը վերջերս արդեն դարձել է ծայրահեղ արևմտամետ (ծայրահեղ դառնալը պայմանավորված է դրսի ազդեցությամբ), և երկրորդը՝ բոլոր մնացածները, որոնք ներառում են թե՛ ռուսամետ, թե՛ չեզոք, թե՛ տարբեր դիրքորոշում ունեցող շրջանակները։
«Արևմտամետ» եզրույթի տակ նկատի ունեմ իշխանություններին և նրանց սատելիտներին, որոնք օր ու գիշեր քարոզչություն են տանում, թե Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ հակամարտություն սկսի տարբեր եղանակներով,- մանրամասնեց քաղաքագետը, ապա անդրադառնալով ներընդդիմադիր հատվածում առկա իրավիճակին՝ արձանագրեց, որ դա այդքան էլ բևեռ չէ, այլ ավելի շատ դիմադրություն՝ իշխանության քաղաքականությանը,- Ընդհանուր ընդդիմություն գոյություն չունի։ Վերջին հինգ տարում մի քանի անգամ փորձ է եղել միավորված ընդդիմություն ստեղծել՝ տարբեր ֆորմատներով, սակայն այն ոչ մի անգամ չի աշխատել, որովհետև հայկական քաղաքական դաշտում միասնական աշխատանքի հաջող փորձ և ավանդույթ չկա, և այդ ավանդույթն այդպես էլ չձևավորվեց։ Այսպիսով, մենք ընդդիմադիր դաշտում բևեռ չունենք, բայց մենք ունենք, այսպես ասած, ուղղակի դիմադրություն իշխանությանը։
Բայց եթե Սամվել Կարապետյանը շարունակի լրջորեն մտնել Հայաստանի քաղաքականություն, ապա նա տեսականորեն կարող է նման բևեռ դառնալ, եթե նա, իսկապես, շատ լուրջ է տրամադրված, որովհետև մենք արդեն տեսնում ենք, որ դաշտում որոշակի վերաձևակերպումներ ունենք։ Իսկ մինչ այդ՝ մինչև Սամվել Կարապետյանի ի հայտ գալը, 2021 թվականից մինչև 2025թ. մոտավորապես կեսը Հայաստանի ներքաղաքական դաշտում խոշոր փոփոխություն տեղի չի ունեցել։ Այսինքն՝ առաջին խոշոր փոփոխությունը ներքաղաքական դաշտում Սամվել Կարապետյանի ի հայտ գալն է»;
Հստակեցնող հարցին, թե ամեն դեպքում մինչև ընտրությունները հնարավո՞ր է իրավիճակի փոփոխություն տեսնել, այսինքն՝ երբ իշխանափոխությունը ոչ ընտրական սցենարով գնա, քաղաքագետն արձագանքեց՝ չբացառելով նման ընթացքի տեսական հնարավորությունը։
«Հնարավոր է, բայց այդ պոտենցիալը դեռ չի իրացվել որևէ կերպ։ Այսինքն՝ մենք դաշտում ունենք մի քանի թրիգերներ, որոնցից յուրաքանչյուրն էլ բավարար էր, որպեսզի փողոցային լրջագույն ընդվզումներ սկսվեին։ Դրանք են՝ «խաղաղության պայմանագիր» և «Զանգեզուրի միջանցք» թեման, Եկեղեցու դեմ հարձակումները, նաև՝ քաղաքական ռեպրեսիաները Հայաստանի ներքին դաշտում։
Այսպիսով, այս 3-ը, կարելի է ասել, բավականին լուրջ թեմաներ են, որոնք, հնարավոր է՝ թրիգեր դառնան, եթե ընդդիմադիր ուժերը կարողանան և ցանկանան դրանք օգտագործել։ Չեն կարողանում, որովհետև անկազմակերպ շարժումները չեն կարող լինել արդյունավետ»,- ամփոփեց Հրանտ Միքայելյանը։
Հիշեցնենք, որ 5-րդ ալիքին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ քաղաքական դաշտում կա 2 մեծ միավոր՝ մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական ուժը, որի ծավալները դժվար է հիմա կանխատեսել։ Ըստ 2-րդ նախագահի՝ Սամվել Կարապետյանն ունի բոլոր հնարավորությունները քաղաքական դաշտ մտնելու համար։