«Սյունիքի դարպասները բացելու» քարոզի փոխարեն ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն հայտարարում, թե Ադրբեջանը միջանցք է պահանջում

Վերջին շրջանում Հարավային Կովկասում ծավալվող աշխարհաքաղաքական բոլոր քննարկումները հանգում են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին ու այդ մարզով նախատեսվող երթուղուն, որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի հետ։ Նախագիծ, որը ՀՀ իշխանություններն անվանում են «Խաղաղության խաչմերուկի» մաս, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»։

Եվ չնայած այդ «միջանցք» որակման հանդեպ հայ ժողովրդի զգայուն վերաբերմունքին, թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները չեն հրաժարվում հենց այդ տերմինի կիրառությունից։ Եվ թեև ժամանակ առ ժամանակ ՀՀ իշխանությունները փորձում են նաև բացատրել, որ դա միջազգայնորեն ընդունված տերմին է, և որ «Հյուսիս-Հարավ» նախագծի պաշտոնական անվանման մեջ ևս կա «միջանցք» բառը, ադրբեջանաթուրքական, իրանական մեդիատիրույթից եկող հրապարակումները, հայտարարություններն այլ բանի մասին են խոսում։

Մինչ օրեր շարունակ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» անթույլատրելիության մասին, այս թեմայով իր մասին հիշեցրեց նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով օրերս Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում աղմկահարույց դիտարկումներ արեց։

Նրա հայտարարությունը լայն քննարկումների ու քննադատության թիրախ դարձավ հայաստանյան սոցցանցային հարթակներում՝ այն որակվելով, որպես ադրբեջանական, հակապետական, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ներն այն «հավուր պատշաճի» ընդունեցին, համարելով դրական ժեստ ՀՀ-ի կողմից։

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ Խաչատուրյանն ասել էր, որ Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասն է դառնալու, ըստ էության Հայաստանի հետագա զարգացման ներուժը կապելով այն նախագծի ու երթուղու հետ, որն առաջ է մղում Ադրբեջանի Հանրապետությունը։

Նա մասնավորապես ասել էր՝ եթե կարողանանք «Սյունիքի դարպասները բացել, ուրեմն իսկապես ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու»։

Ամենայն հավանականությամբ, մտահոգվելով Խաչատուրյանի արտահայտած մտքերի հանրային արձագանքից՝ այսօր հաղորդագրություն տարածեց Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, փորձելով պարզաբանել, թե ինչ նկատի ունեն ՀՀ իշխանությունները՝ ասելով արտապատվիրակել։

Փաշինյանի խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։

Նրա փոխանցմամբ՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել։

«Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես-կառավարումը կարող է։ Ի դեպ, ավտոճանապարհների սպասարկումը, կառավարումը Հայաստանում այսօր ու միշտ էլ արտապատվիրակվում է մասնավոր ընկերությունների։ Այլ բան, թե ով ինչ որակով է իրականացնում այդ կառավարումը։ Բայց սա քննարկվող թեմայի հետ կապ չունի», – նշել է Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ «հայաստանյան ԶԼՄ-ներում որոշակի շփոթ կա տարածաշրջանի տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման թեմայով ՀՀ դիրքորոշումների վերաբերյալ, եւ լրատվամիջոցները հակասություններ են տեսնում հայաստանյան պաշտոնյաների հայտարարություններում»։

Շփոթ, մտահոգություններ, կասկածներ, իհարկե, կան, երբ հանրությանը տեղեկատվությունը տրվում է ընդհանուր սկզբունքներով, արվում են բազմաթիվ հայտարարություններ, այդ թվում «միջանցք» որակման հանրային սուր ընկալումը մեղմելու ուղղությամբ՝ այն դեպքում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը «միջանցք» բառի ներքո նկատի ունի հենց միջանցք երևույթը։

10 օր առաջ էր, երբ օկուպացված Ստեփանակերտում օտարերկրյա փորձագետների ու լրագրողների հետ հանդիպմանն Ալիևը հայտարարեց, թե Հայաստանը պետք է «անխոչընդոտ ու անվտանգ մուտք ապահովի Ադրբեջանից՝ Ադրբեջան», զուգահեռաբար պարզաբանելով, թե ինչ է հասկանում դրա տակ։

«Ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը տեսնեն։ Ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված անվտանգության միջոցներ, որպեսզի մեր ժողովուրդը և բեռները ազատորեն անցնեն»,- թվարկել էր նա՝ հավելելով՝ այս պահանջը կրկնել է նաև Աբու Դաբիում կայացած վերջին հանդիպման ժամանակ։

Հատկանշականն այն է, որ Ալիևը չափազանց անկեղծ ու բաց է իր ցանկություններում ու ձևակերպումներում և այն, ինչից խոսում է Ադրբեջանի ղեկավարը, նշանակում է հենց միջանցք։ Սակայն վերադառնալով Աբու Դաբիից՝ Փաշինյանը Երևանում տված ասուլիսի ընթացքում սկսեց խոսել «միջանցք» տերմինի միջազգային ընկալումների մասին՝ այդպես էլ հանրության համար հստակ չձևակերպելով Ադրբեջանի պահանջը։

Ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը հայտարարել էր, թե իրենք ցանկանում են արագացնել կարգավորման գործընթացը։ «Եթե կայուն խաղաղության համաձայնագիր ստորագրվի կամ նախաստորագրվի, և «Զանգեզուրի» միջանցքի վերաբերյալ պայմանները կատարվեն, թուրք-հայկական սահմանը կարող է բացվել ճիշտ ժամանակին՝ Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքում։ Սա կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա կարգավորման գործընթացը»,- ասել է թուրք դեսպանը՝ ըստ էության ուղիղ տեքստով ասելով, որ Թուրքիան և Ադրբեջանը պահանջներ են դնում Հայաստանի առջև։

Նշել, որ Ալիևի վերոնշալ հայտարարությանտը դարձյալ արձագանքել էր Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, թե Ալիևի նշածն անհնար է։

Սակայն նման հայտարարությունները չեն փարատում հանրության շրջանում առկա մտահոգությունները, քանի որ ՀՀ իշխանության քայլերի, հայտարարությունների նկատմամբ վաղուց արդեն հանրային վստահություն չկա։

Դա է փաստում նաև հետևյալ հանգամանքը՝ այն փուլում, երբ ՌԴ-ն դեռևս դուրս չէր մղվել Երևան-Բաքու կարգավորման գործընթացից, իշխանամերձ, արևմտամետ քարոզչական շրջանակները սինխրոն պնդում էին, թե Ռուսաստանը Հայաստանից միջանցք է պահանջում, թեև ՌԴ-ն այն պաշտոնապես հերքում էր և հստակ հայտարարություններ անում։

Ներկայումս երբ ՌԴ-ն ամբողջությամբ դուրս է եկել բանակցային բոլոր ուղղություններից, իսկ Ադրբեջանից միջանցքի պահանջներ են հնչում, այդ քարոզչական շրջանակները, իշխանությունն ամենաբարձր մակարդակով հստակ չի ձևակերպում այն, որ Ադրբեջանը Հայաստանից միջանցք է պահանջում՝ դրա դեմ քարոզչական լայն արշավ կազմակերպելով։

Երևույթներն իրենց իրական անուններով տալու փոխարեն, ՀՀ իշխանությունները «Սյունիքի դարպասները բացելու» քարոզ է իրականացնում։

Տեսանյութեր

Լրահոս