Իրան-ԱՄՆ նոր էսկալացիայի ստվերը. Ի՞նչ է սպասվում Հարավային Կովկասին

Չինաստան այցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերսկսեց սպառնալիքներն՝ ուղղված Իրանի Իսլամական Հանրապետությանը: Մինչ Չինաստանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփի չինական այցից հետո, և մինչ Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռյակը փորձում է աշխարհաքաղաքական նոր դիրքավորումների հանգել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Միացյալ Նահանգներն առաջիկա օրերին կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին, եթե դիվանագիտական ջանքերը չհանգեցնեն Թեհրանի հետ համաձայնության:

Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդներն իրեն խնդրել են հետաձգել հարձակումը՝ պնդելով, թե կկնքվի համաձայնագիր, որը «շատ ընդունելի» կլինի ԱՄՆ-ի համար: Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ Իրանի դեմ նոր հարձակում արտոնելուն մեկ ժամ էր մնում, երբ նա որոշեց հետաձգել այն։

Հարցին, թե որքա՞ն ժամանակ է տալիս Իրանին՝ համաձայնության հասնելու համար, նախագահը պատասխանել է՝ «երկու կամ երեք օր»։ «Գուցե ուրբաթ, շաբաթ, կիրակի, գուցե գալիք շաբաթասկիզբ»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ժամանակը սահմանափակ է, քանի որ «չենք կարող թույլ տալ, որ նրանք [Իրանը] միջուկային զենք ունենան»։ «Հուսով եմ՝ մենք պատերազմ չենք սկսի, բայց գուցե ստիպված լինենք նրանց ևս մեկ մեծ հարված հասցնել։ Դեռ վստահ չեմ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է նախագահ Թրամփը:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել է, որ երկրի բանակը գտնվում է մարտական բարձր պատրաստվածության վիճակում, և Միացյալ Նահանգներն այնպիսի գործարք չի կնքի Իրանի հետ, որը երկրին թույլ կտա միջուկային զենք ունենալ։ Վենսի պնդմամբ՝ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը տարածաշրջանը կներքաշի սպառազինության մրցավազքի մեջ, ինչն աշխարհը պակաս անվտանգ կդարձնի։ Փոխնախագահ Վենսը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը շարունակում է ջանքեր գործադրել Թեհրանի հետ գործարքի կնքման ուղղությամբ՝ հավելելով, սակայն, որ «տանգո պարելու համար երկու հոգի է պետք»։

Կարդացեք նաև

Անդրադառնալով ԱՄՆ-Իրան ընդհատվող բանակցություններին՝ Վենսը խոսել է «մեծ առաջընթացի» մասին՝ ավելացնելով, որ Վաշինգտոնի կարծիքով՝ Թեհրանը նույնպես ցանկանում է գործարքի գնալ։ Փոխնախագահն ընդգծել է, որ «ԱՄՆ նպատակներին հասնելու համար» ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը պահպանվում է, միևնույն ժամանակ հավելել, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում դա։

Իրանական «Fars» պետական գործակալությունը մայիսի 17-ին հրապարակել է ԱՄՆ հինգ պահանջների ցուցակը, որոնք, ինչպես պնդում են, Վաշինգտոնը ներկայացրել է Թեհրանին՝ խաղաղ բանակցությունների երկրորդ փուլից առաջ։

Ըստ «Fars»-ի տվյալների՝ Վաշինգտոնը հրաժարվում է որևէ փոխհատուցում վճարել Թեհրանին այն վնասների համար, որոնք հասցվել են փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված պատերազմի ընթացքում։ ԱՄՆ-ը նաև մտադիր է Իրանից դուրս բերել 400 կգ հարստացված ուրան և համաձայն է այդ երկրում միայն մեկ միջուկային օբյեկտների համալիրի գործարկմանը։ Բացի այդ, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համաձայն չէ Իրանի սառեցված ակտիվների «նույնիսկ 25%-ի» ապասառեցմանը, իսկ պատերազմի դադարեցումն ուղղակիորեն կապում է բանակցությունների ընթացքի հետ։

Իրանի իշխանությունների կարծիքով՝ նման պայմաններ առաջադրելով՝ ԱՄՆ-ը փորձում է հասնել այն նպատակներին, որոնց չի հաջողվել հասնել պատերազմի ընթացքում։ Նրանք նաև մատնանշում են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից «ագրեսիայի սպառնալիքը» կպահպանվի նույնիսկ ներկայացված պահանջները կատարելու դեպքում։ Այս կապակցությամբ Իրանի իշխանությունների կողմից հովանավորվող «Mehr» գործակալությունը հայտնել է բանակցություններում տիրող «փակուղու» մասին։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ զգուշացրել է՝ եթե Միացյալ Նահանգները և Իսրայելը վերսկսեն հարձակումներն Իրանի դեմ, ապա Մերձավոր Արևելքի պատերազմը կտարածվի տարածաշրջանից դուրս: «Եթե Իրանի դեմ ագրեսիան կրկնվի, խոստացված տարածաշրջանային պատերազմն այս անգամ կտարածվի տարածաշրջանից շատ ավելի հեռու, և մեր ավերիչ հարվածները կջախջախեն ձեզ»,- ասվում է Sepah News կայքում հրապարակված Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունում:

Այս նախազգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե առաջիկա օրերին երկարաժամկետ կարգավորման վերաբերյալ համաձայնագիր չկնքվի։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում գրել է, որ «պատերազմին վերադառնալը կբերի շատ ավելի շատ անակնկալներ»։

Իրանական լրատվական աղբյուրները հաղորդում են, որ Պակիստանի ներքին գործերի նախարարը մեկնում է Թեհրան՝ իրանցի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել էր, որ պակիստանյան միջնորդությամբ բանակցությունների գործընթացը շարունակվում է։ Reuters-ն էլ գրել էր, որ Պակիստանը Միացյալ Նահանգներին է փոխանցել Իրանի կողմից վերանայված առաջարկը՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ:

Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարած այցից անմիջապես հետո իրանական օրակարգի վերակենդանացումն ու հռետորաբանության կտրուկ խստացումը պատահականություն համարել չի կարելի։ Պեկինում կայացած բանակցությունները, նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, Սպիտակ տանը հստակություն են տվել առանցքային հարցում. Չինաստանը, չնայած Թեհրանի հետ իր տնտեսական խորը կապերին, պատրաստ չէ գնալ Վաշինգտոնի հետ գլոբալ դիմակայության՝ հանուն Իրանի փրկության։

Վերլուծաբանը գտնում է, որ ԱՄՆ-ի կողմից առաջադրված հինգ կոշտ պահանջները, ներառյալ՝ հարստացված ուրանի արտահանումն ու ֆինանսական ակտիվների սառեցման պահպանումը, փաստում են, որ Վաշինգտոնը մտադիր է պատերազմի արդյունքները կապիտալիզացնել բացարձակ կապիտուլյացիոն պայմանագրով:

«Թրամփի սահմանած «երկու-երեք օրվա» վերջնագիրը ոչ այլ ինչ է, քան հոգեբանական գրոհ Իրանի քաղաքական ղեկավարության վրա։ Իրանը դա չի ընդունելու: Հնարավոր սցենարներից է կետային հարվածների վերսկսումն Իրանի նկատմամբ, եթե պակիստանյան միջնորդությունը ձախողվի։ ԻՀՊԿ նախազգուշացումն առ այն, որ պատերազմը դուրս կգա տարածաշրջանի սահմաններից, ցույց է տալիս, որ Թեհրանը պատրաստ է գնալ «ասիմետրիկ էսկալացիայի»՝ հարվածի տակ դնելով ԱՄՆ-ի դաշնակիցներին և էներգետիկ հանգույցները Պարսից ծոցում»,- ասաց վերլուծաբանը:

Նա գտնում է, որ այս աշխարհաքաղաքական ցնցումների համատեքստում Հարավային Կովկասը հայտնվում է ուղիղ հարվածի տակ, քանի որ տարածաշրջանը սահմանակից է Իրանին և ունի կենսական նշանակություն բոլոր կողմերի համար: Իրանի դեմ ռազմական գործողությունների նոր փուլը կարող է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում քաղաքական և այլ առումներով:

Բացի այդ, Իրան-ԱՄՆ պատերազմի թեժացումը կարող է անդրադառնալ նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի վրա՝ մեծացնելով Արևմուտքի և Իսրայելի ազդեցությունը տարածաշրջանում, ինչն էլ իր հերթին՝ կստիպի Ռուսաստանին՝ չնայած վերջինիս ներկայիս զբաղվածությանը, գնալ կտրուկ հակաքայլերի Հարավային Կովկասում սեփական դիրքերը չկորցնելու համար: Այս թեժացումը կհետաձգի նաև ԱՄՆ-ի միջնորդությամբ որոշ պրոյեկտներ Հարավային Կովկասում:

Ի վերջո, իրադարձությունների հետագա զարգացումը կախված է նրանից, թե որքանո՞վ արդյունավետ կգտնվի Պակիստանի միջնորդական առաքելությունը և արդյո՞ք Իրանի վերանայված առաջարկը կպարունակի այնպիսի զիջումներ, որոնք Թրամփը կկարողանա ներկայացնել՝ որպես սեփական «մեծ հաղթանակ»:

Ջեյ Դի Վենսի վերջին հայտարարությունը հուշում է, որ Վաշինգտոնում դեռևս բաց են թողնում դիվանագիտական հետդարձի ճանապարհը՝ կողմերը կարող են հասնել ժամանակավոր տակտիկական հրադադարի, սակայն հակամարտության խորքային պատճառները և ԱՄՆ-Իսրայել առանցքի ռազմավարական նպատակը՝ թույլ չտալ Իրանին դառնալ միջուկային տերություն, երկարաժամկետ հեռանկարում պահպանելու են իրավիճակի ռիսկայնությունը»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031