Սա ճակատամարտ է… Նիկոլ ընտրել՝ նշանակում է Հայաստանի վերջը. Մարինե Պետրոսյան
Եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը նորից ընտրվի, մենք Հայաստանն ենք կորցնելու, և դա շատ իրական վտանգ է։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը՝ կոչ անելով մարդկանց ամենակարևորը՝ հունիսի 7-ին գնալ ընտրության և ընտրել ընդդիմադիր այն ուժերից մեկին, որոնք իրական շանսեր ունեն հաղթելու։
«Ընդդիմության հաղթանակը շատ իրական է՝ ասեմ Ձեզ։ Մենք 2021 թվականի ընտրությունների դառը փորձն ունենք։ Մենք այն ժամանակ մեղք գործեցինք. ես չեմ ընտրել, բայց եթե ժողովուրդն է ընտրել, ես ասում եմ՝ մենք։ Եթե մենք 2021-ին նորից Նիկոլ չընտրեինք, Արցախը հավանաբար կորցրած չէինք լինի, բայց եթե հանկարծ այս անգամ էլ նորից Նիկոլն ընտրվի, մենք Հայաստանն ենք կորցնելու։ Դա շատ իրական վտանգ է, դա ինչ-որ չափազանցություն չէ»,- ասաց Մարինե Պետրոսյանը։

Բանաստեղծն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նախորդ օրն արցախցուն ադրբեջանական նարատիվները կրկնելու համար մեղադրող Նիկոլ Փաշինյանը երեկ ինքն էր Սպիտակում քարոզարշավի ժամանակ բացահայտորեն կրկնում ադրբեջանական նարատիվները՝ հայտարարելով հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90 տոկոս հայ է, նախկինում երբեք 90 տոկոսը հայություն չի եղել»։
Մարինե Պետրոսյանն այս խոսքի տողատակում ադրբեջանական գիծն առաջ տանելու շատ հստակ վտանգ է տեսնում. «Դա Ադրբեջանի ծրագիրն է։ Դա չի կարող պատահականություն լինել։ Նա Ադրբեջանի գիծն է առաջ տանում։ Սա ի՞նչ է նշանակում։ Ես չգիտեմ պատճառը՝ վախեցրել են, շահագրգռել են, թե ինչ են արել։ Ես «ներքին խոհանոցը» չգիտեմ, բայց փաստ է, դրա համար ասում եմ՝ Նիկոլ ընտրել՝ նշանակում է Հայաստանի վերջը, Հայաստանը փաստացի լուծարել։ Ասում են՝ մի չափազանցրու։ Չեմ չափազանցնում։
Եթե դու առաջ ես տանում այդ թեզը, որ այս տարածքներում ադրբեջանցիներ են ապրել, դա Ադրբեջանի կենտրոնական թեզն է, և եթե նորից Հայաստանի վարչապետ ընտրվել ցանկացողն այդ թեզն է առաջ քաշում, նշանակում է՝ ինքն Ադրբեջանի օրակարգն է սպասարկում։ Նիկոլ Փաշինյանը ծրագիր է իրագործում»։
Որպես 1988-ի Արցախյան շարժման ակտիվ մասնակից՝ Մարինե Պետրոսյանը նաև պատասխանեց Արցախի հարցի պատմությունը կեղծելու փաշինյանական փորձերին. «Նա խորամանկ մի սուտ է օգտագործում դրա համար՝ Հայաստանի անկախությունը հակադրում է Ղարաբաղյան շարժմանը։ Դա ամենամեծ սուտն է… Արցախյան շարժումը նվաստացումից դուրս գալու փորձ էր, որը հաջողվեց։ Դու հիմքից քանդում ես Հայաստանի անկախությունը, Հայաստանի Հանրապետությունը»։

Մարինե Պետրոսյանի խոսքով՝ հայ հասարակությունը՝ ժողովուրդն, այսօր հոգեբանական հարձակման տակ է, և տեղեկատվական պատերազմի և մեդիատեռորի այս պայմաններում ժողովրդի համար չափազանց դժվար է ճիշտ կողմնորոշվելը։
«Եկեք պոզիտիվի վրա կենտրոնանանք։ Եթե մենք կարողացանք հեռացնել Նիկոլ Փաշինյանին այս ընտրություններում, և նոր մի բան սկսվի, ինչքան ոգևորություն կառաջանա, և նոր մի էջ կբացվի։ Դա իսկապես դժվար գործ է, բայց իրագործելի է։ Մենք պետք է գիտակցենք, որ սա սովորական ընտրություն չէ, սա մեծ փորձություն է։ Մենք պատերազմում պարտվեցինք, Արցախը կորցրեցինք, բայց սա մի հնարավորություն է… Սա, իհարկե, պատերազմ չէ, բայց պատերազմի նման մի բան է։ Սա բարոյական փորձություն է։ Ինձ համար սա բարոյական դաշտում է։
Սա հարձակում է մեզ վրա. փորձում են մանիպուլացնել մեզ։ Եթե կարողանանք դիմանալ դրան և կարողանանք հաղթել այս ընտրություններում, հայ ազգը ցույց տա, որ իր ողնաշարը կոտրված չէ, դրանից հետո մեր առաջ ճանապարհ կբացվի։ Սա բարոյական հաղթանակ կարող է լինել մեզ համար։ Եկեք տանենք այդ հաղթանակը, որովհետև պարտությունը լավ բան չէ։ Սա մեզ համար ճակատամարտ է բարոյական դաշտում»,- հավելեց բանաստեղծը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



