Թուրքիա-Հնդկաստան. օտարման և հնարավոր մերձեցման գործոններ

Երբ անցյալ տարի Անկարայում իրենց վերլուծական կենտրոններից մեկն առաջին անգամ անցկացրեց Թուրքիայի և Հնդկաստանի հարաբերություններին նվիրված համաժողով, որը հավաքել էր փորձագետներ և պաշտոնյաներ երկու երկրներից, տրամադրությունը լավատեսական էր:

Երկու երկրների պաշտոնյաներն անդրադարձել են պատմությանը՝ հիշեցնելով Հնդկաստանի աջակցությունը Թուրքիային անկախության պատերազմի ժամանակ և մատնանշելով երկու լեզուներում ընդհանուր բառերի առկայությունը, ինչպիսիք են՝ hava (օդ) և kısmet (ճակատագիր):

Համաժողովի նպատակն էր ամրապնդել երկկողմ հարաբերությունները, որոնք զարգանում են բավականին անհավասարաչափ:

Որպես զարգացող տնտեսություններ և աճող տերություններ՝ այս երկրներն ընդլայնել են երկկողմ առևտուրը՝ չնայած իրենց առաջնորդների դիրքորոշման պատճառով քաղաքական հարաբերությունների սառնությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի սերտ կապերը մուսուլմանական աշխարհի և Պակիստանի հետ, մեղմ ասած, վատ են համադրվում վարչապետներ Նարենդրա Մոդիի և Բենիամին Նեթանյահուի կողմից առաջ մղվող Հնդկաստան-Իսրայել խորացված գործընկերությանը:

Կարդացեք նաև

Ըստ տեղեկությունների՝ կոնֆերանսն այնքան հաջող է անցել, որ, ըստ մի քանի աղբյուրների, Իսլամաբադում տագնապ է առաջացել, սակայն հետո կարճ ժամանակում ամեն ինչ փոխվել է: Քաշմիրում ապրիլյան ահաբեկչությունը, որը 26 մարդու կյանք խլեց, և դրան հաջորդած հնդկա-պակիստանյան բախումները ստիպեցին Անկարային ընտրություն կատարել, որը միանգամայն կանխատեսելի էր:

Այն բանից հետո, երբ Անկարան բանավոր աջակցեց Պակիստանին՝ հնդկական «Սինդուր» գործողությանը դիմակայելու հարցում, որի թիրախը Քաշմիրի պակիստանյան հատվածում ամրացած արմատական խմբավորումների հետ ենթադրաբար կապված օբյեկտներն էին, հնդկա-թուրքական հարաբերություններում լարվածությունը սկսեց աճել։

Հնդկական լրատվամիջոցները սկսեցին Թուրքիային ներկայացնել որպես թշնամի՝ մեղադրելով նրան Իսլամաբադ ռազմական տեխնիկա և լրացուցիչ ուժեր ուղարկելու մեջ: Պաշտոնական Անկարայի խոսքով՝ լրացուցիչ օգնություն չի քննարկվել, և երկու երկրների միջև երկարատև պաշտպանական կապերը լավ փաստագրված են: Թուրքիան և Պակիստանը տասնամյակներ շարունակ աջակցել են ռազմական գործընկերությանը և միմյանց համարում են ռազմավարական դաշնակիցներ:

«Սովորական միջոցառումները, ինչպիսիք են նավահանգիստների մուտքերը և բեռնափոխադրումները, սխալ են մեկնաբանվել՝ որպես լրացուցիչ կամ նոր առաքումներ»,- բացատրում է իրավիճակին ծանոթ թուրք պաշտոնյաներից մեկը: Անկարան կոչ է արել համատեղ հետաքննություն անցկացնել Քաշմիրի վրա հարձակման հետ կապված փաստերը պարզելու համար, ինչպես նաև համերաշխություն է հայտնել պակիստանցի «եղբայրներին»:

Քանի որ հնդկական ԶԼՄ-ներում ավելի ու ավելի շատ նյութեր էին հայտնվում Թուրքիայի հասցեին քննադատությամբ, ուժ էին ստանում «զբոսաշրջային բոյկոտը» և թուրքական ընկերությունների դեմ արշավները։

Նյու Դելիում չեղյալ են հայտարարել թուրքական Celebi Airport Services India ընկերության աշխատանքի թույլտվությունը, որը սպասարկում էր ինն օդանավակայաններ, այդ թվում՝ մայրաքաղաքում, Մումբայում և Բանգալորում՝ վկայակոչելով ազգային անվտանգության նկատառումները: Այնուհետև Air India ավիաընկերությունը հայտարարել է լայնաֆյուզելաժ ինքնաթիռների տեխնիկական սպասարկման հարցում թուրքական Technic ընկերությունից կախվածությունը նվազեցնելու պլանների մասին:

«Սառեցումը» տևեց մոտ մեկ տարի, որին հաջորդեց հարաբերական «տաքացումը»։ Այսպես, ապրիլին հնդիկներն անսպասելիորեն Թուրքիային հրավիրեցին արտաքին քաղաքական խորհրդակցությունների 12-րդ փուլին։ Անկարան հանդիպման է ուղարկել արտաքին գործերի փոխնախարար Բերիս Էքինչիին, որը որպես համանախագահ՝ հանդես է եկել Հնդկաստանի ԱԳՆ-ի (արևմուտքի) քարտուղար Սիբի Ջորջի հետ: Թուրք պաշտոնյաները հայտնել են՝ հանդիպումները շատ լավ են անցել, և երկու կողմերն էլ հետաքրքրություն են հայտնել կառուցողական երկխոսության պահպանման հարցում: «Որոշել ենք կարգավորել երկկողմ հարաբերությունները։

Կարծում ենք՝ երկխոսությունն ավելի լավ է, քան լռությունը, որը խորացնում է տարաձայնություններն ու թյուրիմացությունները: Եվ բանակցությունները հաջող են անցել»,- հաստատում է հնդիկ պաշտոնյաներից մեկը։

Խորհրդակցությունների վերսկսմանը նպաստող գործոններից մեկն անցյալ տարի Թուրքիայի որոշումն էր՝ չարձագանքել հնդիկ խորհրդարանականների որոշ զգացմունքային արտահայտություններին և ավիացիոն ոլորտի ու զբոսաշրջության հետ կապված սահմանափակումներին: «Որոշել ենք չպատասխանել իրավիճակը թուլացնելու համար։ Թող ամեն ինչ ընթանա իր հունով»։

Թուրքիայի մշակույթի նախարարության տվյալներով՝ 2025 թվականին Թուրքիա ժամանող հնդիկ զբոսաշրջիկների թիվը, այդ թվում՝ հարսանիքների և մեղրամիսների համար, 330-ից նվազել է մինչև 250 հազար՝ գրեթե 25 տոկոսով։ Սակայն Հնդկաստանի իշխանությունները կարծում են՝ այս տարի ցուցանիշները կվերականգնվեն, քանի որ լարվածության գագաթնակետը կարծես թե անցել է։ Հնդիկ պաշտոնյաների խոսքով՝ չնայած դիվանագիտական ճգնաժամին, առևտրային կապերը համեմատաբար ամուր են մնացել:

Ըստ թուրքական վիճակագրության՝ 2025 թվականին երկկողմ առևտրի ծավալը կրճատվել է 9-ից մինչև 7,5 մլրդ դոլար, այսինքն՝ 16,7%-ով։ Առևտուրը մեծ մասամբ ձեռնտու է Հնդկաստանին. Թուրքիան ներմուծում է 6 մլրդ դոլարի ապրանք, հիմնականում հումք և կիսաֆաբրիկատներ՝ ներառյալ տեքստիլ, քիմիկատներ, ինչպես նաև ավտոմեքենաների և մեքենաների համար նախատեսված բաղադրիչներ:

Անկարայի աղբյուրների համաձայն՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի սկսվելուց հետո Հնդկաստանը սկսել է ավելի լուրջ մտածել տարանցիկ երթուղիների հուսալիության մասին: Ավելի վաղ՝ 2023 թվականին, Մոդիի կառավարությունն առաջարկել էր Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի (IMEC) հայեցակարգը, որը ծովով կանցներ դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ, ապա՝ ցամաքով՝ Սաուդյան Արաբիա, Հորդանան և Իսրայել: Անկարան այս նախագիծը դիտարկել է՝ որպես Թուրքիան շրջանցելու փորձ, և աջակցել է մրցակից իրաքյան առաջարկին («Զարգացման ուղի»): 2023 թվականից ի վեր IMEC նախագիծը սպառնալիքի տակ է, քանի որ ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի միջև լարվածությունը մեծացել է, մասնավորապես՝ Եմենում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:

Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման երկար սպասված համաձայնագիրը նույնպես սառեցվել է Գազայի պատերազմի և տարածաշրջանում ընդհանուր լարվածության պատճառով: Միևնույն ժամանակ, եթե հավատանք վերջին արտահոսքերին՝ Բենիամին Նեթանյահուն որոշ ժամանակ առաջ այցելել է ԱՄԷ, իսկ մայիսին պաշտոնական այց է կատարել Նարենդրա Մոդին:

Հայտնի է՝ Թուրքիան իրեն ներկայացնում է՝ որպես «Միջին միջանցքի» առանցքային մասնակիցներից մեկը, որը կապում է Արևելյան Ասիան Եվրոպային Կասպից և Կովկասյան պետությունների միջոցով։ Հնդկաստանի պաշտոնյաները հայտնել են, որ հետաքրքրված են կապերի հաստատման նոր նախագծերով, այդ թվում՝ այս հավակնոտ ծրագրի շրջանակներում՝ ձգտելով դիվերսիֆիկացնել առևտրային երթուղիները:

Թուրքիան պաշտպանում է Քաշմիրի հարցով Պակիստանի դիրքորոշումը՝ պնդելով, որ մուսուլմանական մեծամասնություն ունեցող տարածաշրջանում Հնդկաստանի վերահսկողությունն անօրինական է, և քաշմիրցիները պետք է հանրաքվեով որոշեն իրենց ապագան։ Թեև 2024 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Էրդողանը չհիշատակեց հարցը, ինչը խորհրդանշական ժեստ էր Հնդկաստանին, անցյալ տարվա ճգնաժամից հետո նա ընդգծել է Քաշմիրի հարցի լուծումը ՄԱԿ-ի բանաձևերի և քաշմիրցիների ձգտումների հիման վրա։

Հնդիկ պաշտոնյաների կարծիքով՝ եթե Անկարայում մեղմացնեին հրապարակային դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ՝ ավելի հավասարակշռված, դիվանագիտական մոտեցում որդեգրելով, դա կարող էր նպաստել երկխոսության ակտիվացմանը: Ներկայումս դիտարկվում է ավելի բարձր մակարդակով այցերի փոխանակման հնարավորությունը, սակայն մինչև ամբողջական կարգավորումը դեռ երկար և փշոտ ճանապարհ կա անցնելու:

Ալեքսանդր Գրիգորև

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

vpoanalytics.com

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031